Գլխավոր Լրահոս

ՀԿ-ները դատապարտում են ԱԺ-ի ծեծկռտուքը և պահանջում քննել տեղի ունեցածը

ՀԿ-ները դատապարտում են ԱԺ-ի ծեծկռտուքը և պահանջում քննել տեղի ունեցածը

Հայաստանյան 13 հասարակական կազմակերպությունդատապարտել են հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած բռնությունը և կոչ արել ուսումնասիրել միջադեպին մասնակցած պատգամավորների վարքագիծը։

Նրանք պահանջում են նաև իրավական գնահատական տալ հնարավոր հանցավոր գործողություններին։

Նոյեմբերի 3-ին տարածած համատեղ հայտարարությունում կազմակերպությունները տեղի ունեցածը որակել են որպես խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքներին հակասող վարքագիծ։

«Քաղաքացիները պատգամավորներին մանդատ չեն տվել՝ բռնություն կամ խուլիգանական բնույթի գործողություններ կատարելու, քաղաքական տարաձայնությունները ֆիզիկական ուժով լուծելու կամ նման վարքագծի համար անպատիժ մնալու համար»,- ասված է հայտարարությունում։

ՀԿ-ները կոչ են անում պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին ուսումնասիրել նիստի ամբողջական տեսագրությունը, միջադեպին առնչվող մյուս նյութերը և գնահատել մասնակից պատգամավորների գործողությունները։

Կազմակերպությունները պահանջում են էթիկայի կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում համապատասխան եզրակացություն ընդունել, իսկ առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության դեպքում դիմել իրավապահ մարմիններին։

Նրանք նաև կոչ են անում իրավապահներին պատշաճ քննություն իրականացնել՝ անկախ միջադեպին մասնակցած անձանց պաշտոնից կամ պատգամավորական կարգավիճակից։

Հայտարարության հեղինակները քննադատել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի արձագանքները։

«Խիստ մտահոգիչ են նրանց՝ միջադեպը սովորական համարող և արդարացնող դիրքավորումները»,- նշված է հայտարարությունում։

ՀԿ-ներն ընդգծել են, որ պատգամավորական մանդատը չի կարող օրենքից կամ էթիկայի կանոններից վեր կանգնելու արտոնություն լինել։ Նրանք հիշեցրել են նաև, որ 2027 թվականի հունվարի 1-ից պատգամավորների աշխատավարձերը կրկնակի բարձրանալու են, ինչը, ըստ կազմակերպությունների, պետք է ենթադրի առավել մեծ պատասխանատվություն հանրության առաջ։

Հայտարարությունը ստորագրել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», «Իրազեկ քաղաքացիների միավորումը», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը», Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և այլ կազմակերպություններ։


Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում ծեծկռտուք էր տեղի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև։ Բանավեճը վերածվել էր ֆիզիկական բախման, որի ընթացքում պատգամավորները միմյանց հարվածներ էին հասցրել, նետել ջրի շշեր ու աթոռներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ աջակցում է ՔՊ պատգամավորների գործողություններին՝ միջադեպի պատասխանատվությունը դնելով ընդդիմության վրա։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն էլ տեղի ունեցածը որակել էր «պառլամենտարիզմի սովորական պրոցես»։

Տե՛ս՝ Ծեծկռտուք խորհրդարանում. ով ում ինչ ասաց

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում