Գերմանիան և Ֆրանսիան առաջարկում են Եվրամիությանը նոր գործիքներ տալ՝ չինական ներմուծման աճին և Պեկինի առևտրային պատասխան քայլերին հակազդելու համար։ Ինչպես գրում է The Economist-ն իր այս շաբաթվա՝ հոկտեմբերի 10-ի համարում, նախաձեռնությունը կարող է նշանակալի շրջադարձ դառնալ Չինաստանի նկատմամբ եվրոպական քաղաքականության մեջ։
Հոկտեմբերի 5-ին Եվրահանձնաժողովին ուղարկած համատեղ նամակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն առաջարկել են ընդլայնել ԵՄ միասնական շուկան պաշտպանելու հնարավորությունները։ Թեև Չինաստանը նամակում ուղղակիորեն չի հիշատակվում, առաջարկներն առաջին հերթին ուղղված են նրա արտահանման ազդեցությունը սահմանափակելուն։
Եվրոպական կողմը պնդում է, որ չինական ընկերությունների մրցակցային առավելությունները մասամբ պայմանավորված են պետական անարդար սուբսիդիաներով և ազգային արժույթի ցածր փոխարժեքով։ Մտահոգության մեկ այլ աղբյուր է հազվագյուտ հողային տարրերի ու այլ կարևոր հումքի մատակարարումների նկատմամբ Չինաստանի վերահսկողությունը, որը Պեկինը կարող է օգտագործել որպես ճնշման միջոց։
Ըստ պարբերականի՝ եվրոպական դիրքորոշման խստացման գլխավոր շարժիչը Գերմանիայի մոտեցման փոփոխությունն է։ Բեռլինը երկար ժամանակ խուսափում էր Պեկինի հետ առճակատումից, սակայն չինական մրցակցությունն այժմ ավելի մեծ ճնշում է գործադրում գերմանական արդյունաբերության վրա։
«Այժմ լայն համաձայնություն կա, որ այսպես շարունակվել չի կարող»,- ասել է Գերմանիայի մեքենաշինողների միության ներկայացուցիչ Օլիվեր Ռիխտբերգը։
The Economist-ի տվյալներով՝ Գերմանիայի արդյունաբերությունում ամսական շուրջ 15,000 աշխատատեղ է կրճատվում։ Քաղաքական գործիչները մտավախություն ունեն, որ այդ միտումը կարող է մեծացնել աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության աջակցությունը։
Ֆրանսիայի և Գերմանիայի առանցքային առաջարկը Բրյուսելին արագ պատասխանելու լիազորություն տալն է, եթե որևէ երկիր հակաքայլեր ձեռնարկի ԵՄ-ի սահմանած առևտրային միջոցների դեմ։
«Սա քաղաքական ազդակ է՝ Պեկինին ցույց տալու, որ Եվրոպան և Գերմանիան լուրջ են տրամադրված»,- պարբերականին ասել է գերմանացի մի պաշտոնյա։
Երկու երկրները նաև առաջարկում են նվազեցնել եվրոպական ընկերությունների կախվածությունը մատակարարման առանձին աղբյուրներից, արագացնել հակասուբսիդավորման միջոցների կիրառումը և դրանք տարածել ամբողջ ոլորտների վրա՝ առանձին ընկերություններով սահմանափակվելու փոխարեն։
Նամակը նախատեսում է նաև խստացնել ներմուծվող ապրանքների համապատասխանության ստուգումները, այդ թվում՝ Չինաստանից պատվիրվող փոքր ծանրոցների նկատմամբ։ Մակրոնն ու Մերցը ցանկանում են ընդլայնել արտադրությունը ռազմավարական ոլորտներում և գնումների ժամանակ նախապատվություն տալ եվրոպական արտադրանքին։ Սակայն ոլորտների շրջանակն ու հնարավոր բացառությունները դեռ հստակեցված չեն։
Պեկինն արդեն դժգոհություն է հայտնել։ Չինաստանի առևտրի նախարարությունը Բեռլինին և Փարիզին կոչ է արել խուսափել քայլերից, որոնք ի վերջո կարող են վնասել հենց իրենց։ Հոկտեմբերի 3-ին Չինաստանը հակադեմփինգային քննություն է սկսել եվրոպական քիմիական արտադրանքի ներմուծման նկատմամբ։
Եվրահանձնաժողովը համատեղ նամակն անվանել է «արժեքավոր ներդրում»։ Միաժամանակ, ինչպես ընդգծում է The Economist-ը, ԵՄ-ն պետք է տնտեսական անվտանգության մտահոգությունները համադրի ազատ առևտրի շահերի հետ՝ թույլ չտալով, որ պաշտպանական միջոցները վերածվեն վնասակար հովանավորչության։












