Արհեստական բանականության ոլորտի Anthropic ընկերությունն իր բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) ընթացքում անսովոր սահմանափակումներ է կիրառել գործարքին մասնակցող բանկերի նկատմամբ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով գործընթացին ծանոթ աղբյուրների։
Anthropic-ի բաժնետոմսերը Nasdaq բորսայում տեղաբաշխվել են նոյեմբերի 19-ին։ Reuters-ի տվյալներով՝ այս IPO-ն գերազանցել է 2026-ի հունիսին կայացած SpaceX-ի ռեկորդային տեղաբաշխումը։ Տեղաբաշխումն իրականացրած բանկերը ստացել են ավելի քան կես միլիարդ դոլարի վճար։
Ըստ աղբյուրների՝ Anthropic-ը տեղաբաշխող 22 բանկերից մի քանիսին հանձնարարել է գործարքի վրա աշխատող բանկիրների թիվը սահմանափակել չորսով և ներգրավել միայն ավագ աշխատակիցների։ Աղբյուրներից մեկի կարծիքով՝ սահմանափակումը, հավանաբար, պայմանավորված էր տեղեկությունների արտահոսքի վախով։ Նրա խոսքով՝ բանկերն այնուամենայնիվ գտել են այն շրջանցելու ձև։
Ընկերությունը բանկերի որոշ ղեկավարների առաջարկել է նաև ստորագրել փաստաթղթեր, որոնք գործարքի հիմնական թիմի անդամներին արգելում են IPO-ից հետո վեց ամիս աշխատել մրցակից ընկերությունների հետ։ Մրցակիցների թվում են OpenAI-ը, Cursor-ը, DeepSeek-ը և Hugging Face-ը։ Բանկիրներն ու իրավաբանները նշում են, որ IPO-ի ժամանակ նման լայն բացառիկության պահանջը, հատկապես առանձին բանկիրների նկատմամբ, հազվադեպ է։
Արտահոսքը վերահսկելու համար Anthropic-ը փաստաթղթերը բանկերին փոխանցել է NetRoadshow հարթակով։ Հարթակը գրանցում է, թե ով է բացել փաստաթուղթը և որ էջերն է դիտել։ Յուրաքանչյուր փաստաթղթի վրա որպես ջրանիշ դրված է եղել բանկիրի անունը։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ դա բարդացրել է բանկիրների աշխատանքը։ Reuters-ը IPO-ի հայտի մանրամասները հրապարակել էր դրա պաշտոնական հրապարակումից գրեթե չորս շաբաթ առաջ։
Աղբյուրների խոսքով՝ գործընթացին բնորոշ էին նաև սեղմ ժամկետներն ու վերջին պահի փոփոխությունները։ Թարմացված հայտի ճշգրտված տարբերակը բանկերին ուղարկվել է Նյու Յորքի ժամանակով գիշերվա ժամը 2-ի մոտ։ Բանկերին տրվել է մի քանի ժամ՝ այն հաստատելու համար։
Reuters-ի գնահատմամբ՝ դժգոհությունների հիմքում տեխնոլոգիական ընկերությունների և Ուոլ Սթրիթի միջև ուժերի նոր հարաբերակցությունն է։ Արհեստական բանականության ընկերությունների բաժնետոմսերի մեծ պահանջարկը SpaceX-ին և Anthropic-ին թույլ է տվել թելադրել իրենց պայմանները։
«Այս ընկերություններն իսկապես ունեին բավարար շուկայական ուժ՝ տեղաբաշխող բանկերին ասելու, որ ամեն ինչ սովորականի պես չի լինելու»,- ասել է Ֆլորիդայի համալսարանի՝ IPO-ներ ուսումնասիրող պրոֆեսոր Ջեյ Ռիթերը։
Anthropic-ը, ինչպես նաև երկու IPO-ների գլխավոր կազմակերպիչներ Goldman Sachs-ը և Morgan Stanley-ն, հրաժարվել են մեկնաբանել։
Anthropic-ի բաժնետոմսերն առաջին օրը թանկացել են 17 տոկոսով, սակայն ուրբաթ օրը փակվել են 8.5 տոկոս անկմամբ։ Անկումը տեղի է ունեցել արհեստական բանականության ոլորտի բաժնետոմսերի համատարած անկման ֆոնին։












