Բանակի բարեփոխումը պետք է սկսել 2020-ի պատերազմի ազնիվ գնահատումից․ Մայքլ Քոֆման

Ռուս-ուկրաինական պատերազմում կողմերի հյուծման, ռուսական բանակի մարտավարական փոփոխությունների և Հայաստանի պաշտպանական բարեփոխումների վերաբերյալ «ՍիվիլՆեթ»-ի հետ զրույցում գնահատականներ է ներկայացրել Carnegie Endowment for International Peace-ի ռազմական փորձագետ Մայքլ Քոֆմանը։ Նրա գնահատմամբ՝ ժամանակակից հակամարտություններում դրոնների ու բարձր տեխնոլոգիաների զանգվածային կիրառումը չի նվազեցնում հետևակի ու կառավարման օղակների վճռորոշ դերը։
Մայքլ Քոֆմանի հետ հարցազրույցի հիմնական մտքերը.
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ
• Ռուսաստանի հարձակողական գործողությունները մեծ կորուստների դիմաց գնալով ավելի քիչ արդյունք են տալիս։ Տեսանելի ապագայում ռուսական բանակի կողմից ամբողջ Դոնբասի գրավումը հավանական չէ։
• Ուկրաինան ընդլայնել է դրոններով հարվածները ռուսական լոգիստիկային, նավթավերամշակման գործարաններին և նավթի արտահանման ենթակառուցվածքներին։
• Թեև ռազմաճակատը համեմատաբար կայուն է, Ուկրաինայի թիկունքը ծանր վիճակում է։ Ռուսական հարվածները կուտակային վնաս են հասցրել էլեկտրամատակարարման և ջեռուցման համակարգերին, իսկ հակաօդային պաշտպանության հրթիռների պաշարները նվազում են։ Ձմռանն ընդառաջ սա լուրջ վտանգ է։
• Պատերազմը, ամենայն հավանականությամբ, չի ավարտվի կողմերից մեկի վճռորոշ ճեղքումով կամ այն պատճառով, որ կողմերից մեկը պարզապես «կսպառի մարդկանց»։ Ավելի հավանական է, որ երկարատև հյուծումը ստիպի վերանայել պատերազմական նպատակները։
• Դրոնների զանգվածային կիրառումը պահանջում է ավելին, քան սարքերը։ Անհրաժեշտ են պատրաստված ստորաբաժանումներ, կապ, ծրագրային համակարգեր, լոգիստիկա և հրամանատարություն, որոնք կարող են այդ ամենը միավորել։
• Ուկրաինական պատերազմում Ռուսաստանի բանակը կորցրել է լայնածավալ համատեղ զորատեսակային հարձակողական գործողություններ վարելու կարողության զգալի մասը։ Այն առավելապես անցել է փոքր խմբերով հետևակի կիրառման, այդ թվում՝ ներթափանցման մարտավարության։
• Ռուսական բանակը, սակայն, մեծ փորձ է ձեռք բերել հետախուզությունն ու կրակային միջոցները համադրելու, տարբեր տեսակի դրոններ և հեռահար հարվածային համակարգեր կիրառելու գործում։ Այն ընդլայնել է հրթիռների ու դրոնների արտադրությունը և սովորել է հակազդել Ուկրաինայում կիրառված արևմտյան որոշ զինատեսակների։
• Ռուսաստանի բանակի հնարավորությունները մեկ բառով՝ «ուժեղացել է» կամ «թուլացել է», գնահատել հնարավոր չէ։ Այն այժմ սահմանափակ կարողություն ունի լայնածավալ հարձակողական գործողությունների համար, բայց պատերազմից հետո կարող է ավելի արագ վերականգնել սահմանափակ ներխուժումներ իրականացնելու և դրանք դրոնների ու հրթիռների զանգվածային հարվածներով աջակցելու կարողությունը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
• Հայաստանի համար զսպումը երկու բաղադրիչ ունի՝ պաշտպանություն, որը թույլ չի տա հակառակորդին արագ հաղթանակ տանել, և երկարատև պատերազմի դեպքում նրան զգալի կորուստներ պատճառելու կարողություն։
• Բանակի բարեփոխումը պետք է սկսել 2020 թվականի պատերազմի ազնիվ գնահատումից՝ պարզելով և՛ ձախողումները, և՛ այն, ինչ աշխատել է։ Խնդիրը կարող էր լինել ոչ միայն սպառազինության պակասը, այլև առկա միջոցների վատ ինտեգրումը, հետախուզությունը կամ հրամանատարության ու կառավարման համակարգը։
• Նոր տեխնիկա գնելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ բանակ է կառուցվում և ինչպես են դրա տարբեր մասերը գործելու միասին։ Ժամանակակից պատերազմի բարդությունը նաև պահանջում է փորձառու մասնագետներ, որոնք երկար կմնան ծառայության մեջ։
• Դրոնները չեն վերացրել հետևակի անհրաժեշտությունը․ տարածք գրավելու և պահելու համար զինվորներ են պետք։ Շարունակում են վճռորոշ լինել ստորաբաժանումների համախմբվածությունը, տեղում որոշումներ կայացնող հրամանատարները և զինվորների վստահությունը նրանց նկատմամբ։
• 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմում թուրքական Bayraktar TB2 և իսրայելական դրոնները վճռորոշ դեր ունեցան։ Ուկրաինայում, սակայն, TB2-ները դեր խաղացին հիմնականում պատերազմի առաջին շաբաթներին, որից հետո դրանց մեծ մասը խոցվեց։ Մի պատերազմում արդյունավետ զինատեսակը պարտադիր չէ, որ նույն արդյունքը տա մեկ այլ պատերազմում։










