ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են N զորամաս՝ զինծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնության ահազանգով

Զինծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ ստացված ահազանգից հետո Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ներկայացուցիչներ են այցելել Պաշտպանության նախարարության N զորամաս, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել զինծառայողների հետ, այդ թվում՝ այն զինծառայողի, որի նկատմամբ ենթադրյալ բռնության, վատ վերաբերմունքի վերաբերյալ ստացվել էր ահազանգը։ Առանձնազրույցների բովանդակությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման։
«Դեպքի հանգամանքների և զինծառայողի իրավունքների ապահովմանն առնչվող հարցերի ուսումնասիրությունը շարունակվում է։ Հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է, իսկ նման դեպքերի վերաբերյալ յուրաքանչյուր տեղեկություն պետք է արժանանա պատշաճ արձագանքի և հանգամանքների բազմակողմանի քննության»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ։
Մարդու իրավունքների պաշտպանը համանման յուրաքանչյուր դեպքով պահանջում է իրավասու մարմիններից իրականացնել ինչպես պատշաճ ներքին ուսումնասիրություն, այնպես էլ հիմքերի առկայության դեպքում` քրեական վարույթի շրջանակում գործի բազմակողմանի, արդյունավետ և պատշաճ քննություն:
«Վատ վերաբերմունքի դեպքերի կանխարգելման տեսանկյունից բացառիկ կարևորություն ունեն դեպքերի պատշաճ քննությունն ու պատասխանատվության անխուսափելիությունը, և այդ ուղղությամբ պետությունը պետք է իրականացնի անհրաժեշտ ու բավարար քայլեր»,- ասված է հաղորդագրության մեջ:











