Ինչպես արդյունավետորեն խոշորացնել պետական ռազմավարությունները
Հայաստանում սկսել է պետական ռազմավարությունների համակարգի վերակազմավորման գործընթաց, որն առաջին հայացքից կարող է թվալ փաստաթղթերի թվի և կառուցվածքի փոփոխություն։ Սակայն վեց խոշոր ռազմավարությունների ձևավորումը, եթե իրականացվի ամբողջական տրամաբանությամբ, կարող է նշանակել շատ ավելի մեծ փոփոխություն՝ ռազմավարությունների մշակման, առաջնահերթությունների սահմանման, ֆինանսավորման, իրականացման և վերահսկման ամբողջ համակարգի վերափոխում։ Հոդվածը պատրաստելիս հանդիպել ենք վարչապետի աշխատակազմի և փոխվարչապետի գրասենյակի պաշտոնյաների, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների և ռազմավարությունների մշակման գործընթացում ներգրավված խորհրդատուների հետ։ Այդ քննարկումները թույլ են տալիս առանձնացնել գործընթացի մի քանի առանցքային խնդիրներ։
Մասնատվածությունից՝ դեպի միասնական ռազմավարական համակարգ
Ռազմավարությունների մեծ քանակը դեռ չի նշանակում, որ կառավարման համակարգը վատ է աշխատում։ Ամենալուրջ հարցն այն է, որ փաստաթղթերը միմյանց հետ չեն կազմում միասնական համակարգ։
Արդյունավետ ռազմավարական համակարգում պետք է լինի հստակ շղթա՝ ազգային նպատակներից դեպի ոլորտային նպատակներ, չափելի թիրախներ, կոնկրետ գործողություններ և դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ու ինստիտուցիոնալ ռեսուրսներ։
Այս դեպքում խնդիրն ավելի ճիշտ է նկարագրել որպես ռազմավարական համակարգի մասնատվածության խնդիր։ Տարբեր ռազմավարություններ կարող են ունենալ տարբեր կարգավիճակներ, կրկնել միմյանց, ունենալ միմյանցից անկախ առաջնահերթություններ կամ բավարար չափով կապված չլինել պետական բյուջեի և ռեսուրսների հետ։
Հենց այս խնդիրը պետք է լուծի ռազմավարությունների խոշորացումը։
Դրա համար անհրաժեշտ է, առաջին հերթին, ձևավորել սահմանափակ թվով հիմնական ռազմավարական առաջնահերթություններ, որոնց ներքո կդասավորվեն ոլորտային նպատակներն ու գործողությունները։ Երկրորդ՝ այդ նպատակները պետք է կապել բյուջեի, պատասխանատվության և չափելի արդյունքների հետ։
Առաջարկվող մոտեցման կարևոր առանձնահատկությունն այն է, որ ռազմավարությունները պետք է կապվեն միջնաժամկետ ծախսերի ծրագրի և տարեկան բյուջեի հետ։ Այս դեպքում ռազմավարական նպատակը այլևս չի լինի ֆինանսավորման գործընթացից անկախ քաղաքական հայտարարություն։
Ռազմավարական կառավարման աշխատակարգով նախատեսված են վեց հիմնական ուղղություններ՝
անվտանգություն և արտաքին քաղաքականություն,
մարդկային կապիտալ և բարեկեցություն,
տնտեսական փոխակերպում և կայուն զարգացում,
տարածքային և ենթակառուցվածքների զարգացում,
արդարադատության ոլորտի բարեփոխումներ,
հանրային կառավարման բարեփոխումներ։
Այսինքն գործ ունենք ոչ միայն առանձին ոլորտների միավորման մասին։ Մեկ ռազմավարության ներքո կարող են հայտնվել միմյանց հետ կապված բազմաթիվ քաղաքականություններ։ Օրինակ՝ մարդկային կապիտալի և բարեկեցության ռազմավարությունը ներառում է ժողովրդագրությունը, առողջապահությունը, կրթությունը, գիտությունը, մշակույթը, սոցիալական պաշտպանությունը և զբաղվածությունը։ Տնտեսական փոխակերպման և կայուն զարգացման շրջանակում միավորվում են տնտեսության վերափոխումը, բնական ռեսուրսների կառավարումը, նորարարությունը, բարձր տեխնոլոգիաները, առևտուրը, ֆինանսական համակարգը և ներդրումները։
Այս մոտեցումը կարող է հնարավորություն տալ քաղաքականությունները դիտարկել ոչ թե միայն առանձին գերատեսչությունների, այլև ավելի լայն պետական նպատակների շրջանակում։
Պետական համակարգի կարողությունների հարցը
Հայաստանում ռազմավարությունների խոշորացման հետ կապված կարևոր հարցերից մեկն այն է, թե ով պետք է մշակի այդ ռազմավարությունները։
Մի մոտեցման համաձայն՝ ռազմավարությունների մշակումը չպետք է չափազանց մեծ չափով արտապատվիրվի խորհրդատվական կազմակերպություններին։ Պետական համակարգը պետք է կարողանա ինքնուրույն ձևակերպել իր երկարաժամկետ նպատակներն ու դրանց հասնելու ուղիները։
Սա կարևոր է նաև այն պատճառով, որ ռազմավարությունը հետագայում պետք է իրականացնի հենց պետական համակարգը։ Արտաքին խորհրդատուն կարող է ստեղծել բարձրորակ փաստաթուղթ, բայց դրա իրականացումը միևնույն է մնալու է պետական կառույցների վրա։
Մյուս կողմից՝ եթե պետական ապարատը չունի ռազմավարական պլանավորման բավարար մասնագիտական կարողություններ, արտաքին փորձից ամբողջությամբ հրաժարվելը նույնպես կարող է խնդիրներ ստեղծել։ Այդ պատճառով կարևոր են պետական ծառայողների վերապատրաստումը, միասնական մեթոդաբանությունը և մասնագիտական կարողությունների զարգացումը։
Համաշխարհային բանկի կողմից իրականացված վերապատրաստումների նպատակներից մեկը հենց պետական համակարգի մասնագետների կարողությունների զարգացումն է՝ նպատակները, թիրախներն ու միջոցառումները տարբերակելու և արդյունքային շրջանակներ ձևավորելու ուղղությամբ։ Միաժամանակ գործընթացին մասնակցած որոշ փորձագետներ նշել են պետական գերատեսչությունների աշխատակիցների կարողությունների հետ կապված խնդիրներ։
Կա նաև մեկ այլ ռիսկ։ Գերատեսչությունը բնականաբար հակված է ռազմավարության մեջ ներառելու այն գործողությունները, որոնք իր վերահսկողության տակ են և համեմատաբար հեշտ է իրականացնել։ Սակայն ռազմավարության նպատակը միայն ընթացիկ աշխատանքները համակարգելը չէ։ Այն պետք է ձևակերպի նաև այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են ցանկալի արդյունքին հասնելու համար։
Եթե ռազմավարությունը պարզապես հավաքում է արդեն իրականացվող գործողությունները, այն կարող է կորցնել ռազմավարական նշանակությունը և վերածվել գործողությունների ծրագրի։
Նպատակ, բյուջե, իրականացում և վերահսկողություն
Ռազմավարական կառավարման համակարգը պայմանականորեն կարելի է ներկայացնել երեք հաջորդական փուլով՝ նպատակների սահմանում, դրանց համար ռեսուրսների հատկացում և իրականացում՝ չափելի մշտադիտարկմամբ։
Եթե վերջին բաղադրիչը բացակայում է, ռազմավարությունը կարող է շարունակել գոյություն ունենալ նույնիսկ այն դեպքում, երբ դրա նպատակները չեն իրականացվում։
Հայաստանում այդ նպատակով նախատեսվում է նաև կառավարման վահանակի՝ Dashboard-ի կիրառումը։ Այն կարող է մեկ համակարգում ցույց տալ ռազմավարությունների հիմնական ցուցանիշները, պատասխանատուներին և իրականացման ընթացքը։
Սակայն այստեղ ևս կարևոր է ցուցանիշների որակը։ Եթե դրանք չափում են միայն կատարված գործողությունների քանակը, այլ ոչ թե դրանց արդյունքը, համակարգը կարող է ցույց տալ բարձր կատարողական՝ առանց իրական փոփոխության։ Հետևաբար մշտադիտարկման արդյունավետությունը մեծապես կախված է ռազմավարության մշակման փուլում ճիշտ նպատակներ և չափելի ցուցանիշներ սահմանելուց։
Ի՞նչը պետք է որոշի բարեփոխման հաջողությունը
Հայաստանում ընթացող գործընթացը կարելի է դիտարկել ոչ թե որպես ռազմավարությունների թվի կրճատման, այլ ռազմավարական կառավարման համակարգի վերակազմավորման փորձ։ Ռազմավարությունների համակարգը պետք է լինի սահմանափակ, հստակ և տրամաբանված։ Ռազմավարական նպատակները պետք է կապված լինեն միջնաժամկետ ծախսերի ծրագրի և տարեկան բյուջեի հետ։ Յուրաքանչյուր ռազմավարական նպատակի համար պետք է լինեն չափելի ցուցանիշ, պատասխանատու մարմին, անհրաժեշտ ռեսուրս և պարբերական մշտադիտարկում։
Միայն այս երեք մակարդակների համադրության դեպքում ռազմավարությունների խոշորացումը կարող է վերածվել կառավարման համակարգի փոփոխության։ Հակառակ դեպքում վեց խոշոր ռազմավարությունները պարզապես կփոխարինեն բազմաթիվ փոքր ռազմավարություններին՝ առանց փոխելու դրանց հիմնական թերությունները։
Չեխիայի փորձը ցույց է տալիս, որ ռազմավարությունների հիերարխիա ստեղծելը և դրանց թիվը կրճատելը կարող են լինել միայն առաջին քայլը։ Կարևոր է նաև ապահովել դրանց միջև կապը, կենտրոնական կառավարման համակարգման կարողությունը, ֆինանսավորումը, իրականացումը և պարբերական վերանայումը։
Հայաստանյան գործընթացի դեպքում նույնպես առանցքային հարցը ոչ այնքան այն է, թե քանի ռազմավարություն կունենանք, որքան այն, թե ինչպիսի համակարգ կձևավորվի այդ վեց ռազմավարությունների շուրջ։
Ի վերջո, բարեփոխման արդյունավետությունը կարելի է գնահատել չորս պարզ հարցով․
արդյո՞ք կառավարության առաջնահերթությունները դարձել են ավելի հստակ,
արդյո՞ք դրանք արտացոլված են պետական բյուջեում,
արդյո՞ք դրանց իրականացման համար կան կոնկրետ պատասխանատուներ,
արդյո՞ք հնարավոր է չափել դրանց արդյունքը։
Եթե այս հարցերին համակարգը կարողանա դրական պատասխան տալ, ռազմավարությունների խոշորացումը կլինի ոչ թե փաստաթղթերի վերադասավորում, այլ պետական կառավարման համակարգի որակական փոփոխություն։
Եթե ոչ, ապա վեց ռազմավարություններն ուղղակի կփոխարինեն բազմաթիվ փոքր ռազմավարություններին՝ առանց էապես փոխելու այն, թե ինչպես են սահմանվում պետական առաջնահերթությունները, հատկացվում ռեսուրսները և գնահատվում արդյունքները։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք ընթերցել Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի կայքում։










