Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանն արդարացման վերդիկտ է կայացրել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ։
Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Խուլիգանության վերաբերյալ նույն մեղադրանքը ներկայացվել էր նաև Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին։
Քրեական վարույթը հարուցվել էր 2025-ին Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատավարության ավարտին տեղի ունեցած միջադեպի առթիվ, երբ Վարդան և Սպարտակ Ղուկասյանները կոպիտ արտահայտություններ էին արել իրենց կաշառքի մեջ մեղադրողների հասցեին:
Վարդան Ղուկասյանը ձերբակալվել էր Գյումրիի քաղաքապետարանում իրականացված խուզարկություններից հետո։ 2025-ի հոկտեմբերի 21-ին նա կալանավորվել է։ Ղուկասյանը և քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ մեղադրվում են խմբով խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու համար։ Ղուկասյանը մեղադրանքը չի ընդունում։












