Գլխավոր Լրահոս

Ուկրաինային նոր նախագահ է պետք, ասել է Թրամփը

Ուկրաինային նոր նախագահ է պետք, ասել է Թրամփը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 10-ին հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք՝ Վոլոդիմիր Զելենսկուն մեղադրելով Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու հնարավորությունները չօգտագործելու մեջ։ Հայտարարությունը հաջորդել է ռուսական դիզելային վառելիք գնելու՝ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պայմանավորվածությանը։

«Կարծում եմ՝ ժամանակն է, որ Ուկրաինան նոր նախագահ ունենա»,– լրագրողներին ասել է Թրամփը։ Նա նաև առաջարկել է ունենալ ղեկավար, որը կկարողանա համաձայնության հասնել՝ պնդելով, թե Զելենսկին բազմիցս ունեցել է նման հնարավորություն, բայց չի օգտվել դրանից։

ԱՄՆ նախագահը քննադատել է նաև ռուսական նավթավերամշակման գործարաններին ուկրաինական հարվածները։ Նրա պնդմամբ՝ դրանք խորացնում են դիզելի համաշխարհային պակասը և վնասում ամերիկացի ֆերմերներին։ Թրամփն ասել է, որ Կիևին հորդորել էր չհարվածել այդ ենթակառուցվածքներին՝ վառելիքի մատակարարումների վրա ազդեցության պատճառով։

Այս հայտարարությունները հնչում են խաղաղության բանակցությունները վերագործարկելու հերթական անհաջող փորձի ֆոնին։ The New York Times-ը գրում է, որ ռուսական դիզել գնելու մասին Թրամփի հայտարարությունից ժամեր անց Կրեմլը հայտնել է, որ բանակցությունների անհապաղ վերսկսում չի նախատեսվում։

Վառելիքային պայմանավորվածությանը հաջորդել է ռուսական դիզելի արտահանման նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների կասեցումը մինչև ապրիլ։ Ըստ պարբերականի՝ Մոսկվան դրա դիմաց, ըստ երևույթին, որևէ զիջում չի առաջարկել։ Պուտինը հաստատել է նավթ և նավթամթերք մատակարարելու պատրաստակամությունը՝ առանց ծավալներ նշելու։

Այդ ընթացքում ուկրաինական պատվիրակությունը Մայամիում հանդիպում էր Թրամփի բանագնացներ Ջարեդ Քուշներին և Սթիվ Ուիթքոֆին։ Հանդիպման մեկնարկին ընդառաջ Թրամփը երկար հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։ Ուկրաինացի պաշտոնյաների փոխանցմամբ՝ Մայամիի քննարկումներն ավարտվել են առանց բեկման։

Զելենսկին վառելիքային գործարքը գնահատել է որպես թույլ որոշում։ Նա դժգոհել է, որ ուկրաինական պատվիրակությունն օգտագործվում է որպես քողարկում՝ հավելելով, որ գործընկերները չպետք է այդպես վարվեն միմյանց հետ։

NYT-ի գնահատմամբ՝ ռուսական վառելիքի խոշոր գնումները կարող են լրացուցիչ միջոցներ ապահովել Մոսկվայի պատերազմական գործողությունների համար։ Միաժամանակ անորոշ է՝ ներմուծումն անմիջապես որքան կազդի ամերիկյան շուկայում գների վրա։

Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Վաշինգտոնը Մոսկվային նաև տնտեսական խթաններ է առաջարկել՝ սահմանափակ հրադադարի հասնելու համար։ Դրանք ներառում են սառեցված ռուսական պետական ակտիվներից միջոցների ազատումը, «Լուկօյլի» ակտիվների մի մասի վաճառքը և Բելառուսի կալիումական պարարտանյութերի արտահանումը թույլատրելու հնարավորությունը։

Կիևը պահանջել է երաշխիքներ, այդ թվում՝ Ռուսաստանին ազատվող միջոցներին համարժեք գումար հատկացնել Ուկրաինային կամ լրացուցիչ ռազմական օգնություն ապահովել հրադադարի խախտման դեպքում։

Մինչ դիվանագիտական քննարկումները շարունակվում էին, Զելենսկու փոխանցմամբ՝ հոկտեմբերի 10-ին Զապորոժիեի բնակելի հատվածին ռուսական հարվածների արդյունքում առնվազն 20 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեք երեխա։ Նա հայտարարել է, որ Մոսկվան ճնշման թուլացումն ընկալում է որպես պատերազմը շարունակելու հնարավորություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում