Հայաստանի Գլխավոր դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցածից։
«Հոկտեմբերի 1-ին, ժամը 14:17-ին ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ իրենց տուն մարդ է մտել, զենքով կրակել է մայրիկի ոտքին: Ահազանգը փոխանցվել է Ոստիկանության Սիսիանի բաժին:
Դեպքի վայրում պարզվել է, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել է կրակոցներ: Կրակոցի հետևանքով վիրավորում է ստացել 1987-ին ծնված Ա.Ա.-ն: Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել է փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրի զննությամբ վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին հոկտեմբերի 1-ին, ժամը 15:30-ին ձերբակալվել է և ներկայացվել նախաքննության մարմին:
Վիրավորում ստացած ՀՀ քաղաքացին տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: Քաղաքացին ստացել է բուժօգնություն և տեղափոխվել Երևան:
Նույն օրը Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու՝ 2011 և 2014-ին ծնված երեխաները: 2014-ին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011-ին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք»,- ասված է Դատախազության հաղորդագրությունում:
Հոկտեմբերի 1-ին Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրն ու հայտնվել Հայաստանի տարածքում։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմինները որոնողական աշխատանքներ են իրականացրել։










