Նոր նմուշի կենսաչափական նույնականացման քարտի արժեքը սահմանվել է 5,950 դրամ, իսկ անձնագրինը՝ 28,650 դրամ։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ներկայացրել է նոր կենսաչափական փաստաթղթերի սահմանված պետական տուրքերն ու դրանց ներդրման մանրամասները։
Ըստ ծառայության ղեկավարի՝ սահմանված տուրքերը ճշգրտորեն համապատասխանում են մրցույթում հաղթած մասնավոր ընկերության առաջարկած ինքնարժեքին, և պետության կողմից դրանց վրա հավելյալ գումար չի ավելացվել։
Նելլի Դավթյանի փոխանցմամբ՝ նոր համակարգն ապահովելու է ճշգրիտ նույնականացում, իրավական ինքնության ու տվյալների պաշտպանության բարձր մակարդակ, հնարավորություն է տալու օգտվել թվային հանրային ծառայություններից և քաղաքացիներին ազատելու է տարբեր գերատեսչությունների միջև տվյալներ փոխանցելու անհրաժեշտությունից։ Սպասարկումն իրականացվելու է ժամանակակից գրասենյակային պայմաններում։
Նոր փաստաթղթերի գնագոյացումը համեմատելի չէ հին նմուշի անձնագրի 1000 դրամ պետական տուրքի հետ, սակայն համադրելի է նախկին կենսաչափական անձնագրերի արժեքի (25,000 դրամ) հետ։ Ի տարբերություն նախկին փաստաթղթերի, որոնց կրիչները փոխճանաչելի չէին աշխարհում, իսկ պաշտպանվածության աստիճանը՝ ցածր, նոր ենթակառուցվածքը սերտիֆիկացվում է եվրոպական բարձրագույն ստանդարտներով։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հիշեցնում է, որ նոր նմուշի կենսաչափական նույնականացման քարտը պարտադիր է լինելու 16 տարին լրացած ՀՀ բոլոր քաղաքացիների համար։ Անձնագիրը նախատեսված է լինելու բացառապես արտերկիր ճամփորդելու համար, և սահմանահատման ծրագրեր չունենալու դեպքում այն ձեռք բերելու անհրաժեշտություն չի լինի։












