Դատարանը թատերագետ, կինոռեժիսոր Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանել։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Մելիքյանի փոխանցմամբ՝ Սահակյանին նաև արգելվել է գրառումներ կատարել սոցիալական ցանցերում։ Բացառություն կարող են կազմել միայն մասնագիտական բնույթի գրառումները՝ հաշվի առնելով Սահակյանի գործունեությունը։
Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Սահակյանը ձերբակալվել է ատելություն պարունակող ֆեյսբուքյան գրառում կատարելու մեղադրանքով։
Ըստ ՔԿ-ի՝ խոսքը 2025-ի հունվարի 8-ին Սահակյանի ֆեյսբուքյան էջում կատարված հրապարակման մասին է։ Կոմիտեի հաղորդմամբ՝ հրապարակումն ուղղված է եղել ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն։
ՔԿ-ից հայտնել են նաև, որ 2026-ի սեպտեմբերի 1-ին ստացված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ հրապարակումը պարունակում է ատելություն։











