Գլխավոր Լրահոս

Կարսից՝ Ստամբուլ․ ինչ են ակնկալում թուրք գործարարները Հայաստանի հետ սահմանի բացումից

Կարսից՝ Ստամբուլ․ ինչ են ակնկալում թուրք գործարարները Հայաստանի հետ սահմանի բացումից

Թուրքիայի սահմանամերձ Կարսից ու Վանից մինչև արդյունաբերական Իզմիր, Դիարբեքիր և Ստամբուլ՝ տեղի գործարարներն ու բնակիչները հաշվում են հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական օգուտները՝ տեղական առևտրի աշխուժացումից մինչև ԵԱՏՄ շուկա դուրս գալու հեռանկարը։ Մինչ երկու երկրների բիզնեսները շարունակում են աշխատել վրացական միջնորդների միջոցով, իսկ մաքսային համակարգում ներդրված Հայաստանի կոդը մնում է թղթի վրա, պաշտոնական Անկարան սահմանի բացումը շարունակում է պայմանավորել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։

Թուրքիայի Կարս քաղաքում է ապրում Մուրատ Չելեբին: Նա շուրջ 35 տարի շարունակում է հոր գործը՝ վաճառում է մեղր ու պանիր։ Հայկական արմատներով քուրդ այս վաճառականը վստահ է, որ հայ-թուրքական սահմանի բացումը օգուտ կբերի ինչպես առևտրականներին, այնպես էլ տարածաշրջանի զբոսաշրջության աշխուժացմանը։

«Սահմանների փակ մնալը ոչ ոքի օգուտ չի տալիս, միայն վնաս է։ Հայաստանի հետ սահմանի բացումից կշահի ողջ շրջակա բնակչությունը»,- ասում է մեր զրուցակիցը։ Չելեբիի խոսքով՝ «Կարսի բնակիչների առնվազն 80-90%-ը կիսում է նույն մոտեցումը»։

Բացի տնտեսական գործոնից՝ Չելեբիի համար Հայաստանի հետ հաղորդակցությունը նաև անձնական ու ընտանեկան նշանակություն ունի։ Նա դեռ չի այցելել, բայց եղբայրն արդեն ճամփորդել է Հայաստանով մեկ, որտեղից էլ բերել է կովի արձանիկը։ Այն Չելեբին պահում է խանութում ու ցույց տալիս այստեղ եկողներին։

Սահմանի բացման սպասումները Կարսում կիսում են նաև տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Կարսի Serhat TV-ի գլխավոր խմբագիր Օլջայ Օքան Ավշարը, որը ազգությամբ քուրդ է, շեշտում է՝ ավելի քան 30 տարի փակ մնացած սահմանի ապաշրջափակմանը քաղաքում սպասում են մեծ ոգևորությամբ։ Ըստ նրա՝ հատկապես Կարս-Գյումրի երկաթուղային գծի հնարավոր վերագործարկման հեռանկարը, ինչի մասին նշում է նաև Հայաստանի ղեկավարությունը, առանձնահատուկ նշանակություն ունի տեղացիների համար։

48-ամյա լրագրողը լավ է հիշում այն տարիները, երբ սահմանը բաց էր։ Նրա պատմելով՝ գնացքը շաբաթական երկու օր երթևեկում էր երկու երկրների միջև։ Կարսում գործում էր շուկա, որտեղ Հայաստանից եկած առևտրականները տարբեր ապրանքներ ու սնունդ էին վաճառում։ Ավշարը հենց այդ շուկայի հայ վաճառականից երաժշտական ստեղնաշարային գործիք (օրգ) էր գնել, որը մինչ օրս պահում է․ «Երբ սահմանները փակեցին, մեզ համար նման էր մշակութային մի անկման, ասես քաղաքի գույները խամրեցին»,- հիշում է նա։

Օլջայ Օքան Ավշար, Serhat TV-ի գլխավոր խմբագիր, Կարս, Թուրքիա
Օլջայ Օքան Ավշար, Serhat TV-ի գլխավոր խմբագիր, Կարս, Թուրքիա

Թուրք գործարար Նեջմեդդին Չոքը Թուրքիայի Վանի նահանգում գործող սննդի արտադրության «Վանթաթ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է։ Նա արդեն ունի ծրագրեր սահմանների բացման ուղղությամբ․ «Կարելի է համատեղ ծրագրեր իրականացնել։ Շուկայի կարիքներից ելնելով՝ միգուցե ընթացքում Հայաստանում մի քանի փոքր գործարան կառուցվի, և մի քանի գործարան էլ այստեղ»։

Նեջմեդդին Չոք, Թուրքիայի Վանի նահանգում գործող սննդի արտադրության «Վանթաթ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, Վան, Թուրքիա
Նեջմեդդին Չոք, Թուրքիայի Վանի նահանգում գործող սննդի արտադրության «Վանթաթ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, Վան, Թուրքիա

Սա ձեր հայրենիքն է․ քրդերը՝ հայ լրագրողներին

Թուրքիայի հարավ-արևելքում՝ Տիգրիս գետի ափին գտնվող Դիարբեքիր (պատմական Ամիդ, հայկական ավանդույթում՝ Տիգրանակերտ) քաղաքը տարածաշրջանի գլխավոր տնտեսական, մշակութային և քաղաքական կենտրոններից է, ունի գերազանցապես քրդական բնակչություն և հաճախ դիտարկվում է որպես Թուրքիայի քրդերի ոչ պաշտոնական կենտրոն։

Եվրամիության աջակցությամբ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական պալատ այցելած հայ և թուրք լրագրողներին դիմավորում են Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարն ու գործարարներ։ Նրանք հանդիպումները սկսում էին նույն մտքով՝ սա հայերի պատմական հայրենիքն է՝ պապերի հողը։

«Մենք շատ ուրախ ենք, որ երկար տարիներ հայերի թողած քաղաքակրթությունից ու մշակութային ժառանգությունից ենք օգտվում։ Ինչքան էլ քաղաքական շրջանակներում տարաձայնություններ լինեն, մենք՝ գործարարներս, կողմնակից ենք համագործակցությանը»,- ասում է Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական պալատի տնօրենների խորհրդի նախագահ Մեհմեթ Կայան։ Սահմանների բացման մասին ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան՝ Կայան կարծիք հայտնեց, որ փակ սահմաններն ամենևին էլ չեն խոսում պետության, տվյալ դեպքում՝ Թուրքիայի և Հայաստանի զարգացման ճանապարհի մասին։

«Եթե զարգացած պետություն ես, հարևան երկրների հետ քո առևտրաշրջանառության առնվազն հիսուն տոկոսը պետք է ունենաս, հակառակ դեպքում սա խնդիր է։ Երկար տարիներ Թուրքիայի կառավարությունների քաղաքականությունն ու առկա անհանգստությունները միշտ արգելք են եղել տնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Սա միայն Հայաստանին չի վերաբերում»,- նշում է Կայան։

Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական պալատի տնօրենների խորհրդի նախագահ Մեհմեթ Կայան հայ և թուրք լրագրողների ցույց է տալիս համայնքում աճող մեծ ձմերուկները, Դիարբեքիր, Թուրքիա
Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական պալատի տնօրենների խորհրդի նախագահ Մեհմեթ Կայան հայ և թուրք լրագրողների ցույց է տալիս համայնքում աճող մեծ ձմերուկները, Դիարբեքիր, Թուրքիա

Թուրք գործարարների համար, սակայն, Հայաստանի սահմանը կարևոր է մեկ այլ տեսանկյունից՝ նրանք ցանկանում են մտնել ԵԱՏՄ շուկա։ Այդ մասին ասում էին ինչպես Վանի ու Կարսի, այնպես էլ Իզմիրի ու Ստամբուլի գործարարները։

«Հայաստանի սահմանը մեզ համար շատ կարևոր է դեպի ԵԱՏՄ շուկա դուրս գալու համար։ Եթե բացեն սահմանը, մեր գործարար հանրությունն առնվազն 10 միլիարդ դոլարի շրջանառություն կարող է ապահովել»,- ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան՝ ասաց Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական պալատի տնօրենների խորհրդի նախագահը։

Թուրքական ապրանք՝ միջնորդով

Հայաստան թուրքական ապրանքը հասնում է միջնորդների, տվյալ դեպքում՝ վրացական ընկերությունների միջոցով, ինչն անդրադառնում է գնի և վերադարձի հնարավորության վրա։

Այս տարվա հուլիսին հայտնի դարձավ, որ Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը։ Ըստ թուրքական կողմի՝ երրորդ երկրների միջոցով Հայաստանի հետ իրականացվող ներմուծման, արտահանման և տարանցիկ գործարքների մաքսային հայտարարագրերում կարող է այսուհետև կիրառվել Հայաստանի պաշտոնական կոդը՝ 077-ը։ Այդ փոփոխություններն արդեն կատարվել են Թուրքիայի մաքսային համակարգում։

Այս կոդի մասին լսել են ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում, բայց երկու երկրների բիզնեսմեններն էլ խոստովանում են, որ այն չի գործում․ «Ասես Աստված լինի, բոլորս լսել ենք, գիտենք նրա մասին, բայց ոչ մեկը չի տեսել»,- արդեն Հայաստանում կատակում է Հրաչյա Շմավոնյանը՝ «Դարգեթ» գարեջրի գործարանի գլխավոր գործադիր տնօրենը։

Սուրճ բովելու և աղալու սարքավորումներ արտադրող թուրքական Hasgaranti Değirmen Ve Kavurma Makineleri ընկերության գլխավոր տնօրեն Մյուժդաթ Այդընն ասում է, որ իր ընկերությունն արդեն 15 տարի աշխատում է հայ գործարարների հետ. առաջիկայում առանց հատուկ կոդի և միջնորդով Թուրքիայի նավահանգստային Իզմիրից Հայաստան կառաքվի սուրճ պատրաստելու ահռելի մի սարքավորում՝ շուրջ 120,000 դոլար արժողությամբ։ Այն պատվիրել է հայկական ընկերություններից մեկը։

Այդընը հետաքրքրված է Հայաստանի շուկայով, 15 տարվա գործարար համագործակցությունից մի կարևոր հանգամանք է հասկացել՝ Հայաստանն ունի փոքր շուկա, բայց սուրճ այստեղ շատ են խմում։

Ստամբուլ․ ակնկալիքներ

Ստամբուլի ասիական հատվածում է գտնվում Dudullu խոշոր արդյունաբերական թաղամասը։ Այն հայտնի է Dudullu OSB կազմակերպված արդյունաբերական գոտով և դրան կից İMES Sanayi Sitesi արդյունաբերական կենտրոնով, որտեղ կենտրոնացած են հարյուրավոր մեքենաշինական, պլաստմասսայի, մետաղամշակման և արտադրական ձեռնարկություններ։ Արդյունաբերական այդ գոտին Թուրքիայի բոլոր նահանգներում ունի 50,000 աշխատող, 285 հեկտար տարածք, 107 գործարան և 2,350 փոքր ձեռնարկություն։

Բահրի Մուրատ Օնայ, Dudullu արդյունաբերական գոտու տնօրենների խորհրդի նախագահ, Ստամբուլ, Թուրքիա
Բահրի Մուրատ Օնայ, Dudullu արդյունաբերական գոտու տնօրենների խորհրդի նախագահ, Ստամբուլ, Թուրքիա

Արդյունաբերական այս գոտու տնօրենների խորհրդի նախագահ Բահրի Մուրատ Օնայը ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան շեշտում է, որ թուրք և հայ ժողովուրդների միջև որևէ խնդիր չկա, խնդիրը քաղաքականությունն է։

Հայ-թուրքական հարաբերությունների քաղաքական կողմի մասին խոսելիս ՍիվիլՆեթի հետ զրույցում ուշագրավ դիտարկումներ է անում նաև թուրք լրագրող Սերդար Քորուջուն։ Նա աշխատում է Թուրքիայի CNN Türk և Kanal D հեռուստաալիքներում։ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները լուսաբանում է 2012-ից։

Քորուջուի գնահատմամբ՝ Հայաստանում վերջին տարիներին փոխվել է Հայոց ցեղասպանության հարցի տեղը քաղաքական օրակարգում՝ եթե նախկինում այն Հայաստանի համար առանցքային թեմա էր, այժմ, նրա դիտարկմամբ, այդպես չէ։

Լրագրողը կարծում է, որ այս փոփոխությունը դրական է Անկարայի համար, սակայն դրա հետևանքները Հայաստանի համար դեռ պարզ չեն։ Ըստ Քորուջուի՝ հայ-թուրքական սահմանի բացման հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշումը չի փոխվել։ Թուրքիայի իշխանությունները շարունակում են հարաբերությունների կարգավորումը կապել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։

«Անկարան միշտ ասել է, որ նախ Հայաստանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրի Ադրբեջանի հետ, և դրանից հետո մենք կկարգավորենք հարաբերությունները։ Ինչպես տեսնում ենք, իրավիճակը չի փոխվել»,- ասում է նա։

Սահմանի բացման տնտեսական հետևանքների վերաբերյալ լրագրողը նշում է, որ հասկանում է հայկական տնտեսության համար հնարավոր ռիսկերի վերաբերյալ մտահոգությունները։ Թուրքիայի տնտեսությունը զգալիորեն ավելի մեծ է, իսկ բնակչությունը՝ ավելի շատ, ինչը կարող է անհավասար մրցակցային պայմաններ ստեղծել։ Այդուհանդերձ, նրա խոսքով, սահմանի բացման իրական հետևանքները հնարավոր կլինի գնահատել միայն այն ժամանակ, երբ այն բացվի։

Հայաստանում ևս կողմ են սահմանների բացմանը

Շիրակի մարզի Ախուրիկում հիշում են, որ երբ սահմանները բաց էին, Թուրքիայից ներկրում էին անասուն, իսկ Հայաստանից արտահանում գյուղատնտեսական ապրանքներ ու ցեմենտ։

«Եթե սահմանները բացվեն, շատ լավ կլինի։ Ժամանակին այս գյուղից շատ աշխատողներ կային Ախուրյանի կայարանում։ Մարդիկ չէին գնում, բայց ապրանքներ էին տանում-բերում»,- պատմում է Ախուրիկի բնակիչ, 64-ամյա Արտյոմ Մկրտչյանը։

Գյումրիում տեղակայված՝ գուլպաների և զուգագուլպաների արտադրող «Լենտեքս» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Գոմցյանի խոսքով՝ ընկերությունը Թուրքիայից թելեր է գնում։

«Եթե սահմանները բացվեն, մենք կշահենք ինչպես ժամանակի, այնպես էլ գումարի տեսանկյունից։ Մեզ համար ավելի ձեռնտու է որոշ հումք գնել Թուրքիայից, այնուհետև պատրաստի արտադրանքը արտահանել այնտեղ։ Ես գիտեմ, որ Թուրքիայում տեքստիլի մեծ ընկերություններ կան, բայց սահմանների բացումն ինձ չի վախեցնում։ Ես սիրում եմ մրցակցություն, որի արդյունքում մեր ընկերությունն ավելի կայացած ու ուժեղ դուրս կգա»,- նշում է Գոմցյանը։

«Լենտեքս» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Գոմցյան, Գյումրի, Հայաստան
«Լենտեքս» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Գոմցյան, Գյումրի, Հայաստան

Ինչ են ասում պաշտոնական թվերը

Պաշտոնական վիճակագրական տվյալներն ամբողջացնում են հայ-թուրքական առևտրի իրական պատկերը։ Այս տվյալները նաև վկայում են առևտրի խոր անհամաչափության ու միջնորդավորված լոգիստիկայի ծավալների մասին: 2022-2026-ի դինամիկան փաստում է, որ սահմանների փակ լինելը չի խոչընդոտել թուրքական ապրանքների ներհոսքը, իսկ հայկական արտադրանքի արտահանումը նվազել է:

Միաժամանակ, ըստ ծագման և ըստ արտահանող երկրի ցուցանիշների միջև առկա խզումն ակնառու է դարձնում հենց միջնորդավորված առևտրի իրողությունը։ 2022-ից մինչև 2026-ի օգոստոս թուրքական ծագման ապրանքների ընդհանուր ծավալի կեսից ավելին Հայաստան է հասել երրորդ երկրների՝ հիմնականում Վրաստանի տարածքով:

Այսպիսով, վիճակագրությունը գալիս է հաստատելու այն, ինչի մասին բարձրաձայնում են տեղի գործարարները․ տնտեսական գործընթացները շարունակում են շրջանցել քաղաքական պատնեշները, սակայն այդ շրջանցումն ուղեկցվում է լոգիստիկ լրացուցիչ ծախսերով, միջնորդավճարներով և հայկական կողմի համար առևտրային անհավասար պայմաններով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում