Գևորգ Թոսունյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների վերադարձի դեպքում առնվազն երկու ամրացված պաշտպանական շրջանների պարագայում կարող են խնդիրներ առաջանալ։ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի (Բարխուդարլու և Սոֆուլու անկլավ) և Վերին Ոսկեպարի (Յուխարը Աքսիպարա անկլավ) հնարավոր վերադարձը Ադրբեջանին կփոխի ոչ միայն ճանապարհների, այլև նոր կառուցվող պաշտպանական համակարգերի տրամաբանությունը։ Խնդիրն այն է, որ ամրացված պաշտպանական շրջանները կառուցվել են՝ թիկունքում ունենալով վերոնշյալ գյուղերը։ Պարզ չէ՝ ամրաշինական կառույցները նախագծելիս և բյուջեները հաստատելիս կառավարությունն արդյոք հաշվի է առել տարածքային փաստացի փոփոխությունների հեռանկարը։ Պաշտպանության նախարարությունը ՍիվիլՆեթի հարցումներին տվել է ընդհանրական պատասխաններ, որոնցից պարզ չէ՝ տարածքային հնարավոր փոփոխությունները հաշվի առնվել են, թե ոչ («Անկլավների վերադարձ» ասելով՝ նկատի ունենք խորհրդային շրջանում երկու հանրապետությունների համապատասխան վարչական տարածքները)։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի վերջին, ի պատասխան ՍիվիլՆեթի հարցի, որ ինքը Արարատի մարզի Տիգրանաշենն անվանել էր ադրբեջանական՝ Քյարքի անկլավի անունով, հայտարարեց, որ ինքը անկլավների վերադարձի մասին չի խոսել։ Նա նշեց, որ այդ տարածքները Հայաստանի ինքնիշխան տարածքի մասը չեն։
Հայաստանի տարածքում անկլավները երեքն են՝ Արարատի մարզում՝ Տիգրանաշենը/ Քյարքին, Տավուշի մարզում՝ Ազատամուտը/Բարխուդարլու ու Սոֆուլուն և Վերին Ոսկեպարը/Յուխարը Աքսիպարան։ Հայաստանը Ադրբեջանի տարածքում ունի Արծվաշենի անկլավը։
Կա մի ուշագրավ հանգամանք, որի մասին իշխանությունները հրապարակավ չեն խոսում։ Հայաստանում Բարխուդարլուի և Սոֆուլուի անկլավային տարածքները նոր կառուցված պաշտպանական շրջանի թիկունքում են։
ՍիվիլՆեթի ուսումնասիրած արբանյակային լուսանկարներում տեսանելի է այդ ամրացված շրջանը, որի տարածքը մոտ 6 հա է։ Այն ունի տարբեր զինատեսակների, այդ թվում՝ հրետանու համար նախատեսված կրակային կետեր։ Կրակային դիրքերի ուղղությունը Ադրբեջանի կողմն է, իսկ Բարխուդարլուի և Սոֆուլուի հատվածը հայտնվում է դրանց թիկունքում։

Այսինքն՝ եթե այդ տարածքների նկատմամբ վերահսկողությունը փոխվի, կարող է փոխվել նաև կառուցված պաշտպանական համակարգի ամբողջ տրամաբանությունը։
Պաշտպանության նախարարությունը լրագրողների, հասարակական խմբերի, փորձագետների, սփյուռքահայ համայնքի ներակայցուցիչների և այլոց այցելություններ է կազմակերպում այս ամրացված շրջաններ՝ ներկայացնելով իր կատարած աշխատանքն ու նորարարությունները։
Կիրանց գյուղի հարևանությամբ ևս կառուցվում է ամրացված շրջան՝ մոտ 5 հա տարածքում։ Եթե Բարխուդարլուն և Սոֆուլուն անցնեն ադրբեջանական վերահսկողությանը, ադրբեջանական կողմը կարող է վերահսկել այդ ամրացված շրջան տանող ճանապարհները, իսկ Վերին Ոսկեպար կոչվող անկլավի հնարավոր վերադարձի դեպքում ադրբեջանական տարածքը կլինի ամրացված պաշտպանական կառույցների թիկունքում։

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի վերլուծաբան Էդուարդ Առաքելյանի գնահատմամբ՝ զուտ ռազմական տեսանկյունից տվյալ հատվածում ամրացված շրջան կառուցելը կարող է խնդրահարույց լինել, եթե դրա նախագծման ժամանակ հաշվի չեն առնվել տարածքային հնարավոր փոփոխությունները։
«Երկաթբետոնե պաշտպանական կառույցի արդյունավետությունը կախված է նրանից, թե ինչ կա թևերում և որքանով են անվտանգ թիկունքի հաղորդուղիները։ Եթե կողքին կա տարածք, որի նկատմամբ վերահսկողությունը կարող է փոխվել ինչ-որ պայմանագրային որոշումներով, դա պետք է հաշվի առնվեր և ներառվեր նախագծման փուլում»,- ասում է Առաքելյանը։
Վերլուծաբանի խոսքով՝ տեխնիկապես հնարավոր է վերափոխել արդեն կառուցված պաշտպանական համակարգը՝ փոխել դիտարկման և կրակի սեկտորները, կահավորել լրացուցիչ դիրքեր, ուժեղացնել շրջանաձև պաշտպանությունը կամ նույնիսկ կառուցել պաշտպանիչ պատ։ Այդուհանդերձ, հիմնական խնդիրը, ըստ նրա, ոչ թե բուն կառույցն է, այլ դրա լոգիստիկան։
«Մատակարարման և դիրքին մոտենալու գոյություն ունեցող երթուղիները կարող են հայտնվել հակառակորդի դիտարկման և կրակային ազդեցության տակ։ Ստիպված կլինեն տվյալ հատվածում վերանայել ամբողջ պաշտպանությունը, այլ ոչ թե պարզապես վերակառուցել առանձին հենակետ։ Ամեն ինչ կախված կլինի սահմանազատման ավարտից հետո գծի վերջնական դասավորությունից։ Առանց դրա մանրամասների իմացության և տեղանքի գնահատման՝ միանշանակ եզրահանգումներ անելը վաղաժամ է»,- ասում է Առաքելյանը։
Նրա համոզմամբ՝ այստեղ գլխավոր ռիսկը կայունության կորուստն է․ ամրացված դիրքը հիմնականում նախատեսված է ճակատային դիմակայության համար և նախագծվում է՝ հաշվի առնելով հիմնական սպառնալիքի որոշակի ուղղությունը։ Եթե հակառակորդը հնարավորություն է ստանում գործել այն ուղղությունից, որը նախկինում համարվում էր անվտանգ, ստորաբաժանումը կարող է հայտնվել սեղմված վիճակում։
Վերջին տարիներին Հայաստանում ինժեներական կառույցների և հենակետերի շինարարությունը ակտիվացել է։ «Ճիշտ էշելոնավորման և պաշտպանված լոգիստիկայի դեպքում երկաթբետոնե կառույցները բարձրացնում են հենակետերի ինքնավարությունը, թույլ են տալիս զսպել հարձակվող ուժերի առաջին էշելոնը և նվազեցնում են անձնակազմի կորուստները խոցման սովորական միջոցներից։ Միևնույն ժամանակ, բաց է մնում թափանցող մարտական մասերով բարձր ճշգրտության խոցման միջոցների նկատմամբ դրանց կայունության հարցը»,- նշում է Առաքելյանը։ Ըստ նրա՝ ամրությունների հիմնական առավելությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ դրանք պաշտպանության միասնական համակարգի մաս են կազմում, այլ ոչ թե առանձին բետոնե օբյեկտների հավաքածու։
Առանձին խնդիր է, ըստ նրա, ստատիկ պաշտպանության վրա չափից ավելի հենվելը։ Ամրաշինական կառույցներն անհրաժեշտ են, սակայն դրանք չպետք է բանակին կախվածության մեջ դնեն անշարժ դիրքերից։
«Գլխավոր թերությունը հոգեբանական գործոնն է՝ կապվածությունը ստատիկ կետերին և խրամատներին։ Դրա պատճառով բանակը դառնում է անշարժունակ, դանդաղաշարժ և ձևավորվում է պատերազմ վարելու պասիվ մոդել»,- ասում է նա։
ՊՆ-ն չի հստակեցնում՝ ինչպես են նոր ամրացված շրջանները գործելու սահմանային փոփոխությունների դեպքում
Պաշտպանության նախարարությունը չի հստակեցրել՝ արդյոք Տավուշում կառուցվող և կառուցված նոր ամրացված շրջանների նախագծման ու բյուջետավորման ժամանակ հաշվի են առնվել սահմանային հնարավոր փոփոխությունները, այդ թվում՝ Ազատամուտ գյուղի (Բարխուդարլու և Սոֆուլու անկլավ) և Վերին Ոսկեպարի (Յուխարը Աքսիպարա անկլավ) նկատմամբ վերահսկողության փոփոխության ռիսկերը։
Տավուշի մարզում, մասնավորապես Ազատամուտի և Կիրանցի հատվածներում կառուցվող և կառուցված նոր պաշտպանական ամրացված շրջանների վերաբերյալ ՍիվիլՆեթի հարցերին պաշտպանության նախարարությունը չի տրամադրել մանրամասն պատասխաններ։
ՊՆ-ին ուղղված հարցերով փորձել էինք պարզել, թե արդյոք պաշտպանական ենթակառուցվածքների նախագծման փուլում հաշվարկվել են հնարավոր սահմանային փոփոխությունների հետևանքները։ Պաշտպանության նախարարությունը այս հարցերի վերաբերյալ կոնկրետ հաշվարկներ կամ նախագծային լուծումներ չի ներկայացրել։
Նախարարությունը հայտնել է միայն, որ «նոր կառուցվող կամ կառուցված ամրացված շրջանները նախագծվում և կառուցվում են բացառապես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում»։
ՊՆ-ն նաև նշել է, որ բազմիցս կազմակերպել է լրագրողների այցելություններ ամրացված շրջաններ, «որտեղ էլ ծանոթացել են ստեղծված պայմաններին և հնարավորություններին»։












