Գլխավոր Լրահոս

Դպրոցներում հիջաբի սահմանափակումը քննադատող ադրբեջանցի աստվածաբանը կալանավորվել է

Աբգյուլ Սուլեյմանովը

Աբգյուլ Սուլեյմանովը

Լուսանկարը՝ սոցիալական ցանցերից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ադրբեջանցի աստվածաբան Աբգյուլ Սուլեյմանովը 30 օրով վարչական կալանքի է ենթարկվել։ Այս մասին Meydan TV-ին հայտնել է նրա կինը։

«Աբգյուլն այսօր առավոտյան զանգեց։ Ասաց, որ երեկ իրեն տարել են Բաքվի քաղաքային ոստիկանության գլխավոր վարչություն։ Այսօր տեղափոխել են Բինագադի։ Հիմա փաստաբանը պետք է հանդիպի նրան։ Մեքենայի բանալիներն ու հեռախոսը վերցրել են»,- Meydan TV-ին ասել է Զահրա Սուլեյմանովան։

Սուլեյմանովին մեղադրել են ոստիկանության աշխատակցի պահանջին դիտավորյալ չենթարկվելու մեջ, սակայն ընտանիքը պնդում է, որ կալանքը կապված է սոցիալական ցանցերում նրա գրառումների հետ, որոնցում նա քննադատել էր դպրոցներում հիջաբ կրող աղջիկների նկատմամբ հնարավոր արգելքը։

«Եթե համարձակվեն հիջաբով դպրոց հաճախող աղջիկներին արգելել սովորել, ես կընտրեմ բանտն ու այնտեղ կմեռնեմ։ Ամեն դեպքում այս երկրում բոլորը բանտային կյանքով են ապրում»,- սեպտեմբերի 22-ին Facebook-ում գրել էր Սուլեյմանովը։

Սուլեյմանովն այս հայտարարություններն արել է, երբ Բաքուն հուլիսին փոփոխություններ մտցրեց «Ընդհանուր կրթության մասին» օրենքում՝ հանրակրթական համակարգը աշխարհիկ դարձնելու համար։

Ադրբեջանի իշխանությունները նախկինում ևս բազմիցս սահմանափակել են դպրոցներում հիջաբի կրումը, ինչը տեղի կրոնական գործիչների բողոքների պատճառ է դարձել։

2026-ի մարտին սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվում, թե երկրի տարբեր դպրոցներում հիջաբ կրող աշակերտներին թույլ չեն տալիս մասնակցել դասերին՝ պատճառաբանելով հագուստի կանոնների խախտումը։

Բաքուն հրապարակայնորեն չի հայտարարել, որ պատրաստվում է դպրոցներում հիջաբի արգելք սահմանել։

2010-ի նոյեմբերին Կրթության նախարարությունը փորձել էր նման արգելք մտցնել, սակայն Բաքվում, Գյանջայում և այլ քաղաքներում զանգվածային բողոքներից հետո հետ կանգնեց որոշումից։ Այնուամենայնիվ, բազմաթիվ ցուցարարներ ձերբակալվեցին։

Սա նաև Սուլեյմանովի առաջին ձերբակալությունը չէ։ Դպրոցներում հիջաբի արգելքի դեմ նախորդ բողոքի ցույցերի ժամանակ՝ 2011-ի օգոստոսին, նրան մեղադրեցին անկարգություններ կազմակերպելու, հասարակական կարգը խախտելու փորձի և մարդկանց անհնազանդության դրդելու մեջ։ Սկզբում նրան ձերբակալել էին թմրանյութ պահելու մեղադրանքով։ Ավելի ուշ Սուլեյմանովը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման և ազատ արձակվեց 2022-ի սեպտեմբերին։

Իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ ազատազրկման դատապարտված կրոնական գործիչների մեծ մասը կալանավորվել է թմրանյութ պահելու շինծու մեղադրանքներով։ Ըստ նրանց՝ սա իշխանությունների համար անցանկալի կամ սպառնալիք համարվող մարդկանց, իսկ բազմաթիվ կալանավորված մուսուլմանների դեպքում՝ Իրանի օգտին աշխատող գործակալների կերպար ստեղծելու հեշտ միջոց է։

«Եթե իրավապահ մարմինները ցանկանում են որևէ մեկին ձերբակալել, ընտրում են ամենահարմար տարբերակը՝ թմրանյութ պահելու մեղադրանքը»,- 2024-ի նոյեմբերին ձերբակալությունների հերթական ալիքից հետո OC Media-ին ասել էր իրավապաշտպան փաստաբան Ֆարիզ Նամազլին։

Նրա խոսքով՝ քննչական մարմինները հաճախ սպառնալիքների և խոշտանգումների միջոցով են կալանավորվածներից «խոստովանություններ» կորզում, ինչով էլ բացատրվում է, թե ինչու են իշխանությունների ընդդիմախոսներն այդքան հաճախ «ընդունում», որ թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ են զբաղվել։

«Երբ [...] անձին խուզարկում են, նրա մոտ իբր թմրանյութ են գտնում, իսկ նա «խոստովանում է», որ թմրանյութը գտել կամ անհայտ անձից է գնել, պարզ է, թե ինչպես են այդ խոստովանությունները ստացվել։ Հենց այդ պատճառով էլ ապօրինի թմրամիջոցների շրջանառության մեղադրանքները գործնական այդքան շատ են կիրառվում»,- ասել է Նամազլին։

Նա նաև նշել է, որ թմրանյութ պահելու մեղադրանքներն ավելի հեշտ է «ապացուցել», քան այլ մեղադրանքները, քանի որ հաճախ բավական է միայն վկաների ցուցմունքը։

2026-ի հուլիսի 7-ին Ադրբեջանը փոփոխություններ մտցրեց «Ընդհանուր կրթության մասին» օրենքում՝ սահմանելով, որ երկրի հանրակրթական համակարգը աշխարհիկ է։ Փոփոխություններով նաև պետական դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները պարտավորվում են պահպանել հագուստի սահմանված պահանջները։

Սեպտեմբերի 21-ին Նախարարների կաբինետը փոփոխեց դպրոցական համազգեստի կանոնները։ Նոր կարգով աշակերտներին արգելվում է կրել այնպիսի հագուստ, որը խախտում է դպրոցական համազգեստի միասնականությունը կամ հակասում հանրակրթության աշխարհիկ սկզբունքին։

Հիջաբի արգելքի դեմ բողոքները

Դպրոցներում հիջաբի հարցով ամենախոշոր բողոքի ցույցերից մի քանիսը տեղի են ունեցել 2010-2012-ին։ 2010-ի դեկտեմբերին հարյուրավոր մարդիկ Բաքվում մասնակցեցին բողոքի ցույցի՝ Կրթության նախարարության կողմից հիջաբի արգելքի մասին հայտարարությունից հետո։ Նույն շրջանում բողոքի ակցիաներ անցկացվեցին նաև Մասալլիում և Նարդարանում։

2011-ի մայիսի 6-ին Բաքվում՝ Կրթության նախարարության շենքի մոտ, հիջաբի արգելքի դեմ ևս մեկ խոշոր ցույց անցկացվեց։ Ոստիկանությունը ցրեց ակցիան, իսկ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 45 մարդ ձերբակալվեց։

2012-ի հոկտեմբերի 5-ին Բաքվում ևս մեկ զանգվածային ցույց անցկացվեց՝ «Ազատություն հիջաբին» կարգախոսով։ Շուրջ 200 մասնակցով ցույցը վերածվեց ոստիկանների և ցուցարարների միջև բախումների, 65 մարդ ձերբակալվեց։ Նրանցից մի քանիսը հետագայում ազատազրկման դատապարտվեցին, որոշ դեպքերում՝ մինչև վեցուկես տարի ժամկետով։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում