Գլխավոր Լրահոս

Գերիների վերադարձի հանրային պահանջատիրություն չկա․ փորձագետ

Գերիների վերադարձի հանրային պահանջատիրություն չկա․ փորձագետ

Հայաստանում ձևավորված չէ Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների վերադարձի հանրային պահանջատիրության օրակարգ։ Այս մասին հայտարարել է իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը՝ «Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով ՍիվիլՆեթի քննարկմանը։

Ըստ Մելիքյանի՝ հասարակությունը մենակ է թողել գերեվարվածների ընտանիքներին, իրավապաշտպաններին ու փաստաբաններին։

Փորձագետը նշել է, որ ի տարբերություն Իսրայելի օրինակի, որտեղ ամբողջ հանրությունը երկրի ներսում և դուրս ցույցերով պահանջում է գերիների անհապաղ վերադարձը, Հայաստանում այդ հանրային պահանջը բացակայում է։

«Վստահ չեմ, որ մեր հանրությունը գիտի այդ 19 կամ 19 պլյուս 1 անձանց։ Գուցե հիշում են, որ նախկին ղեկավարությունից մարդիկ կան, բայց մնացածի մասին ոչ մեկ տեղյակ էլ չէ և չենք էլ հիշում, թե ինչ հանգամանքներում են գերեվարվել»,- ասել է Մելիքյանը։

Նա հավելել է, որ այդ մարդիկ առաջին հերթին հենց իշխանության կոչով են զենք վերցրել ու պաշտպանել հայրենիքը, և այժմ նրանց միայնակ թողնելն առնվազն անարդար է։

Աննա Մելիքյանի խոսքով՝ հասարակական կազմակերպությունները փորձել են բաց նամակներով հարցը բարձրացնել ԱՄՆ փոխնախագահի այցի կամ ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, սակայն դա բավարար չէ և «մի կաթիլ է օվկիանոսում»։

Նրա խոսքով՝ երկրի ներսում չկա այն շարժիչ ուժը, որը կմոբիլիզացնի մարդկանց․ ընտանիքները կաշկանդված են՝ հարազատներին չվնասելու մտավախությամբ, իսկ իշխանությունների տարատեսակ խոսույթները հասարակության վրայից հանում են պատասխանատվության ու մեղքի զգացումը։

Միջազգային հարթակներում հարցի բարձրացման վերաբերյալ փորձագետը հայտնել է, որ ադրբեջանական պատվիրակությունները մեղադրում են հայ իրավապաշտպաններին նոր կոնֆլիկտ և էսկալացիա հրահրելու մեջ։

«Իրենք հաջողությամբ լռեցրել են Հայաստանի իշխանություններին, բայց նաև փորձում են լռեցնել ցանկացած այլ դերակատարի, որը այդ հարցերի մասին խոսում է, և մենք չպետք է դրան տրվենք»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով Կարմիր խաչի գործունեությանը՝ Մելիքյանը պարզաբանել է, որ Ադրբեջանն օգտվել է իր սուվերեն իրավունքից և խնդրել է դուրս բերել պատվիրակությանը, ինչի հետևանքով արդեն մեկ տարուց ավելի չկա պարբերական անկախ մշտադիտարկում, իսկ վերջին բնականոն այցը տեղի է ունեցել դեկտեմբերին։ Նա շեշտել է, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը անկախ մարմին չէ, իսկ միջազգային այլ ատյաններին Բաքուն թույլ չի տալիս մուտք գործել երկիր կամ ձգձգում է այցերը, կամ էլ կառույցները ձևական պատճառաբանություններով խուսափում են միջամտելուց։

Փորձագետի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում տեղեկություններ չկան գերիների առողջության ու պահման պայմանների մասին, այնինչ անազատության մեջ կան նաև տարեց մարդիկ։

«Խորհրդային Միության կողմից ժամանակին մարդկանց չվերադարձնելը հանգեցրել էր նրան, որ այդ մարդիկ մահացել են գերության մեջ, արդյո՞ք մենք դա էլ ընդունելի ենք համարում»,- հայտարարել է Աննա Մելիքյանը՝ կոչ անելով ավելի ակտիվ ջանքեր գործադրել, որպեսզի Կարմիր խաչը համոզի Ադրբեջանին թույլատրել հերթական այցելությունը և գերիներին օր առաջ վերադարձնել հայրենիք։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում