««Այլևս երբեք», համեմատել՝ ավելի լավ եզակիացնելու նպատակով»․ Ֆրանսիական համալսարանի երկօրյա դասընթացը

Գործընկերային բովանդակություն
Սեպտեմբերի 23-24-ին Երևանում անցկացվեց ««Այլևս երբեք», համեմատել՝ ավելի լավ եզակիացնելու նպատակով» խորագրով երկօրյա դասընթացը, որի առանցքում Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունն էր։ Այն կազմակերպել են Հայաստանում ֆրանսիական համալսարանն ու Փարիզի Շոայի հուշահամալիրը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության հովանավորությամբ։
Դասընթացի նպատակն է տարբեր պատմական դեպքերը համեմատել՝ դրանց առանձնահատկությունները տարբերակելու և ավելի լավ հասկանալու համար։
Դասընթացի բացման ժամանակ ՀՖՀՀ-ի ռեկտոր Սալվա Նակուզին կարևորեց նման քննարկումների անցկացումը՝ հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում։
«Կարևորն այդ հարցերի շուրջ մտածելն է։ [...] Ներկայում աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ բոլորը գնալով ավելի են արմատականանում, և մենք կարիք ունենք նստելու, մտածելու և երևույթներին իրենց անունները տալու»,- ուսանողներին ուղղված իր ելույթում նշել է ռեկտորը։

Երևանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչ Քսավիե Ռիշարը շեշտեց, որ ցեղասպանություններն ուսումնասիրելը միայն տեղի ունեցածը սովորելը չէ. «Ամենակարևորը այն մեխանիզմները հասկանալն է, որոնք կարող են հանգեցնել դրան»։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը խոսել է տարբեր ցեղասպանությունների առանձնահատկությունների և դրանք միավորող երևույթների մասին. «Մեզ համար Հայոց ցեղասպանության պարագայում եզակի կամ առանձնահատուկ երևույթն այն է, ինչ մենք կոչում ենք հայրենազրկում։ [...] Մի ամբողջ քաղաքակրթություն զրկվել է իր գոյության կարևորագույն նախադրյալներից, իր բնօրրանից»։

Փարիզի Շոայի հուշահամալիրի ներկայացուցիչ Զելի Դոլը խոսել է դասընթացի իրավական բաղադրիչի մասին՝ ընդգծելով զանգվածային հանցագործությունները բնութագրող իրավական հասկացությունների տարբերակման անհրաժեշտությունը։
«Գաղափարը նախ միջազգային իրավունքի իրավական հիմքերին վերադառնալն էր՝ մի փոքր հասկանալու համար այն եզրույթների կիրառությունները և երբեմն սխալ կիրառությունները, որոնք այսօր օգտագործվում են, մասնավորապես՝ «ցեղասպանություն» եզրույթը»։
Դասընթացի շրջանակում սեմինարներ են վարել Շոայի հուշահամալիրի ներկայացուցիչ Հյուբեր Ստրուկը, Inalco-ի ներկայացուցիչ Էլոդի Գավրիլոֆը, Բրյուսելի ազատ համալսարանի պատմաբան Ժոել Կոտեկը, CESPRA-EHESS-ի ներկայացուցիչ Վենսան Դյուկլերը և EHESS-ի ներկայացուցիչ Ռիշար Ռեխտմանը։

Քննարկվել են զանգվածային ոճրագործությունների իրավական և պատմական մոտեցումները, եզդիների և Լեռնային Ղարաբաղի զանգվածային ոճրագործությունների դեպքերը, տեղեկատվությունն ու ապատեղեկատվությունը, հակասեմականությունը, Շոայի հիմնական հասկացությունները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ընթացքում իրականացված բնաջնջման գործընթացներն ու ցեղասպանության ուսումնասիրությունը փաստաթղթերի և վկայությունների միջոցով։
Կազմակերպություն
Տեղադրություն










