Թուրքիայում ներդրումային ֆոնդերի սկանդալը հարվածել է բորսային

Թուրքիայում արտասովոր բարձր եկամտաբերություն ցույց տված ներդրումային ֆոնդերից մի քանիսը չեն կարողացել վերադարձնել ներդրողների գումարները։ Իշխանությունները նախաձեռնել են 131 ֆոնդի լուծարում, շուրջ 450,000 մարդ կարող է կորցնել իր ներդրման մի մասը։ Սկանդալը հարցեր է առաջացրել ֆինանսական շուկայի վերահսկողության մասին, գրում է The Elconomist-ը։
Սեպտեմբերի 16-ին Թուրքիայի բորսայի հիմնական ցուցիչն ընկել է ավելի քան 5%-ով։ Երկու օրում շուկայի արժեքը նվազել է մոտ 30 մլրդ դոլարով։ Լուծարման ենթակա ֆոնդերի ընդհանուր ակտիվները գնահատվում են շուրջ 18 մլրդ դոլար։ Ներդրողները կարող են երկար սպասել իրենց գումարներին և ստանալ դրանց միայն մի մասը։
Մինչ անկումը որոշ ֆոնդեր անհավանական թվացող աճ էին գրանցել։ Օրինակ՝ Tera ընկերության հիմնական ֆոնդի արժեքը երեք տարում բարձրացել էր ավելի քան 60,000 տոկոսով։ The Economist-ի փոխանցմամբ՝ որոշ կառավարիչներ գնել էին սակավ գործարքներ ունեցող ընկերությունների բաժնետոմսեր։ Դրանց գների աճը թույլ էր տալիս ցույց տալ բարձր եկամտաբերություն, ներգրավել նոր ներդրողների և թանկացած բաժնետոմսերի ապահովմամբ վարկ վերցնել։ Ոստիկանությունը շուկայական խարդախության կասկածանքով ձերբակալել է ֆինանսական ոլորտի տասնյակ ղեկավարների, այդ թվում՝ Tera-ի խորհրդի նախագահին։
Նախազգուշացումներ եղել էին դեռ անցյալ տարի, սակայն վերահսկող մարմինը ֆոնդերի կողմից առանձին ընկերությունների բաժնետոմսերի չափազանց մեծ կենտրոնացումը սահմանափակելու քայլեր ձեռնարկեց միայն օգոստոսի վերջին։ Երբ ֆոնդերը սկսեցին վաճառել այդ բաժնետոմսերը, գներն ընկան, և ներդրողները փորձեցին հետ վերցնել իրենց գումարները։ Այժմ քննարկվում է նաև, թե ինչու վերահսկողները ավելի շուտ չեն միջամտել։
Ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը հայտարարել է, որ ճգնաժամը սահմանափակված է մի քանի ընկերությամբ, և «համակարգային ռիսկ չկա»։ Սակայն դեպքը վնասել է թուրքական շուկայի հանդեպ վստահությանը։ Գնաճից իրենց խնայողությունները պաշտպանելու համար բաժնետոմսեր գնած բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ անփորձ ներդրողներ, այժմ կանգնած են կորուստների առաջ։











