Երևանի Շինարարների փողոցում գտնվող կրպակների սեփականատերերը բողոքի ակցիա են իրականացրել քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով չքանդել իրենց կրպակները։
Բողոքի ակցիայի մասնակիցները փաստաթղթեր են ներկայացրել լրագրողներին՝ պնդելով, որ կրպակները սեփականաշնորհված են և հանդիսանում են իրենց օրինական գույքը։ Մինչդեռ քաղաքապետարանից նշում են, որ նշված կառույցները ապօրինի են, և հայտնում են դրանք առաջիկայում ապամոնտաժելու մասին։
«Ասել են, որ վաղը գալու են քանդեն։ Եթե չեն ուզում անհնազանդություն, եթե ուզում են կռվից խուսափել, էլի եմ շեշտում՝ մենք հանցագործություն չենք անում։ Խոսքը չի գնում անօրինական կառույցների մասին, խոսքը գնում է մեր սեփականության վկայականներով օրինական իրավունքների, մեր սեփական գույքի մասին։ Եթե ուզում են կռվից խուսափել, պարտավոր են հանդիպում նշանակել ու բացատրել, եթե կարող են ըստ օրենքի բացատրել, որին մեր փաստաբաններն էլ ներկա կլինեն»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Այսօր տեղի ունեցած գործակարգավարական նիստի ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում իրականացվող քանդման աշխատանքներին նշել է, որ հասկանում է այն մարդկանց մտահոգությունները, ում համար դրանք փաստացի աշխատատեղեր էին, սակայն ընդգծել է, որ հանրային շահը միշտ գերակա է մասնավոր շահից։ Ավինյանի խոսքով՝ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատվեն բոլոր կրպակներից և վերադարձվեն բնակիչներին, իսկ տուժող քաղաքացիների հետ պետք է տարվեն համապատասխան աշխատանքներ։
Ակցիայի մասնակիցները, մեջբերելով քաղաքապետարանի հայտարարությունները բանակցություններ վարելու մասին, պնդում են, որ իրականում իրենց հետ որևէ քննարկում չի անցկացվել։ Նրանք հայտարարել են, որ հնարավոր բախումներից և կոնֆլիկտներից խուսափելու համար քաղաքային իշխանությունները պարտավոր են հանդիպում նշանակել, իրավական հիմնավորումներ ներկայացնել և քննարկում անցկացնել սեփականատերերի ու նրանց փաստաբանների մասնակցությամբ։
Կրպակատերերը կոչ են անում քաղաքապետարանին գործել բացառապես օրենքի շրջանակում, հետաձգել ապամոնտաժումը, տրամադրել համապատասխան ժամանակ իրավական ընթացակարգերից օգտվելու համար և կազմակերպել հանդիպում քաղաքապետի հետ։












