Չնայած ծախսերի ընթացիկ թերակատարումներին` մինչև տարեվերջ Պաշտպանության նախարարությունը կառավարությունից պահանջել է հատկացնել լրացուցիչ 30 մլրդ դրամ: Այս մասին «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ պետությունն ունի բավարար եկամուտներ և պահուստներ՝ ռազմական ոլորտի բազմամյա և ծախսատար ծրագրերն առանց ռիսկերի սպասարկելու համար:
Հոկտեմբերի 1-ին կառավարությունը հավանություն տվեց 2027-ի պետական բյուջեի նախագծին, որով պաշտպանական ծախսերը ավելացվում են 47 մլրդ դրամով՝ մինչև 620 մլրդ դրամ (մոտ 1,7 մլրդ դոլար): Այս միջոցներն ուղղվելու են զինված ուժերի անձնակազմի պահպանմանը, զինտեխնիկայի ու կապի համակարգերի արդիականացմանը, ինչպես նաև սպառազինության և ռազմամթերքի ձեռքբերմանը։
Անդրադառնալով երկարաժամկետ կտրվածքով այս աճի ապահովման ֆինանսական ռիսկերին՝ Վահե Հովհաննիսյանը պարզաբանել է, որ ռազմական բյուջեն պահանջում է հատուկ մոտեցում։ Նրա խոսքով՝ կառավարությունը Պաշտպանության նախարարության համար երաշխավորելու է ֆինանսական միջոցների բազմամյա տեսանելիություն, որպեսզի գերատեսչությունը հստակ իմանա հնգամյա կտրվածքով ստացվելիք գումարների նվազագույն շեմը։ Սա, ըստ նախարարի, պայմանավորված է պաշտպանական գերատեսչության աշխատանքի յուրահատկությամբ:
«Զենքի գնումները տեղի են ունենում մի քանի տարվա ընթացքում։ Կնքվում են երկարատև կոնտրակտներ, դրա արտադրությունը, մատակարարումը և այլն կարող է տևել երեք-հինգ տարի։ Այսինքն՝ այսօր սկսում ենք մի գործընթաց, որն իր հանգուցալուծմանն է հասնելու հինգ տարի հետո»,- ասել է նախարարը։ Ըստ նրա՝ արդեն իսկ առկա հնգամյա ֆինանսական հեռանկարը թույլ է տալիս կառավարել պարտավորությունների ստանձնման ռիսկերը։
Չնայած հավելյալ ֆինանսավորման պահանջին` Պաշտպանության նախարարության պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 42,2 մլրդ դրամի թերակատարում։
Պատասխանելով պաշտպանական գերատեսչությունում կապիտալ ծախսերի ընթացիկ թերակատարումների վերաբերյալ մտահոգություններին՝ Հովհաննիսյանը դրանք որակել է որպես եռամսյակային պլանավորման և վճարումների ու մատակարարումների ժամանակացույցի շեղումներ: «Ինչ վերաբերում է թերակատարումներին, ապա մինչև այս տարվա վերջ Պաշտպանության նախարարությունը մեզ դիմել է հավելյալ 30 մլրդ հատկացնելու պահանջով։ Այն, ինչ թերակատարվել է, ուղղակի եռամսյակային պլանավորման հետևանք է»,- շեշտել է ֆինանսների նախարարը։
Ըստ Հովհաննիսյանի՝ պլանավորված միջոցները կծախսվեն, իսկ պահանջվող լրացուցիչ 30 մլրդ դրամի զգալի մասը կուղղվի ռազմական ոլորտի կապիտալ ծախսերին։












