Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը հայտնել է, որ հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ։ Քննարկվել են «Հաղթանակ» զբոսայգու պատից հեռացված հերոսի հուշապատկերի հետագա պահպանման և հնարավոր լուծումների հարցերը։
Ջուլիետա Ազարյանը սեպտեմբերի 28-ին Ֆեյսբուքի իր հաշվում գրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հետագա պահպանմանն ու հնարավոր լուծումներին վերաբերող հարցեր։
«Անդրադարձել ենք նաև այն կոնցեպտուալ մոտեցումներին, որոնց միջոցով լավագույնս կարող ենք պահպանել հերոսի հիշատակը»,- նշել է քաղաքապետի մամուլի խոսնակը։
Նրա խոսքով՝ հարցը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է։ Ըստ Ազարյանի՝ առաջիկայում կքննարկվեն հնարավոր տարբերակները, և հարցը կստանա լուծում՝ հաշվի առնելով Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակի նկատմամբ հարգանքը և հանրային ընկալումը։
Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը պատկերված էր «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի հարակից պատին։ Սեպտեմբերի 22-ին զբոսայգի այցելած քաղաքացիները նկատել էին, որ պատկերը հեռացվել է։

Սեպտեմբերի 25-ին Երևանի քաղաքապետարանը պարզաբանել էր, որ պատկերը հեռացվել է «բարեկարգման աշխատանքների շրջանակում»։ Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ զբոսայգու գլխավոր մուտքի կամարը և հարակից պատերը ավելի քան 30 տարի հիմնովին չեն վերանորոգվել, իսկ առանձին հատվածներ քայքայվել են և պատերի սալիկները սկսել են թափվել։
Քաղաքապետարանի ներկայացմամբ՝ Ազատության պողոտայի բարեկարգման ծրագրով նախատեսվում է նաև գլխավոր մուտքի ամբողջական վերականգնում։ Աշխատանքներից առաջ պատերի ամբողջ մակերեսը մաքրվել է ավազաշիթային եղանակով, որի հետևանքով հեռացվել են կուտակված կեղտը, փոշին և քայքայված շերտերը։ Քաղաքապետարանը հերքել էր պատկերը միտումնավոր հեռացնելու մասին պնդումները։
Քաղաքապետի մամուլի խոսնակն ավելի վաղ նշել էր նաև, որ այն պատի հատվածը, որտեղ պատկերված էր Ալբերտ Հովհաննիսյանը, տեխնիկական խնդիրներ ուներ․ քարերը պոկվում և ընկնում էին, և անհրաժեշտ էր ամրացնել պատը։
Ալբերտ Հովհաննիսյանը 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայել է որպես հրետանավոր։ Նրա՝ հրետանային կրակ վարելու պահին արված լուսանկարը պատերազմի ընթացքում լայն տարածում է ստացել և դարձել այդ պատերազմի ամենաճանաչված լուսանկարներից մեկը։
Հովհաննիսյանը զոհվել է 2020-ի հոկտեմբերի 8-ին։ Նա հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և արժանացել Արցախի «Հերոս» բարձրագույն կոչման՝ «Ոսկե արծիվ» շքանշանով։












