Գլխավոր Լրահոս

ԱԲ-ն փոխում է Չինաստանի ծրագրավորողների աշխատանքի շուկան

Պատկերը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։

Պատկերը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։

Չինաստանի տեխնոլոգիական ոլորտում արհեստական բանականության արագ ներդրումը փոխում է աշխատանքի շուկան։ Ծրագրավորողները, որոնք տարիներ շարունակ համարվում էին երկրի թվային տնտեսության ամենապահանջված մասնագետներից, այժմ առերեսվում են կրճատումների, աշխատանքի հնարավորությունների նվազման և ավելի մեծ անորոշության։

Չինաստանում աշխատում է 7 միլիոնից մինչև 9,4 միլիոն ծրագրավորող, սակայն ԱԲ-ի զարգացումը արագ փոխում է նրանց աշխատանքի բնույթը։ Եթե 2025-ին խոշոր ինտերնետային ընկերություններում ծրագրային կոդի միայն 20-30 տոկոսն էր ստեղծվում արհեստական բանականության օգնությամբ, ապա 2026-ի կեսերին որոշ ընկերություններում այդ ցուցանիշը հասել է 90 տոկոսի։

Ընդ որում, գործընթացը միշտ չէ, որ արտահայտվում է պաշտոնապես հայտարարված զանգվածային կրճատումներով։ Ընկերությունները հաճախ չեն երկարաձգում պայմանագրերը, դադարեցնում են նոր աշխատակիցների ընդունումը կամ վերակազմավորում ստորաբաժանումները։ Արդյունքում տասնյակ հազարավոր աշխատակիցներ կարող են պարզապես դուրս մնալ ընկերությունների հաստիքացուցակներից՝ առանց մեծ հրապարակային հայտարարությունների։

Alibaba-ի, Tencent-ի, ByteDance-ի, Meituan-ի և JD.com-ի նման խոշոր հարթակներում կրճատումների մասին հաղորդումները սովորական են դարձել։ 2026-ի հունիսին էլկետրոնային առևտրի հարթակ Shopee-ն ազատել է աշխատանքից բարձր արդյունավետություն ցուցաբերող ինժեներների, իսկ առցանց ճանապարհորդական Fliggy հարթակը շուրջ մեկ տասնամյակի փորձ ունեցող ավագ ծրագրավորողների կրճատել։ Սննդի առաքման Meituan հարթակը մեկ փուլով կրճատել է backend ծրագրավորողների մոտ 30 տոկոսին։

Միաժամանակ ԱԲ-ի շնորհիվ արտադրողականության աճը պարտադիր չէ, որ նվազեցնի մնացած աշխատակիցների ծանրաբեռնվածությունը։ Որոշ ընկերություններում ղեկավարներն ակնկալում են նախկինում 10 օր պահանջող աշխատանքը կատարել մեկ օրում։ Սա ավելի է մեծացնում ճնշումը աշխատակիցների վրա։

Տարիքային շեմը նվազում է

Չինաստանի տեխնոլոգիական ոլորտում վաղուց տարածված է այսպես կոչված «35 տարեկանի շեմի» խնդիրը, երբ այդ տարիքին մոտեցող մասնագետները սկսում են դժվարություններ ունենալ աշխատանք գտնելու հարցում։ Այդ սահմանը կարծես ավելի է նվազել։

30-ն անց ծրագրավորողներն արդեն հայտնում են, որ գործատուները նրանց երբեմն համարում են «տարիքով չափազանց մեծ» կամ ընտանեկան պարտավորություններով ծանրաբեռնված։ Իսկ 35 տարեկանին մոտ մասնագետների համար աշխատանքի կորուստը կարող է հատկապես ծանր հետևանքներ ունենալ՝ հիփոթեքային և ավտոմեքենայի վարկերի, ինչպես նաև երեխաների կրթության ծախսերի պատճառով։

Տեխնոլոգիական ոլորտում ավանդաբար տարածված ծանր աշխատանքային ռեժիմը լրացուցիչ ճնշում է ստեղծում։ «996» համակարգը՝ առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան 9-ը, շաբաթական վեց օր ռեժիմով աշխատող որոշ ծրագրավորողներ ասում են, որ տարիներ շարունակ այդպես աշխատելուց հետո այժմ իրենց կարող են պարզապես փոխարինել ավելի արդյունավետ տեխնոլոգիական գործիքները։

Ոմանք ընդհանրապես հեռանում են ոլորտից

Աշխատանքը կորցրած ծրագրավորողների մի մասը տեղափոխվում է ավելի ցածր վարձատրվող ոլորտներ՝ պատվերով աշխատանքի, առաքման կամ տաքսի ծառայությունների շուկա։ Ոմանք վերադառնում են հայրենի քաղաքներ և վերապատրաստվում որպես էլեկտրիկ, սանտեխնիկ կամ ատաղձագործ։

Սա կապված է նաև Nvidia-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի այն կանխատեսման հետ, որ ԱԲ-ի դարաշրջանում էլեկտրիկների և սանտեխնիկների պահանջարկը կարող է աճել։ Սակայն նման վերաորակավորումը բոլորին րէ, որ հասանելի է։ Մասնավոր հաստատությունների վերապատրաստման ծրագրերը հաճախ միայն հավաստագրեր են տալիս՝ առանց աշխատանքի իրական հեռանկարի։

Խնդիրն ավելի լայն տնտեսական միջավայրի մաս է։ Չինաստանի տնտեսական աճի դանդաղումը, անշարժ գույքի ոլորտի անկումը և մատակարարման շղթաների փոփոխությունները սահմանափակում են նոր աշխատատեղերի ստեղծումը։ Համալսարանների միլիոնավոր ուսանողներ ստիպված են մրցել նվազող թվով աշխատատեղերի համար, մինչդեռ ինտերնետային ոլորտը, որը նախկինում սոցիալական առաջընթացի հիմնական ուղիներից էր, դարձել է կրճատումների կենտրոններից մեկը։

Այս փոփոխության ամենամեծ պարադոքսներից մեկն այն է, որ հենց ծրագրավորողներն են մշակում այն գործիքները, որոնք կարող են ապագայում նվազեցնել իրենց աշխատանքի պահանջարկը։ Alibaba-ի մի ինժեներ ասել է, որ իր համար «անվտանգ ժամանակահատվածը» կարող է ընդամենը մեկից երկու տարի լինել, քանի որ իր մասնակցությամբ նախագիծը հենց մարդկային ծրագրավորողների անհրաժեշտությունը նվազեցնելու նպատակ ունի։

Չինաստանի իշխանությունները, միաժամանակ, ԱԲ-ն ներկայացնում են որպես երկրի տեխնոլոգիական առաջընթացի առանցքային ուղղություն։ «AI Plus Action Plan» ծրագիրը նախատեսում է, որ ԱԲ-ի կիրառումը կարևոր ոլորտներում 2027-ին կհասնի 70 տոկոսի, իսկ 2030-ին՝ 90 տոկոսի։ Սակայն դրան զուգահեռ դեռևս չեն ձևավորվել աշխատանքը կորցնող մասնագետների լայնածավալ վերապատրաստման կամ սոցիալական պաշտպանության համարժեք համակարգեր։

Արդյունքում արհեստական բանականությունն այլևս միայն տեխնոլոգիական մրցակցության գործիք չէ։ Այն աստիճանաբար վերափոխում է նաև աշխատանքի շուկան՝ հատկապես այն մասնագետների համար, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ համարվում էին նոր տնտեսության ամենաապահով և պահանջված աշխատուժը։

Աղբյուրը՝ hamrakura.com

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում