Մինչ եվրոպական արտաքին քաղաքականության պատասխանատուները ժամանակ են ծախսում զգուշավոր մամուլի հաղորդագրություններ կազմելու և տագնապալի գագաթնաժողովներ անցկացնելու վրա, Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական խոշոր փոփոխություն է տեղի ունենում։ Brussels Signal կայքում հույն հեղինակ Կոնստանտինոս Բոգդանոսը կարծիք է հայտնում, որ
Այն բացահայտում է Եվրամիության ռազմավարական անկարողությունը։
Օգոստոսի 7-ին Մեքքայում Սաուդյան Արաբիան, Պակիստանն ու Թուրքիան ստորագրեցին համատեղ պաշտպանության համաձայնագիր։ Այն նախատեսում է փոխադարձ պաշտպանություն՝ ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգության սկզբունքը հիշեցնող դրույթով. երեք երկրներից որևէ մեկի դեմ զինված հարձակումը համարվելու է հարձակում բոլորի դեմ։
Ռիադում արդեն ստեղծվել է մշտական քարտուղարություն, իսկ առաջին գլխավոր քարտուղարի պաշտոնը նախատեսված է Պակիստանին։ Օգոստոսի 31-ին պաշտոնապես «Մեքքայի պաշտպանական դաշինք» անվանված այս միավորումը քաղաքական հայտարարություններից արագ անցնում է գործնական աշխատանքի։
Նոր համաձայնագրի առաջին փորձությունը գրեթե անմիջապես վրա հասավ։ Սեպտեմբերի կեսերին հութիները անօդաչուներով և հրթիռներով հարվածներ հասցրին Սաուդյան Արաբիայի էներգետիկ կարևոր ենթակառուցվածքներին։ Իրաքից արձակված անօդաչուներն էլ թիրախավորեցին Սաուդյան Արաբիայի արևելքից արևմուտք ձգվող նավթամուղը, որը Ռիադը սեպտեմբերի 11-ին փակեց։
Այսպիսով, Եվրոպայի հարևան տարածաշրջանում սկսում է գործել միջուկային զենք ունեցող պետության մասնակցությամբ նոր անվտանգային դաշինք, իսկ Բրյուսելը պասիվ դիտորդի դերում է։
Տարիներ շարունակ փոխվող արևմտյան առաջնահերթություններից և անվտանգության երաշխիքներից հիասթափված՝ Սաուդյան Արաբիան որոշել է բազմազանեցնել իր անվտանգության հենարանները։ Այդ որոշման վրա հատկապես ազդել է Իրանի շուրջ շարունակվող հակամարտությունը, որը սկսվեց փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից։
Ո՞ւմ է դիմել Ռիադը։ Ոչ եվրոպական մայրաքաղաքներին. նրանք չունեն ռազմական կարողություն համաշխարհային էներգետիկ ուղիների անվտանգությունն ապահովելու համար։
Փոխարենը Սաուդյան Արաբիան պաշտպանության համաձայնագիր է կնքել Պակիստանի հետ՝ անկայուն պետություն, որը ղեկավարում են կոռումպացված վերնախավերը, որտեղ տարածված են արմատական տրամադրությունները և որի միջուկային զինանոցն ընդլայնվում է։ Դաշինքի մյուս մասնակիցը Թուրքիան է՝ ՆԱՏՕ-ի անդամ, որն ավելի ու ավելի անկանխատեսելի է դառնում և աշխարհաքաղաքական հակամարտություններում մշտապես փորձում է միաժամանակ գործակցել հակադիր կողմերի հետ։
Հետևանքները կարող են ծանր լինել։ Սաուդյան Արաբիան իր տարածաշրջանային անվտանգությունը կապում է պակիստանյան զինուժի, թուրքական անօդաչու տեխնոլոգիաների և միջուկային զսպման անուղղակի երաշխիքի հետ։ Այդ ամենի ֆինանսական հենքը Ծոցի երկրների միջոցներն են, իսկ ռազմավարական թիկունքում՝ Չինաստանի աջակցությունը։
Իսկ ո՞րն է Եվրամիության պատասխանը։
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը անդամ երկրներից լրացուցիչ ռազմանավեր էր խնդրում Կարմիր ծովում «Ասպիդես» գործողության համար։ Նա այդ մասին սեպտեմբերի 19-ին նաև նամակ էր գրել նրանց նախարարներին։
Կալասը խոստովանել է, որ Բաբ էլ Մանդեբի նեղուցի և Հորմուզի նեղուցի նավագնացությունը լուրջ խափանումների վտանգի տակ է։ Նրա խոսքով՝ կարևոր ծովային ուղիների անվտանգությունն ապահովելու համար առաքելությանն անհրաժեշտ է «առնվազն 10 նավ», բայց ԵՄ-ն չի կարողանում այդքանն ապահովել։ Ըստ Reuters-ի՝ գործողությանը մասնակցում է վեց ռազմանավ։
Հակադրությունը խոսուն է. մինչ Մերձավոր Արևելքի երկրները ռազմական դաշինքներ են կազմում, Բրյուսելը չի կարողանում իր անդամներին համոզել մի քանի ռազմանավ ուղարկել եվրոպական առևտուրը պաշտպանելու համար։
Եվրոպայի ղեկավարները չեն ցանկանում առերեսվել այս նոր իրողության հակասություններին։ Նախ՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան միացել է արևմտյան համակարգից անկախ ռազմական դաշինքի, որի նպատակները կարող են եվրոպական երկրներին ներքաշել հակամարտության մեջ։
Եթե տարածաշրջանային լարվածության դեպքում Անկարան պարտավորվում է պաշտպանել Իսլամաբադին կամ Ռիադին, որտե՞ղ է սկսվում և ավարտվում նրա հավատարմությունը Ատլանտյան դաշինքին։ Բրյուսելը նույնիսկ չի համարձակվում այդ հարցը տալ։
Երկրորդ՝ այս դաշինքը ցույց է տալիս, թե որքան անհեռատես է եղել Պակիստանի նկատմամբ Եվրոպայի տնտեսական քաղաքականությունը։ Տարիներ շարունակ Եվրահանձնաժողովը GSP+ արտոնությունների համակարգով Իսլամաբադին տրամադրել է եվրոպական շուկա առանց մաքսատուրքի մուտքի հնարավորություն։ Հանձնաժողովի տվյալներով՝ Պակիստանն այդ համակարգի ամենամեծ շահառուն է։
Խոստանում էին, որ տնտեսական այս աջակցությունը կնպաստի մարդու իրավունքների պաշտպանությանը, տարածաշրջանային կայունությանը և ժողովրդավարական չափավորությանը։ Փոխարենը եվրոպական հարկատուների աջակցությամբ գործող առևտրային արտոնություններից օգտվում է մի պետություն, որը ներսում հալածում է փոքրամասնություններին, իսկ դրսում իր զինուժն ու միջուկային զսպման ներուժն առաջարկում է այլոց անվտանգության համար։
Ուրսուլա ֆոն դեր Լայենի ղեկավարած Եվրահանձնաժողովի քաղաքականությունը վտանգավոր ռազմավարական վակուում է ստեղծել, որն այժմ լցվում է միջուկային անորոշությամբ և ավտորիտար դաշինքներով։ Ժամանակն է, որ Բրյուսելն ընդունի իրողությունը. Պակիստանն ու Թուրքիան չպետք է օգտվեն եվրոպական տնտեսական արտոնություններից, քանի դեռ նրանց զինուժը կառուցում է արևմտյան համակարգից դուրս ուժային դաշինքներ։
Բայց ներկայիս ղեկավարության օրոք Բրյուսելը, հավանաբար, կանի այն, ինչ միշտ է անում՝ կվճարի դրա գինը, կկրի հետևանքները և կշարունակի ձևացնել, թե «փափուկ ուժը» դեռ վճռորոշ է մի աշխարհում, որտեղ գերիշխում են ռազմական ուժն ու արյունահեղությունը։












