Գլխավոր Լրահոս

Թուրքիան և Պակիստանը քննարկում են Սաուդյան Արաբիային ռազմական աջակցությունը հութիների դեմ

Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարը (ձախից), Սաուդյան Արաբիայի արտգործնախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանը (կենտրոնում) և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած հանդիպմանը։ Արխիվային լուսանկար։

Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարը (ձախից), Սաուդյան Արաբիայի արտգործնախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանը (կենտրոնում) և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած հանդիպմանը։ Արխիվային լուսանկար։

Սաուդյան Արաբիան հրավիրել է Թուրքիայի և Պակիստանի ռազմական ղեկավարներին շտապ բանակցությունների՝ Եմենի հութիների հրթիռային ու անօդաչու հարվածների ուժգնացման պայմաններում։ Երեք երկրները փոխադարձ պաշտպանության համաձայնագիր ունեն, սակայն Անկարան և Իսլամաբադը դեռ չեն հայտարարել՝ արդյոք մասնակցելու են ռազմական գործողություններին։

Ինչպես գրում է Al Jazeera-ն, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ գլխավոր շտաբի պետ Սելչուք Բայրաքթարօղլուն կմեկնի Էր Ռիադ։ Սաուդյան մայրաքաղաքում սպասում են նաև Պակիստանի պաշտպանության ուժերի ղեկավար Ասիմ Մունիրին, թեև պակիստանյան բանակը Al Jazeera-ին չի հաստատել նրա մեկնումը։

Օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի ստորագրած Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրով երեք երկրներից մեկի դեմ հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլորի դեմ։ Ռազմական ղեկավարների հանդիպումը նախատեսվում է այն բանից հետո, երբ հութիները հայտարարեցին Էր Ռիադի և Յանբու նավահանգստում Saudi Aramco ընկերության օբյեկտների ուղղությամբ հարվածների մասին։ Սաուդյան իշխանությունները հայտնել են, որ խոցել են Թաիֆի և Յանբուի ուղղությամբ արձակված վեց բալիստիկ հրթիռ։ Հութիների հայտարարած հարվածների հետևանքների մասին տեղեկությունները ամբողջությամբ չէ, որ հաստատված են։

Էր Ռիադը ցանկանում է քննարկել, թե դաշնակիցներն ինչպես կարող են աջակցել իրեն համաձայնագրի շրջանակում։ Սակայն կողմերի հրապարակային հայտարարությունների շեշտադրումները տարբեր են։ Սաուդյան Արաբիան ընդգծում է հութիների հարձակումներն ու ինքնապաշտպանության իրավունքը, մինչդեռ Պակիստանն ու Թուրքիան խոսում են հիմնականում համաձայնագրի գործարկման և տեխնիկական բանակցությունների մասին։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ավելի վաղ ասել էր, որ «մեր համաձայնագիրը դաշնակցային պարտավորություն է նախատեսում. մենք պահում ենք մեր խոսքը»։ Նրա խոսքով՝ Թուրքիան կարող է բավարարել Սաուդյան Արաբիայի որոշ տեխնիկական ռազմական կարիքներ։ Թուրքիայի խորհրդարանի խոսնակը սեպտեմբերի 25-ին հայտարարել է, որ համաձայնագիրը դեռ չի ներկայացվել խորհրդարանի վավերացմանը։ Ըստ Թուրքիայի սահմանադրության՝ միջազգային համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վավերացումից հետո։

Հութիները զգուշացրել են Անկարային և Իսլամաբադին չմտնել պատերազմի մեջ։ Շարժման ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ նրանց ռազմական մասնակցությունը կարժանանա «երկաթե բռունցքի»։ Եմենում հութիները վերջին օրերին տարածքներ են գրավել Կարմիր ծովի ափին, այդ թվում՝ ռազմավարական Մոխա նավահանգիստը։ Դրանով մեծացել է նրանց ազդեցությունը Բաբ էլ Մանդեբի նեղուցի մերձակայքում՝ ծովային ուղի, որն առավել կարևոր է դարձել Սաուդյան Արաբիայի համար Հորմուզի նեղուցով փոխադրումների խափանումից հետո։

Al Jazeera-ի հետ զրուցած պակիստանցի պաշտոնաթող գեներալ Թուղրալ Յամինը կարծում է, որ «զորք ուղարկելը դժվար կլինի»։ Նրա խոսքով՝ Պակիստանի բանակն արդեն ծանրաբեռնված է սահմանային և ներքին անվտանգության խնդիրներով, իսկ Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի շրջանակում պարտավորություններ ու անվտանգության մտահոգություններ Սիրիայի հետ սահմանին։

Պակիստանը երկար տարիներ ռազմական մասնագետներ ու անձնակազմ ունի Սաուդյան Արաբիայում, ուստի հնարավոր աջակցությունը պարտադիր չէ, որ նշանակի մարտական ստորաբաժանումների ներգրավում Եմենում։ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան նույնպես հայտարարել են պաշտպանական աջակցության մասին. Ֆրանսիան պատրաստվում է ուժեր ուղարկել Յանբուի նավթային օբյեկտը պաշտպանելու համար, իսկ Բրիտանիան՝ լիցքավորել պաշտպանական առաքելություններ իրականացնող սաուդյան ինքնաթիռները։ Թե Թուրքիան և Պակիստանը ինչ դեր կստանձնեն, կպարզվի բանակցություններից հետո։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում