Գլխավոր Լրահոս

Գուտերեշը կոչ է անում ավելացնել բնության պահպանության ֆինանսավորումը

Գուտերեշը կոչ է անում ավելացնել բնության պահպանության ֆինանսավորումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել կառավարություններին վերանայել ֆինանսական առաջնահերթությունները և ավելացնել ներդրումները բնության պահպանության ուղղությամբ։ Նրա խոսքով՝ բնության պահպանության համար ծախսվող յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար ուղղվում է բնության քայքայմանը։

«2023-ին 7,3 տրիլիոն ԱՄՆ դոլար ուղղվել է բնության համար բացասական հետևանքներ ունեցող գործունեությանը։ Բոլոր ոլորտները նպաստել են աղտոտմանը, գյուղատնտեսությունը՝ հողերի քայքայմանը, իսկ հանածո վառելիքի սուբսիդավորումը ինքնասպանություն է, քանի որ այն քայքայում է մեր մոլորակը և կենսաբազմազանության կորստի հիմնական պատճառներից է»,- հայտարարել է Գուտերեշը։

Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) ընթացքում առաջնորդների գագաթնաժողովում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Երևանյան հռչակագիրը։ Նա նշել է, որ այն նպաստում է կենսաբազմազանության պահպանության հարցերը պետական որոշումների, քաղաքականությունների, բյուջեների և կարգավորումների մեջ ներառելուն։

COP17-ի շրջանակում՝ առաջնորդների գագաթնաժողովում, նախատեսվում էր քաղաքական հռչակագրի՝ «Yerevan Call for Action»-ի ընդունումը։ Այն վերահաստատում է կենսաբազմազանության դերը կայուն զարգացման, պարենային անվտանգության և կլիմայական կայունության գործում։

Գուտերեշը նշել է, որ մինչև 2030 թվականը կենսաբազմազանության, կլիմայի և հողերի վերականգնման գլոբալ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է տարեկան բնահեն լուծումներին ուղղվող ներդրումները հասցնել 530 միլիարդ դոլարի։

Նրա խոսքով՝ այդ գումարը համաշխարհային ՀՆԱ-ի մոտ կես տոկոսն է, և անհրաժեշտ ֆինանսավորումն ապահովելու համար կառավարությունները պետք է համագործակցեն մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և միջազգային զարգացման բանկերի հետ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ կենսաբազմազանության պահպանության համար անհրաժեշտ է ոչ միայն ավելացնել ֆինանսավորումը, այլև փոխել այն քաղաքականությունները, որոնք վնասում են բնությանը։ Նա ընդգծել է կայուն և վերականգնողական գյուղատնտեսության, շրջանառու տնտեսության, թափոնների կրճատման, թափանցիկության և տվյալների հրապարակման կարևորությունը։

Գուտերեշը նաև նշել է վերականգնվող էներգիայի դերը՝ ընդգծելով, որ 2010 թվականից արևային էներգիայի արժեքը նվազել է 90 տոկոսով, իսկ մաքուր էներգիայի ոլորտում համաշխարհային ներդրումները գրեթե կրկնապատկվել են՝ հանածո վառելիքի ոլորտում ներդրումների համեմատ։

Նա ողջունել է Երևանյան հռչակագիրը՝ այն համարելով բնության պահպանության հարցերը պետական որոշումների, քաղաքականությունների, բյուջեների և կարգավորումների մեջ ներառելու կարևոր քայլ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում