Պակիստանը, Թուրքիան, Կատարը և Ինդոնեզիան հոկտեմբերի 21-ին Դոհայում ստորագրեցին փաստաթուղթ, որի նպատակն է ամրապնդել ռազմական արտադրությունը, տեխնոլոգիական համագործակցությունը, զինվորականների պատրաստումը և պաշտպանական արդյունաբերության կարողությունները։ Իտալացի քաղաքական վերլուծաբան Սերջո Ռեստելլին The Times of Israel-ում հրապարկված հոդվածում հարց է բարձրացնում՝ արդյոք Իսլամաբադն ի վիճակի՞ է դրանք կատարել։ Ռեստելլին 1990-ականներին եղել է Իտալիայի փոխվարչապետ Կլաուդիո Մարտելլիի հատուկ օգնականը։
Չորս երկրների միձև «Բադր» անունը կրող հուշագիրը ստորագրվում է օգոստոսին Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև կնքված Մեքքայի պաշտպանական համաձայնագրից հետո, որը կնքել էին Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը։ Մեքքայի համաձայնագիրը շատ ավելի հավակնոտ շրջանակ էր սահմանել փոխադարձ ռազմական աջակցության համար։
Թղթի վրա Պակիստանը կարծես դիրքավորվում է որպես մահմեդական մեծամասնությամբ երկրների պաշտպանական գործընկերությունների նոր ցանցի կենտրոն, որը ձգվում է Միջերկրականից մինչև Հարավարևելյան Ասիա։ Իրականում, սակայն, այս փոխհատվող պայմանավորվածությունները երեք հիմնարար հարց են առաջացնում։ Ի՞նչ գաղափարական ազդեցությունների է տեղ տրվում ձևավորվող անվտանգության համակարգում։ Ինչպե՞ս է Պակիստանը համատեղելու Սաուդյան Արաբիայի և Կատարի մրցակցող հավակնությունները։ Եվ, թերևս ամենակարևորը, Իսլամաբադն ունի՞ բավարար տնտեսական, արդյունաբերական և ռազմական ներուժ՝ կուտակվող պարտավորությունները կատարելու համար։
Առաջին մտահոգությունը վերաբերում է հենց այս գործընկերությունների քաղաքական և գաղափարական բնույթին։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք Թուրքիան երկար տարիներ կապեր է պահպանել «Մուսուլման եղբայրների» հետ ասոցացվող շարժումների հետ, հատկապես «Արաբական գարնանը» հաջորդած ցնցումների ժամանակ։ Եգիպտոսում և այլուր «Եղբայրներին» հարող քաղաքական ուժերին Անկարայի աջակցությունը միայն հռետորաբանություն չէր։ Այն սուննի մահմեդական աշխարհում թուրքական ազդեցությունն ընդլայնելու ավելի լայն ջանքերի մաս էր և հաճախ Անկարային բախման մեջ էր դնում Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Եգիպտոսի հետ։
Կատարի դիրքը նույնքան վիճահարույց է։ Դոհան կապեր է պահպանել ՀԱՄԱՍ-ի հետ, հյուրընկալել է խմբավորման քաղաքական ղեկավարությանը և զգալի ֆինանսական օգնություն է տրամադրել Գազային։ Կատարը պնդում է, որ այդ կապերը նպաստում են միջնորդությանը և հումանիտար ներգրավվածությանը։ Տարածաշրջանային բանակցություններում Դոհայի դերը հաշվի առնելով՝ այդ փաստարկը հեշտ չէ մերժել։ Այդուհանդերձ, «Եղբայրներին» առնչվող շարժումների հետ Կատարի երկարամյա կապերը արաբական մի շարք կառավարությունների մոտ մշտական անվստահություն են առաջացրել։
Պակիստանն էլ ունի իսլամիստական զինյալների, գաղափարական մոբիլիզացիայի և ոչ պետական դերակատարներին որպես տարածաշրջանային քաղաքականության գործիք օգտագործելու բարդ պատմություն։ Երկրի անվտանգության համակարգը տասնամյակներ շարունակ բախվում է զինյալ խմբավորումների հետ հարաբերությունների հետևանքներին, հատկապես Աֆղանստանում և Քաշմիրում։ Այս իրավիճակները նույնական չեն և չեն նշանակում, որ նոր համաձայնագիրն ունի ծայրահեղական նպատակ։ Սակայն դրանք օրինաչափ հարցեր են առաջացնում այն գաղափարական միջավայրի վերաբերյալ, որտեղ կարող են զարգանալ ավելի սերտ ռազմական և հետախուզական կապերը։
Ինդոնեզիան կարևոր բացառություն է։ Թեև այն նույնպես ունի իսլամական արմատականության պատմություն, Ջակարտայի պաշտպանական դիվանագիտությունը հիմնականում պրագմատիկ է։ Այն ձևավորվում է չմիացման ավանդույթով, ծովային անվտանգության կարիքներով և տեխնոլոգիական ինքնաբավության ձգտումով։ Ինդոնեզիայի մասնակցությունը համաձայնագրին հաղորդում է աշխարհագրական ընդգրկում և արդյունաբերական վստահելիություն՝ առանց անպայմանորեն սատարելու մյուս մասնակիցների քաղաքական առաջնահերթություններին։
Վտանգն այն չէ, որ պաշտպանական համագործակցությունն ինքնաբերաբար վերածվում է գաղափարական համագործակցության։ Վտանգն այն է, որ ռազմական կապերի ընդլայնվող ցանցը կարող է հնարավորություններ ստեղծել քաղաքական ազդեցության, ինստիտուցիոնալ ներթափանցման և այնպիսի դերակատարների աստիճանական նորմալացման համար, որոնց նպատակները միշտ չէ, որ համատեղելի են տարածաշրջանային կայունության հետ։ Ուստի «Բադր» համաձայնագիրը գնահատելիս առանցքային պետք է մնա օրինաչափ պաշտպանական-արդյունաբերական համագործակցության և քաղաքական դաշնակցության միջև տարբերությունը։
Էր-Ռիյադի և Դոհայի արանքում
Երկրորդ խնդիրը շատ ավելի հրատապ է։ Պակիստանը փորձում է խորացնել պաշտպանական կապերը Կատարի հետ՝ միաժամանակ իրեն ներկայացնելով որպես Մեքքայի համաձայնագրով ստեղծված, Սաուդյան Արաբիայի գլխավորած անվտանգության համակարգի հենասյուն։
Սաուդյան Արաբիան և Կատարը ռազմավարական մրցակցության երկար պատմություն ունեն։ 2017-ի Պարսից ծոցի ճգնաժամը, երբ Էր-Ռիյադն ու նրա դաշնակիցները շրջափակեցին Դոհան, բացահայտեց խորը տարաձայնություններ քաղաքական իսլամի, Իրանի հետ հարաբերությունների և «Մուսուլման եղբայրների» տարածաշրջանային դերի շուրջ։ 2021-ի Ալ-Ուլայի հաշտեցումը վերականգնեց դիվանագիտական հարաբերությունները, բայց չվերացրեց արտաքին քաղաքական մոտեցումների հիմնարար տարբերությունները։
Պակիստանի համար սա ակնհայտ հակասություն է ստեղծում։ Մեքքայի համաձայնագիրը կոչված է ձևավորելու կոլեկտիվ զսպման վստահելի շրջանակ։ Այն նախատեսում է ռազմական աջակցություն անդամներից մեկի վրա հարձակման դեպքում, թեև այդ աջակցության բնույթն ու ծավալը մնում են ազգային որոշումների հարց։ Միևնույն ժամանակ Իսլամաբադն ամրապնդում է մեկ այլ պաշտպանական պայմանավորվածություն Կատարի հետ, որի ռազմավարական հաշվարկները միշտ չէ, որ համընկել են Էր-Ռիյադի հաշվարկներին։
Թուրքիայի մասնակցությունը երկու համաձայնագրերին կարող է կամուրջ դառնալ Պարսից ծոցի երկու մայրաքաղաքների միջև, բայց նաև ազդեցության ևս մեկ մրցակից կենտրոն է ավելացնում։ Անկարան ունի սեփական տարածաշրջանային հավակնություններ, պաշտպանական արդյունաբերության սեփական շահեր և Կատարում երկարամյա ռազմական ներկայություն։ Սաուդյան Արաբիայի հետ նրա հարաբերությունները բարելավվել են, բայց անվտանգության անմիջական սպառնալիքների շուրջ մերձեցումը չպետք է շփոթել ռազմավարական նպատակների լիարժեք համաձայնեցման հետ։
Արդյունքում ստեղծվում է պարտավորությունների ավելի ու ավելի խճճված ցանց։ Դրանում Պակիստանը կարող է դառնալ ոչ թե ինքնուրույն ռազմավարական դերակատար, այլ ավելի հարուստ և ազդեցիկ գործընկերների մրցակցող հաշվարկների մասնակից։
Ավելին, Մեքքայի համաձայնագիրը դեռ չի ապացուցել այն գործառնական արդյունավետությունը, որը ենթադրում են դրա հավակնոտ ձևակերպումները։ Սաուդյան Արաբիայի վրա հութիների վերջին հարձակումները դարձել են պայմանավորվածության անմիջական փորձություն։ Թուրքիան մոտենում է համաձայնագրի խորհրդարանական վավերացմանը և նախապատրաստում է զինվորականների հնարավոր տեղակայման իրավական հիմքը։ Սրանք նշանակալի զարգացումներ են, բայց դրանք նաև ցույց են տալիս, թե որքան բան դեռ պետք է քաղաքական հայտարարություններից վերածվի գործառնական կարողության։
Դաշինքը զգալի դիվանագիտական տեսանելիություն է ապահովել, սակայն զսպման գործում նրա գործնական ներդրումը դժվար է հաստատել։ Պաշտպանական պայմանագիրը չի գնահատվում ստորագրությունների քանակով։ Այն գնահատվում է ագրեսիան կանխելու, ռազմական արձագանքը համակարգելու և անվտանգության չափելի արդյունքներ ապահովելու կարողությամբ։
Նոր համաձայնագիր ավելացնելը, երբ առաջինը դեռ լիովին չի ապացուցել իր արդյունավետությունը, կարող է ոչ թե ամրապնդել, այլ թուլացնել ամբողջ համակարգի վստահելիությունը։
Ուժերի գերլարում
Երրորդ մտահոգությունը Պակիստանի աճող ռազմավարական գերլարումն է։ Իսլամաբադը փորձում է միաժամանակ լինել Սաուդյան Արաբիայի ռազմական գործընկեր, Թուրքիայի պաշտպանական-արդյունաբերական համագործակից, Կատարի անվտանգության հարցերով զրուցակից և Ինդոնեզիայի տեխնոլոգիական գործընկեր։ Միևնույն ժամանակ Պակիստանը խոշոր սպառազինության և ռազմավարական աջակցության համար մեծապես կախված է Չինաստանից և շարունակում է բախվել անվտանգության մշտական մարտահրավերների Աֆղանստանի ու Հնդկաստանի հետ սահմաններում։
Այս պարտավորությունները ստանձնում է մի երկիր, որի տնտեսական խոցելիությունը շարունակում է զգալի մնալ։ Ֆինանսական սահմանափակումները, արտաքին ֆինանսավորումից կախվածությունը և արդյունաբերական սահմանափակ խորությունը իրական արգելքներ են ստեղծում Պակիստանի համար՝ ռազմական ուժ ցուցադրելու կամ բազմազգ պաշտպանական հավակնոտ ծրագրեր ֆինանսավորելու հարցում։
Պետք է ընդունել, որ «Բադր» համաձայնագիրն ունի առևտրային տրամաբանություն։ Թուրքիան ունի արագ զարգացող պաշտպանական արդյունաբերություն, Ինդոնեզիան՝ մեծ շուկա և աճող արտադրական կարողություն։ Կատարը բերում է ֆինանսական ռեսուրսներ, իսկ Պակիստանն ունի ռազմական արտադրության փորձ, հատկապես ավիացիոն, զրահատեխնիկայի և նավաշինության ոլորտներում։ Համատեղ արտադրությունը և տեխնոլոգիաների փոխանցումը կարող են իրական օգուտներ բերել։
Սակայն արդյունաբերական համագործակցությունը նույնը չէ, ինչ ռազմավարական ուժը։ Պակիստանը կարող է ձեռք բերել տեխնոլոգիաներ, արտադրական հնարավորություններ և արտահանման շուկաներ, բայց այդպես էլ չունենալ այն ֆինանսական անկախությունն ու գործառնական կարողությունը, որոնք անհրաժեշտ են մի քանի տարածաշրջանում անվտանգության երաշխավոր լինելու համար։
Գործընկերների միջև անհավասարակշռությունն իսկապես ցայտուն է։ Թուրքիան բերում է առաջադեմ պաշտպանական տեխնոլոգիաներ և կայացած արտադրական կարողություններ։ Կատարը բերում է կապիտալ, Ինդոնեզիան՝ շուկայի մասշտաբ և արդյունաբերական ներուժ։ Պակիստանը բերում է ռազմական փորձ, ռազմավարական աշխարհագրություն և կայացած ռազմական համակարգ, բայց համեմատաբար սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ։ Եթե Իսլամաբադը չկարողանա այս գործընկերությունները վերածել էական արդյունաբերական ներդրումների և արտահանման եկամուտների, կարող է դառնալ կրտսեր մասնակից այնպիսի պայմանավորվածություններում, որոնց քաղաքական պարտավորությունները գերազանցում են տնտեսական օգուտները։
Կա նաև Չինաստանի հարցը։ Պեկինը շարունակում է մնալ Պակիստանի ամենակարևոր ռազմավարական պաշտպանական գործընկերը, և նրա ռազմաարդյունաբերական կապերն Իսլամաբադի հետ շատ ավելի խորն են, քան այն ամենը, ինչ ներկայումս նախատեսում են նոր բազմակողմ պայմանավորվածությունները։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի աճող ներգրավվածությունը Պակիստանի պաշտպանական համակարգում լրացուցիչ հարցեր է առաջացնում տեխնոլոգիական համատեղելիության, մտավոր սեփականության, մատակարարման շղթաների և զգայուն համակարգերի կառավարման վերաբերյալ։
Անկարայի համար առևտրային հնարավորությունները կարող են գերակշռել այս բարդություններին։ Պակիստանի համար Չինաստանի, Թուրքիայի և Պարսից ծոցի պետությունների մրցակցող ակնկալիքները կառավարելը կպահանջի ռազմավարական կարգապահության այնպիսի մակարդակ, որը նրա ընդլայնվող դաշինքային դիվանագիտությունը դեռ չի ցուցաբերել։
Ակտիվությո՞ւն, թե՞ ձեռքբերում
Ավելի մեծ հարցն այն է, թե արդյոք Պակիստանը չի շփոթում դիվանագիտական ակտիվությունը ռազմավարական ձեռքբերման հետ։ Պաշտպանական համաձայնագրերը տպավորիչ պատկեր են ստեղծում՝ նախարարական հանդիպումներ, համատեղ հայտարարություններ, միջազգային աճող նշանակության տեսք։ Դրանք կարող են նաև ռազմական ուժի տպավորություն ստեղծել՝ իրականում չավելացնելով այն։
Պակիստանը վաղուց է ձգտում իր ռազմական համակարգը վերածել դիվանագիտական ազդեցության, հատկապես մահմեդական աշխարհում։ Զինված ուժերը շարունակում են մնալ երկրի ամենահզոր ինստիտուտներից մեկը, և ռազմական համագործակցությունը Իսլամաբադին տալիս է միջազգային ներգրավվածության մի ուղի, որը քիչ է կախված երկրի տնտեսական ցուցանիշներից։
Սակայն ռազմական դիվանագիտությունը կարող է միայն որոշ չափով փոխհատուցել ներքին կառուցվածքային թուլությունները։ Լուրջ տնտեսական սահմանափակումների, ներքին զինյալ սպառնալիքների և հարևանների հետ բարդ հարաբերությունների առջև կանգնած պետությունը պետք է հատկապես զգույշ լինի արտաքին անվտանգային պարտավորությունները բազմապատկելիս։
«Բադր» համաձայնագիրը ժամանակի ընթացքում կարող է արժեքավոր պաշտպանական-արդյունաբերական նախագծեր տալ։ Մեքքայի համաձայնագիրը կարող է վերածվել կոլեկտիվ անվտանգության գործող մեխանիզմի։ Այս հնարավորություններից ոչ մեկը չպետք է անտեսել։ Սակայն դրանց հաջողությունը կախված կլինի քաղաքական տարաձայնությունները հաղթահարելուց, վստահելի գործառնական պայմանավորվածություններ ստեղծելուց և ապացուցելուց, որ մասնակից պետությունները պատրաստ և ունակ են կատարելու իրենց պարտավորությունները։
Պակիստանի համար անմիջական գայթակղությունն իր ընդլայնվող դիվանագիտական ներկայությամբ հպարտանալն է։ Ավելի դժվար խնդիրն է պարզել՝ արդյոք այս համաձայնագրերն ամրապնդում են նրա ազգային անվտանգությունը, թե պարզապես ներքաշում են նրան ուրիշների մրցակցության մեջ։
Ձևավորվող համակարգում ընդգրկված են տարբեր գաղափարական պատմություն, մրցակցող աշխարհաքաղաքական հավակնություններ և անհավասար ռազմական ու ֆինանսական կարողություններ ունեցող պետություններ։ Սաուդյան Արաբիան և Կատարը հանկարծ ռազմավարապես փոխարինելի չեն դարձել։ Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունները նույնական չեն Պակիստանի հավակնություններին։ Ինդոնեզիայի պրագմատիկ պաշտպանական առաջնահերթությունները պարտադիր չէ, որ տարածվեն Մերձավոր Արևելքի քաղաքական պայքարի վրա։
Պակիստանը փորձում է կանգնել այս բոլոր շահերի խաչմերուկում և ստացված ցանցը ներկայացնել որպես իր աճող ռազմավարական նշանակության ապացույց։ Սակայն դաշինքներն ինքնին ձեռքբերում չեն։ Դրանց արժեքը որոշվում է այն անվտանգությամբ, որ ապահովում են, այն սպառնալիքներով, որ զսպում են, և այն կարողություններով, որ ստեղծում են։
Առայժմ Իսլամաբադն ավելի շատ համաձայնագրեր ունի ցուցադրելու, քան արդյունքներ։ Եվ բոլորի համար անփոխարինելի երևալու ջանքերում Պակիստանը կարող է այնքան գերլարվել, որ իրապես անփոխարինելի չդառնա ոչ ոքի համար։
Հոդվածի աղբյուրը՝ The Times of Israel












