Գլխավոր Լրահոս

Բնակապահովման ծրագրից օգտվելու հիմնական խոչընդոտները

Բնակապահովման ծրագրից օգտվելու հիմնական խոչընդոտները

Անուշ Խաչատրյան

Արցախից բռնի տեղահանվածների համար բնակարանային ապահովման պետական ծրագրի մեկնարկից անցել է ավելի քան երկու տարի։ Թեև պաշտոնական ամբիոններից հաճախ են հնչում գեղեցիկ ու հուսադրող հայտարարություններ ծրագրի բարելավումների, բազային գումարների ավելացման և անգամ՝ սերտիֆիկատների դրական մնացորդների մասին, իրականությունը շարունակում է, մեղմ ասած, տխուր մնալ:

ՀԱՐՑՈՒՄ

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից ճշտած մեր վերջին տվյալների համաձայն՝ բռնի տեղահանված շուրջ 30,000 ընտանիքից ընդամենը 8446-ն է ստացել սերտիֆիկատ և միայն 4824-ը կարողացել իրացնել այն: Ավելին՝ օգտվածների առնվազն կեսը ստիպված է եղել դիմել հավելյալ վարկային պարտավորությունների ներգրավման՝ առանց վստահ լինելու, որ ի վիճակի կլինի այդ ֆինանսական բեռի տակից դուրս գալ:

Սա նշանակում է, որ պետական քաղաքականությունն այս տեսքով չի հասնում իր նպատակին և տասնյակ հազարավոր ընտանիքների թողնում է անորոշության ու անապահովության մեջ:

Սերտիֆիկատների գումարի և անշարժ գույքի շուկայի անհամապատասխանությունը

Ծրագրի մեկնարկից ի վեր ամենաէական ու չլուծված խնդիրը շարունակում է մնալ ֆինանսական բաղադրիչը։ Թեև կառավարությունը բարձրացրեց Երևանից դուրս գտնվող բնակավայրերի համար նախատեսված բազային գումարները՝ 3 միլիոն դրամից դարձնելով 4 միլիոն դրամ, սակայն անշարժ գույքի շուկան միանգամից արձագանքեց այս նորությանը արհեստական գնաճով: Դրան հաջորդեց անշարժ գույքի գների լրացուցիչ 10–15%-ով աճը վերջին ամիսներին՝ այս անգամ արդեն աշխարհաքաղաքական լարված իրադրությամբ, տարածաշրջանային անորոշություններով ու տնտեսական գործոններով պայմանավորված:

Սակայն ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը շարունակում է պնդել, թե հնարավոր է ոչ միայն սերտիֆիկատի գումարի շրջանակում բնակարան/տուն գնել կամ կառուցել, այլև հաճախ առաջանում է դրական մնացորդ, որն էլ ծրագրով թույլատրում է օգտագործել վերանորոգման կամ գույքի ու տեխնիկայի ձեռքբերման համար։

Այո, այդպիսի դեպքեր լինում են, հատկապես՝ սահմանամերձ գյուղերում հաստատված բազմազավակ ընտանիքների պարագայում, սակայն հատկացվող գումարները հիմնականում չեն համապատասխանում շուկայական իրական գներին: Տեղահանված ընտանիքների մեծ մասը չունի բավարար աշխատավարձ կամ գրավադրման ենթակա անշարժ/շարժական գույք, որպեսզի կարողանա բանկից հավելյալ վարկ ներգրավել:

Իսկ հուլիսի 1-ից մեկնարկած ծրագրի փոփոխությունները, որոնցով 1-3 անդամ ունեցող խոցելի ընտանիքների համար սահմանվել է բնակվարձի մասնակի փոխհատուցման նոր կարգ, նույնպես որևէ էական ազդեցություն չունեցավ փոքր կազմով ընտանիքների խնդիրների լուծման վրա:

Նշված ծրագրով նախատեսվում է 10 տարի շարունակ ամսական 40,000 դրամ տրամադրել 1-ից 3 անդամ ունեցող այն ընտանիքներին, որոնք բաղկացած են բացառապես 60-ն անց անձանցից, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներից կամ բարձր տարիքային հանրագումար ունեցող քաղաքացիներից (2 անդամի դեպքում՝ 115+, 3 անդամի դեպքում՝ 175+)։

Անվերահսկելի վարձավճարներ և աջակցության ծրագրերի կրճատում

Մինչ ՀՀ կառավարությունը համարում է, թե անցած ժամանակահատվածը լիովին բավարար էր բնակարանային հարցերը լուծելու համար և գնում է աջակցության ծրագրերի կտրուկ կրճատման, վարձակալության շուկայում տիրում է անվերահսկելի գնաճ։

Հայտնի թեզը, թե արցախցիներն ուզում են ապրել բացառապես Երևանում, որն էլ բերում է վարձակալության շուկայում գների կայուն աճի, հօդս է ցնդում, երբ նայում ենք նաև մարզերի վարձակալական շուկային: Նույն պատկերը նաև մարզերում է: Պարզապես Երևանում է կենտրոնացած աշխատաշուկայի հիմնական պահանջարկը, որի կարիքն այդքան զգում են տեղահանվածները:

Տեղահանված արցախցիներն ահազանգում են, որ հաճախ տանտերերը վերջնագիր են ներկայացնում՝ կամ վճարել նախկինում գործող վարձից 20-30% ավելի գումար, կամ ազատել բնակարանը։ Սակայն կառավարությունը չի պատրաստվում միջամտել վարձավճարների կտրուկ աճին, քանի որ կարծում է, որ աշխարհաքաղաքական իրադարձություններով պայմանավորված Հայաստանում անշարժ գույքի շուկան ավելի հետաքրքիր է դարձել օտարերկրյա ներդրողների համար և վերահսկողության խստացումը կարող է բացասաբար ազդել այս աճի տեմպի վրա. այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր կառավարության նիստերից մեկի ժամանակ: Այս հայտարարությունը խնդրահարույց է այնքանով, որ հենց պետության սահմանադրական գործառույթն է ձեռնարկել և իրականացնել վերահսկողական միջոցներ և պաշտպանել սեփական քաղաքացիների սոցիալական իրավունքները, այլ ոչ թե հարուստների ավելի հարստացմանը նպաստելով՝ խորացնել սոցիալական անհավասարությունը:

Որպես արդարացում՝ կառավարությունը հայտարարում է, որ շուկան ազատ է ու դրանով՝ թեման փակում, մինչդեռ աշխարհում հայտնի են հստակ և կիրառելի բազմաթիվ զսպման մեխանիզմներ՝ վարձակալության գների վերին շեմի սահմանումից, չգրանցված պայմանագրերի դեմ պայքարից մինչև առաջարկի ու պահանջարկի պետական հավասարակշռում:

Հիշեցնենք նաև, որ նախորդ տարի Կառավարությունը կրճատեց բնակվարձի փոխհատուցման ծրագիրը՝ թողնելով այն միայն հատուկ խմբերի համար, իսկ առաջիկայում նախատեսվում է ամբողջությամբ դադարեցնել այն։ Պաշտոնական հիմնավորումն այն է, թե իբր մարդիկ հույսը դնում են այդ գումարի վրա և չեն դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու և բնակապահովման ծրագրից օգտվելու համար։ Իսկ բնակվարձի դադարեցումն իբր պիտի մոտիվացնի, որ վերջիններս ավելի արագ ստանան ՀՀ քաղաքացիություն:

Իրականում տեղահանվածների մեծ մասը դիմում է քաղաքացիություն ստանալու համար, սակայն ամիսներով սպասում գործի ընթացքավորմանը՝ անձնագրային համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով։ Սրան գումարվել են նաև դիմելու կարգի հավելյալ բարդացումները. այժմ մարդիկ նախ պիտի ինքնուրույն լրացնեն օնլայն դիմում՝ կցելով բոլոր փաստաթղթերը, այնուհետև 2-րդ փուլով նույն փաստաթղթերն արդեն ներկայացնեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, որից հետո էլի հայտնվում են սպասման ռեժիմում՝ ամիսներով: Իսկ մինչ դիմումը լրացնելու փուլին հասնելը տեղահանվածները ստիպված են բազմաթիվ պակասող կամ տառասխալով փաստաթղթերի վերականգնումով զբաղվել, որոնք նույնպես գումար և ժամանակ են պահանջում, հատկապես, երբ կարիք կա դատական կարգով դա անել:

Ոչ պակաս խնդիր է նաև այն, որ տեղահանվածների մի մասը, հատկապես՝ տարիքն առածները, դժվարանում են լրացնել այս առցանց դիմումները և հաճախ ստիպված են լինում վճարել երրորդ անձանց՝ իրենց փոխարեն լրացնելու համար: Ստացվում է՝ տեղահանվածները տուժում են պետական համակարգի դանդաղկոտության պատճառով՝ զրկվելով բնակվարձի աջակցությունից, որը նրանցից շատերի համար ծայրահեղ աղքատությունից մի քայլ հետ պահող վերջին հույսն է:

Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ

Բնակարանային ծրագրի մեկնարկից մինչև այսօր բռնի տեղահանվածների խնդիրներով զբաղվող տասնյակ հասարակական միավորներ, քաղաքացիական նախաձեռնություններ, փորձագետներ և անմիջական շահառուներ կառավարությանը բազմիցս ներկայացրել են հիմնավորված առաջարկներ: Ցավոք, դրանց մեծ մասը մերժվել է, որի արդյունքում էլ ունենք ծրագրին դիմողների և ծրագրից օգտվածների ցածր ցուցանիշներ, որոնք ուղղակիորեն փաստում են ծրագրի անարդյունավետությունը՝ մի կողմից, տեղահանվածների սոցիալական վիճակի վատթարացումը՝ մյուս կողմից:

Ծրագիրն իրապես հասանելի և կարիքահեն դարձնելու համար կառավարությունը պիտի գնա իրական փոփոխությունների: Ի սկզբանե ծրագիրն իրական խնդիրների լուծման անհրաժեշտության վրա չի հիմնվել: Ամենաօպտիմալը եղած կլիներ նոր բնակֆոնդի ստեղծումն ու զուգահեռ սոցիալական բնակարանների քանակի շատացումը: Սա արդյունավետ լուծած կլիներ բնակարանային խնդիրը մի կողմից, մյուս կողմից՝ անշարժ գույքի արհեստական գնաճին չէր նպաստի: Սակայն այս տարբերակների մասին այս փուլում խոսելը ժամանակավրեպ է:

Այս պահին ծրագրի շահառուները, փորձագետներն ու փախստականների խնդիրներով զբաղվող ՀԿ-ները բարեփոխումների մի շարք իրատեսական տարբերակներ են առաջարկում, որոնցից առանձնացնենք ամենահաճախ շրջանառվողները.

  1. Եկամտահարկի հետվերադարձի մեխանիզմ. Եկամտահարկի վերադարձի օրենքը Երևանին հարակից մարզերում դադարելու է գործել 2027 թվականին, սակայն եթե այն շարունակի գործել գոնե միայն տեղահանված անձանց համար, ապա դա հնարավորություն կտա քաղաքացիության ընդունման բյուրոկրատիայի պատճառով այս օրենքից օգտվել չհասցրածներին բնակարան/տուն գնել/կառուցել:

  2. Զբաղվածության և բնակապահովման ծրագրերի ինտեգրում. Զբաղվածության պետական ծրագիրը, որը մինչև հիմա ցածր արդյունավետություն ունի, պետք է փոփոխել և ուղղակիորեն կապել բնակապահովման հետ՝ ապահովելով կայուն եկամուտ և վարկունակություն:

  3. Հիփոթեքային տոկոսադրույքների սուբսիդավորում. Պետությունը կարող է սուբսիդավորել հիփոթեքային վարկերի տոկոսադրույքն ամբողջությամբ կամ առնվազն 50%-ով, ինչը հնարավորություն կտա զգալի թվով ընտանիքների դիմել հավելյալ վարկավորման:

  4. Բնակվարձի փոխհատուցման պահպանում. Բնակվարձի աջակցությունը պետք է շարունակվի տրամադրվել այնքան ժամանակ, քանի դեռ ընտանիքը չի ստացել և փաստացի չի իրացրել սերտիֆիկատը, այլ ոչ թե նախ կրճատել, այնուհետև լրիվ դադարեցնել այն՝ հազարավոր մարդկանց փողոցում հայտնվելու վտանգի առաջ կանգնեցնելով:

  5. 1-3 հոգանոց ընտանիքների ծրագրի բարելավում. Բնակապահովմանը զուգահեռ գործող 10 տարի շարունակ ամսական 40,000 դրամ տրամադրելու ծրագիրը պետք է վերանայվի և գոնե դարձվի հասանելի ավելի շատ ընտանիքների համար, որոնք ի վիճակի չեն սերտիֆիկատով բնակարան ձեռք բերել: Իսկ այս ծրագրին չհամապատասխանող այլ փոքր կազմով ընտանիքների համար բնակապահովման ծրագիրը պիտի լրիվությամբ վերանայվի:

Որոշ կազմակերպություններ ու ՀԿ-ներ, տեսնելով տեղահանվածների կարիքներին կառավարության անբավարար արձագանքը, փորձում են իրենց հնարավորությունների սահմանում աջակցել տեղահանվածների բնակապահովման խնդիրների լուծմանը: Այս պահին գոյություն ունեն սոցիալական բնակապահովման առնվազն 4 տարբեր ծրագրեր՝ Լորիկ, «Թուֆենկյան» և «Տուն» հիմնադրամների, ինչպես նաև «Project Manager Housing» առանձնատների կառուցումը վերահսկող ընկերության կողմից առաջարկվող: Բոլորն էլ պետության կողմից տրվող սերտիֆիկատների գումարի մեջ տեղավորվում են, սակայն ունեն նաև հավելյալ պայմաններ, որոնց շահառուները պիտի համապատասխանեն: Պետք է հասկանալ, որ այս տեսակ սոցիալական նախաձեռնությունները սահմանափակ հնարավորություններ ունեն և կարող են լուծել միայն որոշակի թվով ընտանիքների բնակապահովման խնդիրը: Միայն պետությունն է ի վիճակի համակարգված լուծել այս խնդիրը, հատկապես, որ իրական հնարավորություններ դրա համար առկա են:

Բնակապահովման և այլ ծրագրերի իրականացմանը խոչընդոտող հանգամանք է նաև իրազեկվածության մակարդակը տեղահանվածների շրջանում: Չնայած կառավարության տարբեր փորձերի՝ ծրագրերը հանրամատչելի դարձնելու, տեղահանվածների մի ստվար զանգված դժվարանում և խճճվում է պաշտոնական հայտարարությունների ու ընթացակարգերի հարցում: Այս բացը լրացնելու համար վերջերս գործարկվել է parzorenq.am կայքը, որտեղ հնարավոր է տեղահանվածներին վերաբերելի բոլոր ծրագրերի մանրամասներին և պաշտոնական ընթացակարգերին առավել մատչելի ձևով ծանոթանալ: Իհարկե, միայն իրազեկումը բավարար չէ, երբ բուն մեխանիզմները խնդրահարույց են:

Եթե կառավարությունը չվերանայի իր մոտեցումները և չիրականացնի իրական փոփոխություններ բնակապահովման ծրագրում, տեղահանվածները կանգնելու են լուրջ հետևանքների առաջ. հազարավոր ընտանիքներ կհայտնվեն ծայրահեղ աղքատության մեջ կամ ստիպված կլինեն ապաստան փնտրել երկրի սահմաններից դուրս: Այդ գործընթացն արդեն իսկ սկսված է բնակվարձերի կրճատումից ի վեր, սակայն ծրագրի վերջնական դադարեցման պարագայում պատկերն էլ ավելի ողբերգական է լինելու:

Բնակարանային ապահովումը չպետք է դիտարկվի որպես պետբյուջեի վրա բեռ, այլ որպես մարդու իրավունքների նկատմամբ հարգանք և երկարաժամկետ ներդրում Հայաստանի ժողովրդագրական աճի և տնտեսական կայունության համատեքստում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում