Հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Երևանի Թբիլիսյան խճուղում պարեկները վնասազերծել են զինված տղամարդու։ Միջադեպի հետևանքով երեք մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոններ։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 23։52-ից սկսած, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Երևանի Քանաքեռի 9-րդ փողոցի տարածքում վիճաբանության ձայներ են լսվում։
Ըստ նախնական տվյալների, մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել Աղասու փողոցի տներից մեկի մոտ, ապա շարունակվել Թբիլիսյան խճուղում։ Վիճաբանության ընթացքում գործի է դրվել հրազեն։
Թբիլիսյան խճուղում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են զինված տղամարդու, վնասազերծել նրան և տեղափոխել բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։












