Բանակում կա որոշակի ներքին լարվածություն․ Պապիկյան

Հայաստանի զինված ուժերում կա որոշակի ներքին լարվածություն, այդ թվում՝ դեպքերի ու պատահարների պատճառով։ Այս մասին «Զինուժի» «Միլքաստ» փոդքաստում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Պապիկյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ են ոչ ստանդարտ քայլեր, որոնք կբարձրացնեն բանակում զգոնությունը և թույլ կտան ավելի արդյունավետ օգտագործել առկա ռեսուրսները։
Նա նաև անդրադարձել է բանակում քրեական ենթամշակույթի և թմրանյութերի օգտագործման խնդիրներին։
«Մենք այսօր պարտավոր ենք պայքարել տարբեր արհեստածին խնդիրների դեմ, որոնք բանակում առկա են։ Միայն բանակի չեն, մեր հասարակության շատ պրոբլեմներ փոխանցվում են բանակին»,- ասել է նա։
Պապիկյանի խոսքով՝ յուրաքանչյուր դեպքի դեպքում անհրաժեշտ է ոչ միայն պատասխանատուների նկատմամբ միջոցներ կիրառել, այլև հասկանալ խնդրի պատճառը, դրա կանխելիությունը և այն, թե որքանով է այն կապված զինվորական ծառայության հետ։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքներնով յոթ ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահվան դեպք, որից 11-ը պաշտոնապես համարվել են զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ չկապված։ Դրանից հետո ՊՆ-ն հայտնել էր մահվան ևս 4 դեպքի մասին։











