Գլխավոր Լրահոս

Big Tech-ը կործանում է ժողովրդավարությունը. Նոբելյան մրցանակակիր Մարիա Ռեսա

Big Tech-ը կործանում է ժողովրդավարությունը. Նոբելյան մրցանակակիր Մարիա Ռեսա

Սոցիալական ցանցերը սովորեցին պահել մարդկանց ուշադրությունը, իսկ արհեստական բանականության նոր համակարգերը կարող են արդեն գործել նրանց անունից։ Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր, լրագրող Մարիա Ռեսան սա համարում է ժողովրդավարության համար աճող վտանգ։ Foreign Policy-ին տված հարցազրույցում նա խոսում է այն մասին, թե ինչ կարող են անել պետությունները, լրագրողներն ու քաղաքացիները։

Մարիա Ռեսան աշխարհի ամենաազդեցիկ լրագրողներից է։ Ավտորիտարիզմին դիմակայելու նրա խիզախությունը 2021-ին նրան արժանացրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այժմ նա իր ուշադրությունը կենտրոնացրել է արհեստական բանականության և Big Tech-ի վրա՝ ուսումնասիրելով, թե ինչպես կարող են սովորական քաղաքացիները հետ բերել իրենց ուշադրության ու ժամանակի նկատմամբ վերահսկողությունը և պաշտպանել իրենց ժողովրդավարությունը։

Ռեսայի նկարագրությամբ՝ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների (Big Tech) ազդեցությունն աճել է երեք փուլով։ Սոցիալական ցանցերը հավաքել են մարդկանց վարքի մասին տվյալներ և դրանք օգտագործել անհատականացված բովանդակություն ցուցադրելու համար։ Դրանց հաջորդել են գեներատիվ AI-ի չաթբոտերը։ Այժմ զարգանում են AI գործակալները՝ համակարգեր, որոնց օգտատերը կարող է թույլ տալ իր փոխարեն գործողություններ կատարել։

«Այժմ թիրախում գործելու մեր կարողությունն է»,- ասում է Ռեսան։ Նրա մտահոգությունն այն է, որ տեխնոլոգիաներն ազդում են ոչ միայն մարդու տեսած տեղեկության, այլև նրա զգացմունքների, որոշումների և ի վերջո՝ քվեարկության վրա։ Սոցցանցերի համար էկրանին անցկացրած ժամանակը եկամուտ է. այդ պատճառով, ըստ Ռեսայի, դրանց շահը հաճախ հակասում է տեղեկացված ընտրություն կատարելու հանրային շահին։

Ռեսան նաև ՄԱԿ-ի արհեստական բանականության անկախ գիտական հանձնաժողովի համանախագահն է։ Նրա խոսքով՝ որևէ պետություն միայնակ չի կարող լուծել տեխնոլոգիական ընկերությունների վերահսկողության խնդիրը։ Նա կառավարություններին հորդորում է մասնակցել միջազգային կանոնների մշակմանը, նույնիսկ եթե իրենք AI-ի առաջատար մոդելներ չեն ստեղծում. դրանց ազդեցությունը, միևնույն է, հասնում է իրենց քաղաքացիներին։

Հարցազրույցում Ռեսան առանձնացնում է փոխկապակցված երեք ճգնաժամ՝ վստահության, կարգի և հաշվետվողականության։ Երբ կեղծ տեղեկությունը լայն տարածում է ստանում, հասարակության համար դժվարանում է համաձայնության գալ նույնիսկ փաստերի շուրջ։ Դա, նրա գնահատմամբ, թուլացնում է հանրային քննարկումն ու իշխանություններին պատասխանատվության ենթարկելու կարողությունը։ «Ի՞նչ եք պատրաստ զոհաբերել հանուն ճշմարտության»,- հարցնում է նա։

Խնդիրը անմիջականորեն վերաբերում է նաև լրագրությանը։ Ռեսայի հիմնադրած Rappler-ի նման լրատվամիջոցները ֆինանսավորում են բովանդակության ստեղծումը, մինչդեռ AI ծառայությունները կարող են այդ բովանդակությունից օգտվել և պատասխանն անմիջապես ցույց տալ օգտատիրոջը։ Եթե ընթերցողը չի այցելում սկզբնաղբյուրի կայք, լրատվամիջոցը կորցնում է եկամուտ ստանալու հնարավորությունը։ Ռեսայի խոսքով՝ լրագրության գովազդային հին մոդելն այլևս չի աշխատում, իսկ դրա փոխարինողը դեռ որոնման փուլում է։

Նրա կոչը քաղաքացիներին միայն ընտրություններին մասնակցելը չէ։ Ռեսան հորդորում է աջակցել անկախ լրագրությանը և պահանջել, որ պետությունները պաշտպանեն մարդկանց տեղեկատվական միջավայրը։ Նրա համոզմամբ՝ տեխնոլոգիաների ապագա կանոնները դեռ հնարավոր է փոխել, բայց դրա համար հասարակությունը պետք է մասնակցի այդ որոշումներին հիմա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում