Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից:
Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ամերիկացի պաշտոնյայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են կրոնի ու հոգևոր արժեքների դերը ժողովուրդների խաղաղ համակեցության գործում և կարևորվել հոգևոր առաջնորդների համատեղ ջանքերն աշխարհում խաղաղության հաստատման ուղղությամբ։
Ամենայն Հայոց Հայրապետը ողջունել է հյուրի այցը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն՝ այն նկատելով պատեհ առիթ՝ ի մոտո ճանաչելու քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած երկիրը, հայ ժողովրդին ու նրա հոգևոր-մշակութային հարուստ ժառանգությունը։ Նորին Սրբությունը գոհունակություն է հայտնել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ հայ հոգևոր առաջնորդների հանդիպման կազմակերպման գործում տիկին Ուայթ-Քեյնի ներդրած ջանքերի առնչությամբ։
Զրուցակիցներն ընդգծել են կրոնի և հոգևոր արժեքների դերը ժողովուրդների ապահով, բարօր ու առաջընթաց կյանքի կերտման գործում։ Հանդիպմանը շեշտվել է, որ առ Աստված հավատքը պետք է դրսևորվի սիրով, արդարությամբ և մերձավորի հանդեպ հոգածությամբ՝ ամրապնդելով համամարդկային համերաշխությունն ու խաղաղ համակեցությունը։ Այս համատեքստում կարևորվել են հոգևոր առաջնորդների համատեղ ջանքերը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության հաստատման և ժողովուրդների լուսավոր գալիքի։
Իր հերթին Փոլա Ուայթ-Քեյնը շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար և կիսվել Սուրբ Պատարագից ստացած տպավորություններով` ընդգծելով արարողության ընթացքում ապրած խոր ակնածանքն ու հոգևոր խաղաղությունը։ Սպիտակ տան ավագ խորհրդականը երախտագիտությամբ անդրադարձել է նաև Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությանը՝ որպես հայ ժողովրդի հավատքի կենդանի վկայություն։












