Գալուզինն ու Արսենյանը քննարկել են Մոսկվայի և Երևանի հարաբերությունների հեռանկարները

Մոսկվան ու Երևանը պատրաստ են շարունակել ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարների շուրջ առարկայական քննարկումները։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ ամփոփելով ՌԴ փոխնախարար Միխայիլ Գալուզինի և Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հանդիպման արդյունքները։
Ըստ ռուսական դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հրատապ հարցերի, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում Մոսկվայի ու Երևանի փոխգործակցության շուրջ։
ՌԴ ԱԳՆ-ն առանձնահատուկ ընդգծել է միջպետական երկխոսության շրջանակում երկու երկրների միջև կապերի զարգացման հեռանկարները հետագայում ևս բովանդակային քննարկման ենթարկելու երկուստեք պատրաստակամությունը։
Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն այժմ, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ այդ հարաբերությունները «անխուսափելիորեն փոխվելու են» և չեն կարող նախկինի պես լինել։
2026-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և դրանից հետո Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ սկսեց կիրառել տնտեսական ճնշումներ՝ հերթով սահմանափակելով հայկական ապրանքների մուտքը իր շուկա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարբեր առիթներով ընդգծել է Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։
Երևանն ու Մոսկվան ընդհանուր հայտարարի չեն գալիս նաև Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման հարցում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է երկաթգծի կառավարումը Ռուսաստանից վերցնել ու հանձնել երրորդ կողմի, որն ընդունելի է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար։
Տարաձայնություն է սկսվել նաև Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման շուրջ։ Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե պատրաստ են Հայաստանից հանել 102-րդ ռազմաբազան, եթե Հայաստանը համարի, որ այն պետք չէ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ի պատասխան հայտարարել է, որ Հայաստանը չի առարկի, եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել հանրապետության տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազան։
Տեղադրություն
Կազմակերպություն











