Տեսչական մարմինը հորդորում է «Զվարթնոցում» օգտվել բացառապես լիցենզավորված տաքսիներից

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է «Զվարթնոց» օդանավակայանում օգտվել բացառապես օդանավակայանի տարածքում՝ տաքսու պաշտոնական կայանատեղից գործող լիցենզավորված տաքսիներին։
Տեսչական մարմից հիշեցնում են, որ օդանավակայանում տաքսի ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան լիցենզիա։
Լիցենզավորված տրանսպորտային միջոցների համար պարտադիր պայմաններն են՝
մինչև յոթ տարվա արտադրության,
սպիտակ հիմնագույնի,
գործարանային վառելիքային համակարգով շահագործվող
«Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորում
սակաչափիչ ունեցող ավտոմոբիլների շահագործումը։
Տեսչական մարմինը հորդորում է խուսափել օդանավակայանի տարածքում կամ հարակից հատվածներում պատահական անձանց կողմից առաջարկվող տաքսի ծառայություններից, քանի որ վերջիններիս գործունեությունը կարող է չհամապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին։
«Ուղևորների անվտանգության, հարմարավետության և սպասարկման պատշաճ որակի ապահովման նպատակով անհրաժեշտ է օգտվել միայն պաշտոնական կայանատեղից ուղևորափոխադրումներ իրականացնող և համապատասխան լիցենզիա ունեցող տաքսի ծառայություններից»,- ասված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։
Տեսչական մարմինը՝ Ոստիկանության հետ համատեղ, շարունակաբար իրականացնում է խստացված վերահսկողական գործառույթներ օդանավակայանի տարածքում՝ լիցենզավորման պահանջների պահպանման նկատմամբ։
Կազմակերպություն
Տեղադրություն










