Գլխավոր Լրահոս

«Շինարարների» կրպակները քանդում են․ թաղապետը փոխհատուցում է խոստանում

«Շինարարների» կրպակները քանդում են․ թաղապետը փոխհատուցում է խոստանում

Աջափնյակ վարչական շրջանի Շինարարներ փողոցում առավոտից քանդում են մայթերի կրպակները։ Քաղաքապետարանը հիմնավորում է, որ դրանք ապօրինի շինություններ են, կրպակատերերն էլ փաստում են՝ սեփականության կամ վարձակալության պայմանագիր ունեն։

Մի քանի օր է կրպակատերերն ու դրանց վարձակալները կոչ են անում քաղաքապետարանին գործել բացառապես օրենքի շրջանակում, հետաձգել ապամոնտաժումը, տրամադրել համապատասխան ժամանակ իրավական ընթացակարգերից օգտվելու համար։

Նախօրեին էլ Վարչական դատարանը բավարարել էր Շինարարների փողոցի կրպակատերերից Մկրտիչ Նահապետյանի միջնորդությունը և ժամանակավորապես արգելել Երևանի քաղաքապետարանին քանդել կամ ապամոնտաժել Շինարարների փողոցում գտնվող խանութներից մեկը։

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը հայտարարել է, որ դատարանի որոշմանը դեմ չեն գնալու, և չեն քանդելու Նահապետյանին պատկանող շինությունը։

Սարգսյանը նաև վստահեցրել է, որ կրպակների վարձակալներին աջակցելու են այլ տարածքներ գտնելու հարցում, իսկ շինությունների սեփականատերերի հետ կքննարկեն փոխատուցման հարցը։

«Այնպես չէ, որ քանդելու ենք, էս մարդկանց մոռանալու ենք գնանք։ Ամեն ինչով աջակցելու ենք»,- ասել է թաղապետը։

«Տվյալ շինությունները ո՛չ մակերեսով, ո՛չ տեղադիրքով չեն համապատասխանում իրենց ցույց տված վկայականի շինություններին։ Ունեցել են մի փոքր տարածք, դա տարիների ընթացքում մեծացրել են։ Կարելի է ասել՝ դարձրել են ինքնակամ շինություններ»,- ասել է թաղապետը։

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Առաքելյանը հարցադրում է անում, արդյոք գույքը քանդելուց առաջ , գույքի գնահատում արվել է։

«Եթե գերակա շահ են ճանաչել, դրան հաջորդում է գույքի գնահատումը։ Գույքի գնահատումից հետո էդ մարդուն փոխհատուցում են տալիս»,- ասել է Առաքելյանը։

Հոկտեմբերի 12-ին գործակարգավարական նիստի ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում իրականացվող քանդման աշխատանքներին նշել է, որ հասկանում է այն մարդկանց մտահոգությունները, ում համար դրանք փաստացի աշխատատեղեր էին, սակայն ընդգծել է, որ հանրային շահը միշտ գերակա է մասնավոր շահից։ Ավինյանի խոսքով՝ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատվեն բոլոր կրպակներից և վերադարձվեն բնակիչներին, իսկ տուժող քաղաքացիների հետ պետք է տարվեն համապատասխան աշխատանքներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում