Հայաստանի բանակի բարեփոխումները չեն կարող սահմանափակվել նոր սպառազինության գնումներով․ անհրաժեշտ է հասկանալ նախորդ պատերազմի ձախողումների պատճառները և վերանայել բանակի կազմակերպման ու մարտական գործողությունների վարման ձևերը, ասում է ռազմական փորձագետ Մայքլ Քոֆմանը։
Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի Ռուսաստան–Եվրասիա ծրագրի ավագ գիտաշխատող Քոֆմանը ՍիվիլՆեթի Էրիկ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է Ուկրաինայի պատերազմի ընթացքին, ռուսական բանակի փոփոխություններին, անօդաչու սարքերի հնարավորություններին ու սահմանափակումներին և այն դասերին, որոնք Հայաստանը կարող է քաղել վերջին պատերազմներից։ Հարցուպատասխանը ներկայացված է թարգմանաբար՝ մանր խմբագրումներով։
- Ողջույն: Ես ՍիվիլՆեթի հաղորդավար Էրիկ Հակոբյանն եմ: Այսօր պատիվ ունենք հյուրընկալելու Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի Ռուսաստան-Եվրասիա ծրագրի ավագ գիտաշխատող Մայքլ Քոֆմանին: Նա ռուսական զինված ուժերի և Ուկրաինայում շարունակվող պատերազմի հարցերով առաջատար փորձագետ է: Պարոն Քոֆմանը վերջին մի քանի օրերին Հայաստանում էր՝ մասնակցելու «ԱՊՐԻ ֆորում 2026» միջազգային ֆորումին, որը կազմակերպել էր Հայաստանի առաջատար վերլուծական կենտրոններից մեկը՝ «ԱՊՐԻ Արմենիան»: Շնորհակալ եմ մեզ միանալու համար, Մայքլ։
- Շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ, ՌԱԶՄԱՃԱԿԱՏՆ ՈՒ ԹԻԿՈՒՆՔԸ
- Գիտեք, օրվա հիմնական թեմաներից մեկը, ակնհայտորեն, Ուկրաինայում շարունակվող պատերազմն է, որը, ինչպես հասկանում եք, արդեն հինգերորդ տարին է ընթանում: Այս պատերազմի ընթացքում բազմաթիվ վերելքներ ու վայրէջքներ են եղել։ Ես դրան նայում եմ ոչ մասնագետի կամ լրագրողի տեսանկյունից։ Մինչև մոտ վեց կամ յոթ ամիս առաջ թվում էր, թե ռուսները դանդաղ, բայց հաստատուն կերպով առաջ է գնում։ Հանրային ընկալումն այն էր, որ Ուկրաինան դժվար վիճակում է հայտնվել, դանդաղ նահանջում է, այն Ռուսաստանին ակնհայտորեն զգալիորեն զիջում է զորքի քանակով և պարզապես երկու երկրների միջև ուժերի հավասարակշռությամբ։ Բայց դա, կարծես, փոխվել է, կամ առնվազն դրա մասին հանրային կարծիքն է փոխվել վերջին վեց ամիսներին՝ հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի խորքերին հարվածներ հասցնելու Ուկրաինայի կարողությունները: Մենք ականատեսն ենք լինում, որ նրանք, ըստ էության, հարձակվում են Ռուսաստանի տնտեսության համար կարևոր օբյեկտների վրա։ Ի՞նչ կարող եք ասել, ի՞նչ փուլում է այսօր այս պատերազմը։
- Սովորաբար հանրային ընկալումը հակված է հետ մնալու պատերազմի ընթացքում տեղի ունեցող իրադարձություններից, քանի որ այն հաճախ լուսաբանվում է լրատվամիջոցների կողմից, և այստեղ կա նաև սեզոնայնության գործոնը։ Որպես մարդ, որն այս հակամարտությունն ուսումնասիրում է նախքան բուն պատերազմի սկսվելը, երբ 2021-ին Ռուսաստանը մեծացնում էր իր ռազմական ներկայությունը Ուկրաինայի սահմանամերձ տարածքներում, կարող եմ ասել, որ սովորաբար պատերազմի ընթացքի մասին հանրային ընկալումները շատ, շատ լավ են լինում գարնանը՝ որոշ առումներով մի փոքր ավելի լավ, քան իրավիճակն իրականում է։ Այնուհետև ամռանն իրավիճակը դառնում է ավելի բարդ, աշնանը՝ հաճախ անկայուն, իսկ ձմռանը՝ շատ ավելի վատ, քան այն իրականում է։
Այսպիսով, լավատեսության և հոռետեսության հերթագայության միտում կա պատերազմի լուսաբանման գործում։ Կարծում եմ՝ արդարացի կլինի ասել, որ 2025-ից սկսած՝ Ռուսաստանի ռազմական ջանքերը, այն, թե ինչ մեթոդներով են նրանք պատերազմում, ակնհայտորեն սկսել են ավելի պակաս արդյունք տալ։ Թե՛ զոհերի թիվը, թե՛ հարձակողական գործողությունների ընդհանուր մոտեցմանը չհարմարվելը հանգեցրել են նրանց ջանքերի դանդաղեցմանը ձմռանը և գարնանային հարձակման սկզբին։ Իմ կարծիքով՝ 2023-ի ձմռանը ձախողված հարձակումից ի վեր սա, այս պատերազմի ընթացքում, թերևս, ամենավատ տարին է եղել ռուսական զորքի համար։
Ուկրաինան այս տարի մի շարք նշանակալի քայլեր է ձեռնարկել։ Դրանցից մեկը անօդաչու թռչող սարքերի միջոցով օպերատիվ խորության վրա հարվածային արշավի ընդլայնումն է։ Խոսքը, այսպես կոչված, «միջին հեռահարության հարվածների» մասին է, որոնցով փորձ է արվում զգալիորեն խոչընդոտել և խափանել Ռուսաստանի լոգիստիկան։ Եղել են նաև Ռուսաստանի խորքերին հասցված հարվածային մի քանի այլ արշավներ, ինչպես դուք նշեցիք։ Դրանցից մեկն ուղղված էր ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ։ Մյուսի թիրախում էր էներգակիրների արտահանումը, որի ժամանակ հարվածում էին կարևոր նավահանգիստներին, որոնք Ռուսաստանն օգտագործում է նավթի արտահանման համար։ Մյուսը՝ Ղրիմը մեկուսացնելու արշավն էր։ Այսպիսով, Ուկրաինան այս տարի շատ ավելի լավ արդյունքների է հասել, քան նախորդ տարիներին։ Կարելի է ասել, որ սա վկայում է այն մասին, որ ժամանակն այլևս Ռուսաստանի օգտին չի աշխատում։
Այդուհանդերձ, թեև այս տարի ռազմաճակատն ավելի ու ավելի կայուն է դարձել, նույնիսկ որոշ առումներով՝ ավելի դինամիկ, իսկ ուկրաինական զորքը տարվա ընթացքում նաև երկու տեղային հակագրոհ է ունեցել, Ուկրաինայի համար հիմնական խնդիրը մնում է այն, որ Ռուսաստանի հարվածները կուտակային վնաս են հասցրել ուկրաինական ենթակառուցվածքներին, իսկ Ուկրաինայի հրթիռային պաշտպանության համակարգը սպառվել է [հրթիռների պակասի պատճառով - խմբ.]։
- Խոսքը ռազմակա՞ն, թե՞ քաղաքացիական ենթակառուցվածքի մասին է։ Թե՞ այս փուլում դա նույն բանն է։
- Խոսքը քաղաքացիական ենթակառուցվածքի մասին է: Բայց, գիտեք, երկրի քաղաքացիական ենթակառուցվածքը նույնքան կարևոր է նաև զինվորականների համար՝ մի քանի պատճառով։ Առաջին հերթին դա էլեկտրաէներգիայի արտադրությունն է, բայց հիմնականում դա վերաբերում է բաշխմանը, ապա ջեռուցում և այլն։ Իհարկե, հարձակման է ենթարկվել նաև Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերական համալիրի զգալի մասը։
Էլեկտրաէներգիան կարևորագույն նշանակություն ունի, քանի որ երկիրը միայն դրա սահմանները չեն, երկիրը նաև ժողովրդն է և տնտեսությունը, և առանց էլեկտրաէներգիայի պաշտպանական արտադրությունն անհնար է, այնպես չէ՞։ Հետևաբար, այն կարևոր է ռազմական գործողությունների համար։ Չնայած այս տարի ռազմաճակատում Ուկրաինայի համար համեմատաբար կայուն է եղել, նրանք լավ արդյունքներ են ցույց տվել, սակայն, երկրի առջև ծառացած իրական խնդիրը թիկունքում է, հատկապես հաշվի առնելով, որ մոտենում է ձմեռը։
Անցյալ ձմռանը Կիևում կային այնպիսի ժամանակահատվածներ, երբ մարդիկ օրական ընդամենը մեկուկես ժամ էին էլեկտրաէներգիա ունենում և շատ սահմանափակ հասանելիություն տաք ջրին։ Այնպես որ, շատ մտահոգություններ կան առ այն, թե ինչպիսին կլինի իրավիճակն այս տարի քաղաքներում՝ հաշվի առնելով, թե որքան վնաս է հասցվել ենթակառուցվածքներին։
ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ԱՎԱՐՏՎԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
- Եկեք հետ գնանք։ Գիտեք, չնայած ես ատում եմ այս համեմատությունը, բայց ես ինչ-որ իմաստով բավականաչափ մեծ եմ դա հիշելու համար․ հաշվի առնելով այս պատերազմի տևողությունը, եթե չեմ սխալվում, սա պատերազմի հինգերորդ տարին է․․․
- Այո, հինգերորդ տարին է։
- Սա գրեթե նույնն է, ինչ Իրան-Իրաք պատերազմը, սակայն՝ Եվրոպայում։
- Սա իսկապես շատ տեղին համեմատություն է։
- Այդ պատերազմում, ըստ էության, կային երկու ուժասպառ կողմեր, որոնք ի վերջո հանձնվեցին՝ կախված նրանից, թե մենք ինչ կարծիքի ենք այն մասին, թե պատերազմն ինչպես ավարտվեց։ ԱՄՆ միջամտությունից հետո իրանցիները հասկացան, որ չեն կարող շարունակել, իսկ իրաքցիները հստակ պատրաստ էին հանձնվել դրանից շատ ավելի առաջ։ Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր պատերազմ ինչ-որ պահի ավարտվում է։ Այս պատերազմը ևս կավարտվի։ Արդյոք այն կավարտվի հիմա՞՝ փլուզվող կամ վնասված ռուսական տնտեսության պատճառով, թե՞ որովհետև Ուկրաինայում, կոպիտ ասած, պարզապես այլևս մարդ չի մնա կռվելու համար։ Կողմերից որի՞ հանձնվելն է ավելի հավանական։
- Թույլ տվեք հստակեցնել. չեմ կարծում, որ կողմերից որևէ մեկի մարդկային ռեսուրսը կսպառվի։ Ուկրաինան ցույց է տվել, որ կարող է առաջնագիծը պահել շատ ցածր խտությամբ տեղակայված մարդուժի միջոցով՝ հիմնականում հույսը դնելով անօդաչու թռչող սարքերի և դրանք կառավարող ստորաբաժանումների վրա։ Եվ նրանք դրան հասան՝ մարդուժը մարտական հետևակից վերաբաշխելով անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումների և լոգիստիկայի վրա, քանի որ դա էր այդ խնդիրը լուծելու ամենաարդյունավետ միջոցը։ Ուկրաինայում ռուսական բանակի ներկայության աճին զուգահեռ ուկրաինացիների համար պարզ դարձավ, որ իրենք երբեք չեն կարող համեմատվել ռուսական բանակի հետ մարտի դաշտում ո՛չ անձնակազմի թվի, ո՛չ էլ նյութատեխնիկական ապահովման առումով։
Մյուս կողմից, Ռուսաստանը մեկ տարուց ավելի է, ինչ բախվում է խնդրի. Ռուսական կողմի ամսական անդառնալի կորուստները՝ թե՛ սպանվածների, թե՛ ծանր վիրավորների թիվը, մոտավորապես համապատասխանում են ամսական զորակոչվողների թվին։ Խոսքը մոտ 35,000 զինվորի մասին է։ Այսպիսով, եթե կարող եք հավատալ, Ռուսաստանն ամսական միջինը այդքան մարդ է զորակոչում և կորցնում մոտ նույնքան, և դա ներառում է թե՛ սպանվածները, թե՛ ծանր վիրավորները, իսկ որոշ ամիսներին՝ նույնիսկ ավելի շատ: Սովորաբար Ռուսաստանի կորուստները կտրուկ աճում են աշնանը և ձմռանը, ապա փոքր-ինչ նվազում գարնանը և ամռանը:
Այնպես որ, պատերազմը չի ավարտվի կողմերից որևէ մեկի մարդկային ռեսուրսի սպառվելու պատճառով։ Կարծում եմ՝ Իրանի և Իրաքի հետ համեմատությունը շատ տեղին է, քանի որ սկզբում այն վերածվեց մաշեցնող, ապա՝ ուժի լիակատար սպառման պատերազմի: Եվ քանի որ կողմերից ոչ մեկը չկարողացավ զգալի հաջողությունների հասնել մարտի դաշտում, նրանք հիմնականում անցան ռազմավարական ռմբակոծության, կամ, ինչպես դա անվանում էին այդ պատերազմի ժամանակ՝ քաղաքների պատերազմի:
- Այո, հրթիռային հարձակումներ էին։
- Այո, ճիշտ է։
- «Սկադ» հրթիռային համալիրներ:
- Այս առումով, կարծում եմ, սա ևս համապատասխան մոտեցում է՝ վերլուծելու այս պատերազմը, որը, հուսով եմ, չի տևի ութ տարի։ Դժբախտաբար, այս տեսակի ավանդական պատերազմները, ձգձգվող պատերազմները, հակված են շատ ավելի երկար տևել, քան ակնկալվում է, քանի որ երկու կողմերն էլ, ի վերջո, բավականաչափ դիմացկուն են լինում, ընկնում են անօգուտ ծախսերի թակարդը, և պատերազմը, ըստ էության, վերածվում է ուժասպառ անող պատերազմի։
Այնպես որ, լիովին արդարացի է ասել, որ չնայած մենք չգիտենք, թե ինչպես կավարտվի պատերազմը,- և ես չեմ սիրում գուշակություններ անել, քանզի դա ռազմական վերլուծության անելիքը չէ,- արդարացի է ասել, որ պատերազմը, թերևս, չի ավարտվի այն պատճառով, որ կողմերից որևէ մեկը մարտի դաշտում վճռական, օպերատիվ առումով նշանակալի առաջընթացի կհասնի: Պատերազմը կավարտվի այն պատճառով, որ ուժերի սպառվածության աստիճանը կհամոզի կողմերից մեկին կամ երկուսին էլ, որ անհրաժեշտ է զգալիորեն վերանայել իրենց ռազմական նպատակները և դրանք համապատասխանեցնել իրենց ռազմական իրական կարողություններին:
Մենք հետևում ենք մարտի դաշտում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ դրանք ձևավորում են մեր սպասումները առ այն, թե ինչ կարող ենք ակնկալել։ Կարծում եմ՝ խնդիրն այն է, որ վերլուծաբաններն օբյեկտիվորեն կարողանում են տեսնել, թե ինչ է տեղի ունենում մարտի դաշտում։ Սակայն քաղաքական առաջնորդները բոլորովին այլ բան են պատմում իրենք իրենց։
Քաղաքական առաջնորդները հակված են պաթոլոգիաների. նրանք կարող են հակված լինել ռազմական լավատեսության, թեև պարզ է, որ ռուսական բանակը ծանր վիճակում է և չունի Դոնբասի մնացած մասը մոտ ապագայում գրավելու որևէ հնարավորություն, հեռանկար, միանշանակ ոչ այս տարի: Ընդ որում, դա կարող է տեղի ունենալ միայն ծանր կորուստների գնով։ Ու չնայած սա կարող է ճիշտ լինել, այդուհանդերձ, դա չի նշանակում, որ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը կիսում է այս տեսակետը։
ԱՆՕԴԱՉՈՒՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՓՈՓՈԽՎՈՂ ԲՆՈՒՅԹԸ
- Հայաստանում մեզ համար պատերազմը 2020-ին էր, և առաջին անգամ այդ ժամանակ կիրառվեցին անօդաչու թռչող սարքեր, ուստի մենք ունենք պատերազմի մասին յուրահատուկ ընկալում: Բայց, ինչպես ցանկացած պատերազմ, կարծում եմ՝ միջին վիճակագրական մարդու համար էլ պարզ է, որ 2020-ի փորձն արդեն հնացած է այսօրվա փորձառության համեմատ։ Հետաքրքիր է, ի՞նչ եք կարծում որպես փորձագետ, կարո՞ղ եք բացատրել սովորական մարդկանց, թե որքանով է փոխվել պատերազմը կամ պատերազմի վարման մեր ընկալումը 2022-ի սկզբից մինչև այսօր: Ի՞նչն է կտրուկ փոխվել, և ի՞նչը՝ ոչ:
- Այս զրույցի ընթացքում կարևոր է տարբերակել, թե ինչ է փոխվել ձեր դիտարկած կոնկրետ պատերազմում, օրինակ՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում, և որքանով է փոխվում պատերազմի բնույթը, ինչը հարց է և հաճախ լայն քննարկման առարկա։ Հիմա բացատրեմ, թե ինչու։
Յուրաքանչյուր պատերազմ ունի իր համատեքստը։ Այն, ինչը լավ է աշխատել մի պատերազմում, պարտադիր չէ, որ վճռորոշ դեր խաղա մեկ այլ պատերազմում։ Թույլ տվեք որպես օրինակ բերեմ Լեռնային Ղարաբաղում 2020-ի պատերազմը։ Թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը, զուգորդված իսրայելական անօդաչու թռչող սարքերի հետ, վճռորոշ դեր խաղաց այդ պատերազմում, այնպես չէ՞։ Դա արդարացի գնահատական է։
Ուկրաինան 48 հատ TB-2 Bayraktar տեսակի անօդաչու թռչող սարք գնեց։ Դրանք ինչ-որ դեր խաղացին ռուս-ուկրաինական պատերազմի առաջին երկու շաբաթների ընթացքում միայն, իսկ դրանց մեծ մասը կարճ ժամանակ անց խոցվեց։ Դրանից հետո մենք ոչինչ չենք լսել ռուս-ուկրաինական պատերազմում TB-2 Bayraktar անօդաչուի ունեցած դերի մասին։ Ես դա վստահ եմ ասում։
Սա տեխնոլոգիայի կիրառման մեկ օրինակ է, որը կարող եք տեսնել մեկ պատերազմի ժամանակ, մտածել, որ այն վճռորոշ դեր է խաղացել այդ հակամարտության ընթացքում, ապա գնեք այն՝ մտածելով, որ այն վճռորոշ դեր կխաղա ձեր պլանավորած պատերազմում, բայց հետո պարզվի, որ իրականում դա այդպես չէ։ Այսպիսով, ռազմական տեխնոլոգիաների էվոլյուցիան տեխնոլոգիական շարունակական առաջընթացի ուղիղ գիծ չէ։ Պատերազմի բնույթը իսկապես չի կարելի սահմանափակել տեխնոլոգիայով։ Տեխնոլոգիան ազդում է մարտավարության, ապա՝ օպերատիվ արվեստի վրա, բայց դա չէ խնդիրը։
Իրականում, մենք տեսնում ենք, թե ինչպես է պատերազմի բնույթը փոխվում, երբ մարտական գործողություններին բոլորովին այլ մոտեցում ենք ցուցաբերում: Պատերազմում իրականում կարևորը ուժի կիրառումն է, թե ինչպես եք դուք օգտագործում ուժը: Հետաքրքիր է այն, որ երկու երկրներ, ուսումնասիրելով նույն ռազմական տեխնոլոգիան, կարող են գտնել այն օգտագործելու տարբեր եղանակներ: Հաճախ նա, ով առաջինն է տեխնոլոգիան կիրառում մարտի դաշտում, պարտադիր չէ, որ բացահայտի այն օգտագործելու լավագույն եղանակը և հասնի վճռական արդյունքների։ Պատերազմի բնույթը փոխելու համար անհրաժեշտ է կարողանալ մի քանի կարևոր բան հասկանալ։
Նախ տեխնոլոգիաներից և մարտավարությունից զատ, կարևոր է հասկանալ, որ տարբեր երկրներում փոխվում են նաև օպերատիվ հայեցակարգերը և զինված ուժերի կառուցվածքը։ Ուսումնասիրելով Ռուսաստանի և Ուկրաինայի օրինակը՝ տեսնում ենք, որ բոլոր մանևրային կազմավորումներում ստեղծվել են անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումներ, ձևավորվել են անօդաչու թռչող սարքերի ամբողջական ուժեր, և հազարավոր զինծառայողներ այլ կազմավորումներից տեղափոխվել են զինված ուժերի նոր ճյուղեր։
Եվ փոխվում են կազմակերպչական կարողությունները, այդպես չէ՞։ Կան ամբողջական ստորաբաժանումներ, որոնք առաջադրանք ունեն մարտական գործողություններ կազմակերպել անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Եվ, ի վերջո, մենք տեսնում ենք, թե ինչպես են տեխնոլոգիաները տեղակայվում այդքան մեծ մասշտաբով՝ շնորհիվ բոլոր օժանդակ տեխնոլոգիաների։
Օրինակ՝ ուկրաինական պատերազմում, եթե չլինի Starlink արբանյակային կապը, եթե չլինի այն հիմնական ծրագիրը, որը թույլ է տալիս ուկրաինական զորքերին այդ կապի միջոցով անօդաչու սարքերն օգտագործել մեծ մասշտաբով, մենք ռազմի դաշտում ականատեսը չէինք լինի այս տեսակ մարտական գործողությունների։
Փոխարենը կունենայինք «Հեզբոլլա»-ին ավելի մոտ մի բան, որը ևս անօդաչու թռչող սարքեր է օգտագործում Իսրայելի պաշտպանության բանակի դեմ, բայց շատ փոքր մասշտաբով: Անօդաչու թռչող սարքերով մի քանի մարդը նույնը չէ, ինչ հազարավոր զինվորներ 1200 կիլոմետրանոց առաջնագծում, որոնք ամեն օր հազարավոր անօդաչու թռչող սարքեր են օգտագործում են, այնպես չէ՞: Հետևաբար, տեխնոլոգիայից բացի՝ պատերազմի բնույթը փոխելու համար պետք է հաշվի առնել բոլոր հնարավոր գործոնները:
Վերջապես, նաև խոշոր տերությունները պետք է իրենց ներդրումն ունենան այս ոլորտում։ Ցավով եմ ասում, բայց ինչ-որ չափով պատերազմի բնույթը բանակցվում է խոշոր տերությունների միջև։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը մեծ ներդրումներ է անում այս տեսակի պատերազմում։ Միացյալ Նահանգները շատ անորոշ դիրքում է։ Որպես աշխարհում ռազմական ուժ կիրառելու կարողություն ունեցող գերտերություն՝ Միացյալ Նահանգները դեռ վստահ չէ, թե արդյոք այս տեխնոլոգիան վճռորոշ կլինի, թե՞ դա պարզապես տեխնոլոգիա է, ինչին մենք պետք է հակազդել ապագա պատերազմներում։
Ինչ վերաբերում է Չինաստանին, հարցը մնում է բաց, թե որքանով ենք մենք տեղյակ, որ նրանք ներդրումներ են կատարել անօդաչու համակարգերում, բայց Խաղաղօվկիանոսյան թատերաբեմում մարտական գործողությունների համատեքստը շատ տարբեր է Եվրոպայում ցամաքային պատերազմից, այնպես չէ՞։ Այսպիսով, պատերազմի բնույթը որոշ չափով տարբերվում է՝ կախված այս տեսակի պատերազմում ներդրումներ կատարող խոշոր տերությունների միջև կոնսենսուսից։ Եվ ես կասեի, որ որոշ երկրներ արդեն դա արել են, մինչդեռ մյուսները, ինչպես օրինակ Միացյալ Նահանգները, դեռ մի փոքր տատանվում են շատ ակնհայտ պատճառով։ Մենք ավանդաբար առավելություններ ունենք մեր կարողությունների և պատերազմի մեթոդների առումով։
Երկրորդ՝ անօդաչու թռչող սարքերը իսկապես վճռորոշ դեր խաղացին ռուս-ուկրաինական պատերազմում: Բայց ԱՄՆ տեսանկյունից,- իսկ սա ներկայումս խիստ ամերիկյան տեսակետ է,- դրանք որևէ կողմի համար վճռորոշ հաղթանակի չհանգեցրին։ Դրանք հանգեցրին վճռորոշ հարաբերական փակուղու։ Գուցե «փակուղին» ամենաճշգրիտ նկարագրությունը չէ, բայց շատ ամերիկացիներ այդպես են դա ընկալում:
Այսպիսով, փոխանակ սա դիտարկելու որպես տեխնոլոգիա, որը հանգեցրել է մեկ կամ մյուս կողմի վճռական հաղթանակի, ինչպես կարող էր մեկնաբանվել Լեռնային Ղարաբաղի պատերազմի դեպքում, այստեղ մեկնաբանությունը կարող է ավելի երկիմաստ լինել դրսից նայողների համար։
Ի՞ՆՉ է ՍՈՎՈՐԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ
- Ես ձեզ պիտի մի հարց տամ, որը հաճախ չեն տալիս։ Կա համոզմունք, որ այս պատերազմից հետո, նույնիսկ եթե այն ավարտվի ոչ-ոքի հաղթանակով, ուկրաինական բանակը և Ուկրաինան որպես ամբողջություն կընկալվեն որպես այս դարի Պրուսիա՝ հաշվի առնելով նրանց նվաճումները, ռազմական հմտությունն ու գիտելիքները, հատկապես հաշվի առնելով այն, թե ինչպես նրանք 2013-2014 թվականներին Ղրիմի պատերազմից հետո իրենց փաստացի գոյություն չունեցող բանակից կառուցեցին այսօրվա բանակը:
Սակայն չի քննարկվում հարցը,- և գուցե սա պարզապես արևմտյան կողմնակալություն է,- թե որքանով է բարեփոխվել ռուսական բանակը։ Նրանք ակնհայտորեն շատ բան են սովորել և շատ բաների են հարմարվել։ Ի՞նչ փոփոխություններ են ուշագրավ ռուսական բանակում և ի՞նչ կնշանակի դա, երբ պատերազմն ավարտվի։ Ի՞նչ են նրանք սովորել այս փորձառությունից, որ մյուսները չգիտեն։ Եվ եթե, օրինակ, պատերազմն ավարտվի այսօր, ռուսական բանակն ավելի՞ հզոր դուրս կգա այս պատերազմից, թե՞ պակաս հզոր, քան այն ժամանակ էր։
- Դա իսկապես լավ հարց է։ Անկեղծ ասած, պատասխանը մի փոքր կախված է հանգամանքներից, քանի որ այս պատերազմի ընթացքում ռուսական բանակը և՛ վատ, և՛ լավ ցուցանիշներ է գրանցել։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որ ոլորտն ենք վերցնում և ինչի հետ եք այն համեմատում։ Դժբախտաբար, ռազմական հզորությունը գոյություն չունի որպես վերացական հասկացություն։ Այն խիստ կախված է համատեքստից։
Զինված ուժերը կարող է մեկ պատերազմ մղել և մեծ հաջողությունների հասնել, ապա մեկ այլ պատերազմ մղել աշխարհագրական այլ պայմաններում՝ լրիվ այլ հակառակորդի դեմ և շատ վատ արդյունքներ գրանցել։ Ուստի ռազմական ուժի արդյունավետության մասին գնահատականը մեծապես կախված է նրանից, թե ինչպիսի սցենարի հիման վրա ենք այն գնահատում։ Իմ կարծիքով՝ մենք հաճախ Ռուսաստանի զինված ուժերի գործողություններն ու ռազմական ներուժը այս պատերազմից հետո գնահատում ենք՝ դրանք ուղղակիորեն համեմատելով ՆԱՏՕ-ի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավոր սցենարի հետ։
Ըստ իս՝ կարևոր է հասկանալ, թե ինչ չափանիշ եք օգտագործում դա չափելու համար, քանզի եթե այս տարածաշրջանում եք, օրինակ՝ Կովկասում, կարող եք օգտագործել այլ չափանիշ։ Դուք կարող եք մտածել բոլորովին այլ համատեքստի մասին, քան ես։ Իրականում, դուք կարող եք մտածել, որ այս պատերազմից հետո ռուսական զինված ուժերը լիովին ունակ կլինեն ուժ կիրառել այս տարածաշրջանում։
Բայց դա այն չափանիշը չէ, որը ես օգտագործում եմ, և ոչ էլ այն սցենարը, որն ինձ ամենաշատն է անհանգստացնում: Մի կողմից՝ այս պատերազմի ընթացքում զգալիորեն վատացել են լայնածավալ համակցված մանևրներ կատարելու ռուսական բանակի կարողությունները: Մյուս կողմից՝ նրանք մասնագիտացել են փոքրաթիվ հետևակ տեղակայելու գործողություններում, և վերջին մեկուկես տարում կիրառել են ներթափանցման մարտավարություն:
Եվ այսպես, առաջացել է պարադոքս. որքան շատ ռուսական բանակի թիվը մեծացավ այս պատերազմի ընթացքում, այնքան ավելի քիչ ուժեր էր այն կարողանում բերել մարտի դաշտ, քանզի Ուկրաինան կարողանում էր արդյունավետորեն հակազդել։ Այսպիսով, չնայած Ռուսաստանը հսկայական ուժեր ունի՝ այն կարող է միաժամանակ տեղակայել միայն շատ փոքր թվով զինվորներ՝ համեմատաբար մեծ կորուստների գնով։
Չնայած վերը նշվածը ճշմարիտ է՝ ռուսական զինված ուժերը զգալիորեն ընդլայնել և կատարելագործել են հետախուզական կրակի և հարվածային զենքի կիրառման իրենց հնարավորությունները՝ օգտագործելով ոչ միայն ավանդական հրետանի և բարձր ճշգրտության հարվածային համակարգեր, այլև հսկայական քանակի տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր, միանգամյա հարվածային զինամթերք և միանգամյա հեռահար հարվածային անօդաչու թռչող սարքեր։
Նրանք ավելացրել են թևավոր և բալիստիկ հրթիռների արտադրությունը, այդ թվում՝ նոր տեսակի համակարգերի, թևավոր թեթև հրթիռների և նոր, արդիականացված բալիստիկ հրթիռների: Ես դրանք բոլորը չեմ թվարկի: Այսպիսով, որոշ առումով, նյութական տեսանկյունից, ռուսական զինված ուժերն այս պատերազմում հսկայական քանակի տեխնիկա է կորցրել, խոսքը 24,000 միավոր տարբեր տեսակի տեխնիկայի մասին է:
Այդուհանդերձ, Ռուսաստանը զգալիորեն օգտագործեց խորհրդային ժամանակներից մնացած զինտեխնիկայի և զենքերի պաշարները։ Եվ եթե ընդհանուր առմամբ դիտարկենք ռուսական զինված ուժերը, ապա պատերազմի ընթացքում դրա թիվը, հավանաբար, աճել է մոտ 50 տոկոսով՝ շուրջ 850,000 զինծառայողից հասնելով ներկայիս մոտ 1,3 միլիոնի։ Իսկ թե այդ թվից որքանը Ռուսաստանը կկարողանա պահպանել պատերազմից հետո, դեռ հայտնի չէ:
Այնուամենայնիվ, որոշ առումներով ռուսական զինված ուժերն իրականում ընդլայնվել է չափերով։ Այն զգալիորեն մեծացրել է իր անօդաչու թռչող սարքերի քանակը և ընդլայնել է իր ճշգրիտ հարվածային հնարավորությունները։ Ավելին, ժամանակի ընթացքում այն հարմարվել է արևմտյան երկրների զինված ուժերի հիմնական հնարավորություններին, որոնք մենք մշակել ենք Եվրոպայում ռուսական զինված ուժերին հակազդելու համար և որոնք տեղակայվել են ուկրաինական կողմում։
Սա, անշուշտ, չի նշանակում, որ ՆԱՏՕ-ի համակարգերն անարդյունավետ կլինեն, բայց որոշ կարևոր հնարավորություններ, որոնք տեղակայվել են, ինչպիսիք են HIMARS հրթիռային համակարգերը, GMLRS ճշգրիտ կառավարվող հրթիռային հրետանային համակարգերը, ATACMS կարճ հեռահարության տակտիկական բալիստիկ հրթիռները և այլ զինատեսակներ այս պատերազմի ընթացքում արդեն իսկ ապացուցել են իրենց արդյունավետությունը բազմաթիվ ձևերով՝ շնորհիվ մարտի դաշտում դրանց կիրառման առաջացրած ազդեցության և շոկի: Հետևաբար, մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչպես ենք բարելավելու այս համակարգերը, քանի որ ռազմական առաջնորդները հակված են գնել այն, ինչը արդյունավետ է եղել իրենց տեսած վերջին պատերազմում:
Սա լիովին բնական մարդկային վարքագիծ է։ Եվ նրանք հաճախ հաշվի չեն առնում, որ այս հնարավորություններն ամենամեծ ազդեցությունն են ունենում, երբ դրանք զանգվածաբար են տեղակայվում մարտի դաշտում: Դրանից հետո սկսվում են դրանց հարմարվելու և հակազդեցության մշակման ցիկլեր։ Հետևաբար, նրանք հաճախ հաշվի չեն առնում, որ իրենց դիտարկած պատերազմում առավելագույն ազդեցությունն արդեն իսկ ձեռք է բերվել, և բնավ պարտադիր չէ, որ այն նույն ազդեցությունն ունենա իրենց դեպքում:
Այսպիսով, երբ նայում եմ ռուսական բանակին, կարծում եմ՝ այժմ մի բանավեճի կենտրոնում ենք, որն իրականում բանավեճ էլ չէ: Ռուսական բանակի վերակառուցումը ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի՝ ժամանակի հարց է: Եվ գուցե խոսքը բավականին նեղ ժամանակահատվածի, գուցե յոթ տարվա մասին է, գուցե մի փոքր ավելի, կամ պակաս: Իմ մասնագիտության մեջ պաշտպանական պլանավորման նպատակներով 10 տարուց պակաս ցանկացած ժամանակահատված բավականին կարճ է համարվում:
Եվ չնայած ռուս զինվորականներից կարող է տարիներ պահանջվել վերականգնելու համար մարտական լայնածավալ գործողություններ իրականացնելու կարողությունը, օրինակ, ՆԱՏՕ-ի անդամների դեմ, այս պատերազմից կարճ ժամանակ անց ռուսական բանակն արդեն կունենա ցանկացած տեսակի սահմանափակ ներխուժման կարողություն, որին կաջակցեն հարվածային զենքի լիարժեք զինանոցն ու լիովին նորացված ներուժը, որը կարող է ռազմավարական հարվածներ հասցնել, նման այն արշավին, որը, ցավոք, այսօր ռուսական բանակը պարբերաբար իրականացնում է Ուկրաինայի դեմ՝ մեծ թվով անօդաչու թռչող սարքերի, բալիստիկ հրթիռների և թևավոր հրթիռների համատեղ հարվածներով։ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԱԿԸ. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԵՎ ԶՍՊՈՒՄ- Հիմա կանցնեմ Հայաստանին վերաբերող հարցի։ Ես ձեզ շատ անարդար հարց եմ տալու, ես անարդար հարցազրույց վարող եմ։
- Ես սովոր եմ դրան: Սա իմ առաջին հարցազրույցը չէ:
- Պատկերացրեք, որ ես կախարդական փայտիկ ունեմ, և հիմա 2020-ի նոյեմբերն է: Հայաստանը նոր է պարտություն կրել պատերազմում: Ես Հայաստանի վարչապետն եմ։ Ըստ էության, երկիրը պետք է սկսի զրոյից կառուցել ամեն ինչ՝ նոր բանակ կառուցի գրեթե բոլոր առումներով, քանի որ երկրի ունեցած ամեն ինչ ոչնչացվել է։ Եվ ես ձեզ առաջադրանք եմ տալիս և դրա կատարման համար 15 տարի ժամանակ: Ես ձեզ ասում եմ, որ ուզում եմ երեք բան՝ կարճաժամկետ ժամանակահատվածում ստեղծել զսպման միջոցներ, միջնաժամկետ հեռանկարում անել այնպես, որ Հայաստանը գրեթե հավասար հնարավորություններ ունենա Ադրբեջանի համեմատ, ու քանի որ երկու երկրների միջև տնտեսական հեռանկարը փոխվում է, ցանկանում եմ, որ 15 տարի անց Հայաստանը գերազանցություն ունենա։ Դուք որտեղի՞ց կսկսեք։
- Զսպումը ամենահեշտն է, քանզի դրա պահանջները շատ ավելի քիչ են, քան հաջողությամբ պատերազմ վարելու և հաղթելու համար անհրաժեշտ պահանջները: Ինչպես մենք ենք հասկանում, զսպումը, որպես կանոն, կարող է հիմնված լինել երկու գործոնի համադրության վրա: Առաջինը կանխարգելման միջոցով արդյունավետ զսպումն է: Երկրորդը բավարար քանակի պաշտպանական ամրությունների և պաշտպանական հնարավորությունների առկայությունն է, որը հնարավորություն կտա թշնամուն զրկել հեշտ և արագ հաղթանակից:
Պետք է հաշվի առնել ոչ միայն, թե ինչպես է տվյալ բանակը կռվել վերջին պատերազմում, այլև թե ինչպես է այն զարգանում և որքանով է պատրաստ ապագա պատերազմներին, որպեսզի չհայտնվեք իրավիճակում, երբ մտածեք, որ իսկապես լավ արդյունք եք գրանցել 1990-ականների պատերազմում և հավանաբար, կրկին նույնպիսի արդյունք կունենանք հաջորդ պատերազմում: Դա պատահում է շատ բանակների հետ։ Միայն Հայաստանի հետ չի դա պատահել։
Երկրորդ՝ զսպումը պետք է ներառի այնպիսի վնաս, որը շատ ավելի մեծ է, քան թշնամու ունեցած առավելությունները: Սա սովորաբար իրականացվում է հեռահար հարվածների միջոցով:
- Խոսքը տնտեսական, թե՞ ռազմական վնասի մասին է:
Խոսքը ռազմական վնասի մասին է: Վերջին հաշվով, սա հնարավորություն է տալիս հեռահար հարվածներ հասցնել թշնամուն և տնտեսական զգալի վնաս հասցնել։ Որոշ չափով դա իր պտուղներն է տվել Իրանին այդ երկրի դեմ ԱՄՆ-ի ներկայիս պատերազմում։ Այսպիսով, անհրաժեշտ է երկու բաղադրիչ՝ կանխարգելիչ միջոցներով զսպում, արդյունավետ պաշտպանություն՝ թշնամու արագ հաղթանակը տեղում կանխելու համար, և երկրորդ՝ զգալի վնաս հասցնելու կարողություն, եթե պատերազմը վերածվի ավանդական երկարատև պատերազմի: Իսկ պատճառն այն է, որ պատերազմի հիմնական պահանջները հետևյալն են. առաջին՝ արդյոք թշնամու քաղաքական առաջնորդները կարծո՞ւմ են, որ կարող են հաղթել առանց կռվի: Երկրորդ՝ արդյոք նրանք կարծո՞ւմ են, որ եթե պատերազմ սկսվի, ապա իրենք կհասնեն արագ և հեշտ հաղթանակի: Եվ երրորդ՝ եթե պատերազմը վերածվի երկարատև ավանդական պատերազմի, արդյոք նրանք կարծո՞ւմ են, որ հնարավոր ծախսերն արդարացված են: Պետք է ազդել հակառակորդի որոշումների կայացման վրա այս երեք մակարդակներում:
Եվ խոսքը միայն խիստ ռազմական հավասարակշռության մասին չէ։ Իրականում, ռազմական հարցերը պլանավորողները չափազանց ռացիոնալիստական տեսակետ ունեն, քանի որ շատ չեն առնչվում քաղաքական առաջնորդների կամ այն մարդկանց հետ, որոնք կոնկրետ որոշումներ են կայացնում պատերազմների վերաբերյալ։ Քաղաքական առաջնորդները հաճախ քիչ բան գիտեն ռազմական հարցերի մասին, ունեն իրենց սեփական տեսակետներն ու ենթադրությունները, խորապես սուբյեկտիվ են, և ճշգրիտ ռազմական հավասարակշռությունը՝ թե ով ունի տանկերի կամ հրետանու ճիշտ քանակը, պարտադիր չէ, որ լինի այն գործոնը, որը ձևավորում է նրանց մտածողությունը պատերազմի մասին։
Երկրորդ՝ շատ արագ անդրադառնամ հարցին, թե ինչ կփոխեի բարեփոխումների ընթացքում։ Նախ պետք է հասկանալ, թե բանակում ինչն է լավ աշխատում։ Հաճախ, երբ բանակը վատ է գործում, մարդիկ կարող են սխալ մեկնաբանել պատճառները։ Երբեմն բանակն ունի անհրաժեշտ կարողությունները, բայց օրինակ, կա շատ վատ ինտեգրացիա հակաօդային պաշտպանության համակարգի հետ, լիովին հնացած է ղեկավարման և կառավարման համակարգը, ուստի բանակի որոշ ստորաբաժանումներ ավելի վատ են գործում, քան առանձին ստորաբաժանումները։ Նման բաներ պատահում են։
Կարծում եմ՝ սա այն է, ինչ որոշ չափով տեղի ունեցավ Հայաստանի հետ՝ հակաօդային պաշտպանության առումով։ Դուք ունեիք լավ հակաօդային պաշտպանություն, բայց մեծ բացթողում միջին հեռահարության հակաօդային պաշտպանության ուղղությամբ։ Պետք է հասկանալ, թե որոնք են ձեր Զինված ուժերի ուժեղ կողմերը, որոնք պետք է պահպանվեն։ Ի վերջո, հազիվ թե ուզեք այդ ուժեղ կողմերից հրաժարվել՝ թույլ կողմերի հետ միասին, այնպես չէ՞։
Ի վերջո, յուրաքանչյուր պատերազմ փորձառություն է։ Իրականում, զինվորականներն ավելի շատ բան սովորում են պարտություններից, քան հաղթանակներից։ Չարժե վատնել այդ փորձառությունը։ Նույնիսկ եթե դուք պարտվել եք պատերազմում, դուք շատ բան եք սովորել ձեր զորքերի և թշնամու մասին։
Այս առումով, ես կասեի, որ պետք է վերլուծել, թե ինչն է սխալ գնացել, պարզել, թե իրականում ինչն է ճիշտ ստացվել և ինչն է պետք շտկել: Արդյոք խնդիր կա ռազմական տեղեկատվության հայթայթման հետ, թե՞ հրետանային հարվածային համակարգերի համար ռազմական տեղեկատվության հայթայթման, դիտարկման և հետախուզական տվյալների հետ է կապված խնդիրը։ Արդյոք ինտեգրացիայի՞, ղեկավարման և կառավարմա՞ն հետ կա խնդիր, թե՞ խնդիրն իրականում ոչ թե հնարավորություններն են, այլ այն, թե ինչպես է ամեն ինչ արվել, ինչպես է բանակը կազմակերպել մարտական գործողությունները:
Ամենահեշտ բանը պարզապես ավելի շատ նոր սարքավորումներ, սպառազինություն գնելն է։ Եվ ես միշտ մարդկանց ասում եմ՝ ուշադի՛ր եղեք, նախքան որևէ բան անելը, պարզեք, թե ինչու եք դա անում, ինչպես են ձեր ուժերը գործելու և ինչպիսի ուժեր եք փորձում ստեղծել, նախքան անմիջապես կհայտարարեք, որ ձեր բոլոր տանկերը կորցրել եք հրետանու պատճառով, հետևաբար եկեք ավելի շատ հրետանի գնենք։ Դուք պետք է համոզվեք, որ ձեր որոշմամբ լուծում եք ձեր զինված ուժերում առկա գլխավոր խնդիրները, և հարցը, թե ինչպես է բանակը կռվում։
Երբեմն տաղանդի, արհեստավարժության խնդիր կա։ Տեղյակ եմ, որ Հայաստանում բանակը գոնե մասամբ կազմված է ժամկետային պարտադիր զինծառայողներից։ Երբեմն պետք է վերլուծել իրավիճակը և ըստ անհրաժեշտության ավելացնել պայմանագրային զինծառայողների և կամավորների համամասնությունը զինված ուժերում։
- Ինչը և հիմա տեղի է ունենում։
Այո, ես լսել եմ դա։ Դա կարևոր է, քանի որ, ցավոք, զորակոչիկներին վարժեցնելու համար քիչ ժամանակ ունի բանակը, և նրանք իրականում օգտակար են բանակի համար։ Սակայն ժամանակակից պատերազմը բարդ է և դա պահանջում է մարդկային լավ ռեսուրսներ և տաղանդ։ Ձեզ անհրաժեշտ են մարդիկ, որոնք կմնան բանակում, կսովորեն իրենց աշխատանքը, կհմտանան դրանում և կկարողանան այն լավ անել։ Այդ դեպքում նրանք ավելի արդյունավետ կգործեն, և դուք կկարողանաք շատ ավելին ստանալ նրանցից։
Վերջապես անդրադառնամ ձեր առաջադրանքի մյուս բաղադրիչին՝ գերազանցությանը։ Սա դժվար հարց է։ Պետք է հասկանալ, թե գերազանցություն ի՞նչ համատեքստում նկատի ունենք՝ պաշտպանակա՞ն, թե՞ հարձակողական։ Ցամաքային պատերազմում գերակշռում է պաշտպանությունը։ Պաշտպանվելը միշտ ավելի հեշտ է, քան հարձակվելը։ Ուզում եմ ընդգծել՝ հարձակման մեջ գերազանցությունը շատ ավելի դժվար է, հատկապես, եթե ձեր հակառակորդը թվաքանակով և տնտեսապես գերազանցում է ձեզ։ Անկեղծ ասած, դա շատ դժվար խնդիր է։ Դա կպահանջի ոչ միայն զինված ուժերի լիակատար վերակառուցում, այլև ունենալ հավատ ու համոզմունք, որ ունեք պայքարի մի մեթոդ, որը վճռորոշ կլինի և կգերազանցի ձեր հակառակորդի առավելությունները։
Եվ այստեղ կարող եմ անկեղծ ասել, որ դուք չեք կարող դա իմանալ։ Որովհետև պատերազմի սկզբնական շրջանում շատ բան կախված է տարբեր հանգամանքներից։ Դա ձեր գաղափարների, ձեր հայեցակարգերի փոխազդեցությունն է նրանց գաղափարների և ռազմական ռազմավարության հետ։ Նաև, երբեմն, շատ բան կախված է պատահականությունից, նրանից, թե պարզապես ինչպես կզարգանան իրադարձությունները։ Պատերազմի ընթացքում շատ բան կարող է տեղի ունենալ, կանխատեսում դժվար է անել։
Այնպես որ, լավագույն դեպքում կարող եք ենթադրել, որ գերազանցությունը ձեռք կբերեք, բայց միայն շատ սահմանափակ կամ կոնկրետ համատեքստում՝ որոշակի, կոնկրետ տեսակի գործողության համար։ Չկա այդպիսի հասկացություն, որ ուժերից մեկը գերազանցություն ունի մյուսի նկատմամբ։ Այս համատեքստն իսկապես կարևոր է։
Հիմա մի օրինակ կբերեմ, մարդիկ այս սխալն անընդհատ թույլ են տալիս: Ռուսաստանը և ռուս զինվորականները 2022 թվականին պարզապես կարծում էին, որ գերազանցություն ունեն Ուկրաինայի նկատմամբ: Մարտավարական առումով, ԱՄՆ-ի տեսանկյունից, մենք շատ լավ ենք վարել Իրանի դեմ պատերազմը: Պարզապես այս պատերազմում մենք այնքան էլ լավ չենք կարողանում ռազմական միջոցները կապել քաղաքական նպատակների հետ: Բայց մարտավարական առումով մենք շատ լավ ենք գործել: Պարզապես պատերազմի բնույթն է այդպիսին։
ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳԻՆ ԵՎ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԴԵՐԸ
- Սա լավ լրացում է իմ վերջին հարցին, քանի որ մենք շատ ենք խոսել տեխնոլոգիաների և այդ ամենի մասին: Բայց որքա՞ն կարևոր են զինվորները, բանակում մարտական ոգին և առաջնորդությունը պատերազմի այս փոփոխվող համատեքստում: Մի քանի օր առաջ տեսանք, թե ինչպես սաուդական երեք դիվիզիա հանձնվեցին Եմենի հութիներին։ Ընդորում, Եմենն իրականում ամենաաղքատ երկրներից մեկն է: Սաուդյան Արաբիայի զինված ուժերը, կարծում եմ, ունի ավելի քան 200 ժամանակակից ինքնաթիռ և բոլոր չափանիշներով այն ամենը, ինչը հարկավոր է ժամանակակից բանակին, իսկ նրանք նույնիսկ չկիրառեցին իրենց հնարավորություններն այդ գործողությունների ժամանակ: Այսպիսով, որքանո՞վ է զինվորների, ղեկավարության մարտական ոգին կարևոր: Արդյոք դա ավելի՞, թե՞ պակաս կարևոր է մեր տեսած փոփոխվող պատերազմի և տեխնոլոգիաների համատեքստում:
- Որպես օրինակ բերեմ Ուկրաինան։ Շատերը կարծում էին, որ անօդաչու թռչող սարքերի շնորհիվ փաստացի վերանում է հետևակի գործողությունների կարիքը, բայց դա հեռու է իրականությունից։ Իրականում, կրակի կառավարման համակարգը ենթադրում է, որ հետևակը ստիպված է օրերով քայլել դեպի իր դիրքերը, և մնալ այդ դիրքերում։ Եվ կարող է անհրաժեշտ լինել վերակազմակերպել զորքի պաշտպանական կամ հարձակողական գործողությունները։ Ի վերջո, տեխնոլոգիաները, ինչպիսիք են անօդաչու սարքերը, կարող են թշնամուն զրկել տարածքները վերահսկելու հնարավորությունից, սակայն, դրանք ինքնուրույն չեն վերահսկում տարածքը։
Վերջին հաշվով, եթե ուզում եք տարածք գրավել, եթե ուզում եք այն վերահսկել, ձեզ հարկավոր կլինի տեղում զորք ունենալ։ Դուք պետք է հարձակողական գործողություններ իրականացնեք, լինի հետևակի միջոցով, թե մեխանիզացիայի։ Դուք չեք կարող առանց դրանց։ Տարածքի գրավումը հնարավոր է դառնում անօդաչու թռչող սարքերի շնորհիվ։ Անօդաչու թռչող սարքերն աջակցում են դրան։ Դրանց առկայությունը, սակայն, չի վերացնում անհրաժեշտությունը, որ մարդը, ըստ էության, պետք է քայլի և գնա որևէ տեղ՝ այդ տարածքը, քաղաքը գրավելու, վերահսկելու համար։ Անօդաչու թռչող սարքերը չեն վերացրել պատերազմը քաղաքներում, անտառներում և այլն և այդպես շարունակ։ Ես սա ասում եմ, որովհետև դա դեռ կարևոր է։ Առանձին զորամիավորումների համախմբվածությունն իսկապես կարևոր է։ Կրտսեր սպաների առաջնորդությունը իսկապես կարևոր է։
- Նկատի ունեք կրտսեր սպայական կազմը։
- Պարտադիր չէ։ Դա պարտադիր չէ, որ սերժանտներ լինեն։ Կարող են պարզապես լինել սովորական սպաներ։ Ամեն ինչ կախված է զինվորների և նրանց սպաների, ինչպես նաև սպաների և նրանց վերադասների միջև հարաբերություններից։ Իմ կարծիքով՝ զորքը շատ ավելի արդյունավետ է, երբ կրտսեր հրամանատարները գործելու ավելի շատ լիազորություններ ունեն, երբ նրանց ավելի շատ հնարավորություններ են տրվում՝ ղեկավարելու ռազմական գործողությունները, քան երբ կիրառվում է ղեկավարման և կառավարման կենտրոնացված մոդելը, որտեղ ավագ սպան, որն անմիջապես առաջնագծում չէ, սակայն բոլորին ասում է, թե ինչ անել և ինչպես անել՝ ըստ էության փորձելով զորքի միկրոկառավարում իրականացնել։
Սա պահանջում է երկու բանի համադրություն։ Առաջինը՝ զորքի ղեկավարումն է, այսինքն՝ մարդկային գործոնը։ Պետք է ունենալ ճիշտ ղեկավարներ ճիշտ տեղերում, ինչը բանակում հեշտ չէ։ Եվ երկրորդ՝ զորքի կառավարում։ Սա տեխնիկական բաղադրիչն է։ Եթե վերցնենք Լեռնային Ղարաբաղի պատերազմը, ես չեմ մեկնաբանի ղեկավարման ասպեկտը, բայց կասեմ, որ կառավարման ասպեկտը տեխնիկապես շատ հնացած էր։
- Այն փլուզվեց։
Այո՛, այն վերջնականապես փլուզվեց, բայց նախ պետք է ասել, որ պատերազմ վարելու մեթոդները հիմնովին հնացած էին։ Հասկանո՞ւմ եք։ Եվ գիտեք ինչ, եթե չեք կարող շտկել զորքի ղեկավարման համակարգը, ապա գոնե շտկեք տեխնիկական կողմը, կառավարման համակարգը։
Վերջապես, մարտական ոգին դեռ շատ կարևոր գործոն է։ Եվ ես չեմ չափազանցնում, քանի որ սա պատերազմի մի տեսակ անշոշափելի մասն է, որը մենք անվանում ենք «փափուկ գործոններ»։ Սակայն կարևոր է, որ մարդիկ կենտրոնանան ոչ միայն մարտական ոգու, այլև նրա վրա, թե ինչպես են ուժերն իրականում կիրառվում պատերազմի ժամանակ։
Երբ զինվորները տեսնում են, որ իրենց դասակի, վաշտի հրամանատարն ունի կոնկրետ ծրագիր, կարողանում է այն լավ բացատրել և գիտի, թե ինչ է անում, նրանց վստահության մակարդակը բարձրանում է։ Սակայն, երբ նրանք տեսնում են, որ հրամանատարն իրականում չգիտի, թե ինչ է անում, մարտական ոգին արագ ընկնում է։ Շատ դեպքերում մարտի դաշտում մարտական ոգին շատ տեղայնացված է։ Բայց ինձ դուր չեն գալիս ազգային մարտական ոգու մասին կիսագիտական պատկերացումները, քանզի դրանք մոլորեցնում են զինվորական անձնակազմին՝ հավատացնելով, թե մեկ ուժը մյուսից պարզապես լավ կկռվի։
Եվ սա սխալ է, որը թույլ են տալիս տարբեր երկրներ, հատկապես նրանք, որոնք պարբերաբար են կռվել միմյանց դեմ, ու ամեն անգամ, երբ հաղթում են, սկսում են մտածել, որ գիտեն, թե ինչպես կարելի է ավելի լավ կռվել։ Եվ պետք է զգույշ լինել այս երևույթի հետ։ Դա վտանգավոր է։ Պետք է առողջ դատել և հարգանքով վերաբերվել հակառակորդին։
Այսպիսով, ինձ համար ազգային մարտական ոգի հասկացություն գոյություն չունի։ Դուք որպես օրինակ հարցրիք Սաուդյան Արաբիայի մասին։ Սա շատ լավ օրինակ է, որը ցույց է տալիս, որ զինված ուժերը շատ ավելին է, քան պարզապես գնված սպառազինությունը և ռազմական տեխնոլոգիաները։ Ի վերջո, ամեն ինչ կախված է նրանից, թե զորքը որքան արդյունավետ կկիրառի դրանք, որքան կազմակերպված կլինի, հակառակորդի գործողությունների դեմ համախմբված մնալու ինչպիսի կարողություն կդրսևորի։ Տեխնոլոգիան ինքնին չի լուծում այս խնդիրները։ Այնպես որ, դուք կարող եք ունենալ Սաուդյան Արաբիայի նման հսկայական պաշտպանական բյուջե։ Դուք կարող եք գնել արևմտյան արտադրության շատ սպառազինություն, սակայն դա չի նշանակում, որ դուք լավ զորք եք ստեղծել։











