Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հերթական անգամ խոսել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին՝ հայկական կողմին մեղադրելով «ռևանշիստական տրամադրություններ» պահպանելու մեջ։
Բաքվում ընթացող «CAMCA 2026» ֆորումի ընթացքում նա հայտարարել է, թե Ադրբեջանը Հայաստանի կառավարությունից ակնկալում է «սեփական հասարակությանը նախապատրաստել խաղաղության»։ Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ Բաքվում մտահոգված են հայաստանյան հասարակությունում առկա որոշակի «միտումներով» և ազդեցիկ ուժերի առկայությամբ։
Միևնույն ժամանակ, Հաջիևը պնդել է, թե ադրբեջանական կողմը հանձնառու է խաղաղության օրակարգին։
«Ուստի մենք միշտ ասում ենք, որ ցանկանում ենք այս խաղաղությունը կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության և վարչապետի, այլև հայ ժողովրդի հետ։ Եվ դրա համար մենք դեռևս ակնկալում ենք Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ Անշուշտ, դա ներքին հարց է, և մենք լիովին զերծ ենք մնում այդ գործընթացին միջամտելուց»,- հավելել է Հաջիևը։












