Գլխավոր Լրահոս

Հնդկաստանը նոր ՀԷԿ-եր է գործարկում՝ մեծացնելով ճնշումը Պակիստանի նկատմամբ

Հնդկաստանը նոր ՀԷԿ-եր է գործարկում՝ մեծացնելով ճնշումը Պակիստանի նկատմամբ

Հնդկաստանը մոտենում է Չենաբ գետի ավազանում երկու խոշոր հիդրոէլեկտրակայանների գործարկմանը՝ Պակիստանի հետ Ինդոսի ջրերի մասին 1960-ից գործող համաձայնագրի կասեցումից հետո։ Նոր կայանների ընդհանուր հզորությունը կկազմի 1624 մեգավատ։ Նյու Դելին միաժամանակ արագացնում է տարածաշրջանում այլ հիդրոէներգետիկ նախագծերի իրականացումը՝ նպատակ ունենալով ավելի մեծ չափով օգտագործել գետերի ջրային ռեսուրսները, գրում է հնդկական ThePrint կայքը։ Հոդվածի հեղինակը Մուշումի Դաս Գուպտան է։

Հնդկաստանը մոտենում է Ինդոս գետի ավազանում երկու կարևոր հիդրոէլեկտրակայանների՝ 1000 մեգավատ հզորությամբ «Պակալ Դուլ» և 624 մեգավատ հզորությամբ «Կիրու» նախագծերի շահագործմանը։ Երկուսն էլ կառուցվում են Չենաբ գետի ավազանում։ ThePrint-ի տեղեկություններով՝ կառավարությունը նախատեսում է շահագործման հանձնելու գործընթացը սկսել մինչև դեկտեմբերի վերջ։

«624 մեգավատ հզորությամբ «Կիրու» և 1000 մեգավատ հզորությամբ «Պակալ Դուլ» նախագծերի շահագործման հանձնելու գործընթացն արդեն սկսվել է։ Հույս ունենք, որ առաջիկա մի քանի ամիսներին երկու կայաններն էլ կգործարկվեն»,- ThePrint-ին ասել է նախագծերի իրականացմանը ներգրավված բարձրաստիճան պետական պաշտոնյան։

Դրանք կլինեն արևմտյան վտակների վրա ավարտված առաջին հիդրոէներգետիկ նախագծերը այն բանից հետո, երբ Հնդկաստանը 2025-ի ապրիլին կասեցրեց Պակիստանի հետ Ինդոսի ջրերի մասին համաձայնագրի գործողությունը։ Որոշումն ընդունվել էր Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։

1960-ին Համաշխարհային բանկի միջնորդությամբ կնքված համաձայնագիրը կարգավորում էր երկու երկրների միջև Ինդոսի գետային համակարգի ջրերի օգտագործումը։

Դրա համաձայն՝ Հնդկաստանն ունի արևելյան երեք գետերի՝ Ռավիի, Բեասի և Սաթլեջի ջրերն առանց սահմանափակումների օգտագործելու իրավունք։ Այդ գետերին բաժին է ընկնում Ինդոսի համակարգի ջրերի մոտ 20 տոկոսը։

Պակիստանին վերապահված է արևմտյան երեք գետերի՝ Ինդոսի, Ջելումի և Չենաբի ջրերի անսահմանափակ օգտագործման իրավունքը։ Դրանք կազմում են գետային համակարգի ընդհանուր ջրերի շուրջ 80 տոկոսը։

Մեկ այլ պետական պաշտոնյա բացատրել է, որ հիդրոէլեկտրակայանների փաստացի գործարկումը ժամանակ է պահանջում նույնիսկ շահագործման հանձնելու գործընթացն սկսելուց հետո։

«Կատարվում են բազմաթիվ փորձարկումներ, ստուգվում են համակարգերը, ջրամբարը լցվում է, ապա դատարկվում։ Նույնիսկ շինարարության ավարտից հետո այս բոլոր գործընթացները ժամանակ են պահանջում»,- ասել է անանուն մնալ ցանկացող պաշտոնյան։

«Կիրու» և «Պակալ Դուլ» նախագծերը

«Կիրու» հիդրոէլեկտրակայանը կառուցվել է Ջամու և Քաշմիրի Քիշթվար շրջանում՝ Չենաբ գետի վրա։ Նախագծի արժեքը կազմում է 42,87 միլիարդ հնդկական ռուփի։

Կայանն ունի 135 մետր բարձրությամբ ամբարտակ և ստորգետնյա էլեկտրակայան՝ յուրաքանչյուրը 156 մեգավատ հզորությամբ չորս էներգաբլոկներով։ Նախագծի հիմնարկեքը կատարել է վարչապետ Նարենդրա Մոդին 2019-ի փետրվարին։

«Պակալ Դուլ» նախագիծն իրականացվում է նույն շրջանում՝ Չենաբի վտակ Մարուսուդար գետի վրա։ Դրա արժեքը 81,12 միլիարդ ռուփի է։

Կայանն ունի 167 մետր բարձրությամբ ամբարտակ և ստորգետնյա էլեկտրակայան՝ յուրաքանչյուրը 250 մեգավատ հզորությամբ չորս էներգաբլոկներով։

«Պակալ Դուլը» Ինդոսի գետային համակարգի հնդկական հատվածում ջրամբարային առաջին նախագիծն է՝ 125,4 միլիոն խորանարդ մետր ջուր կուտակելու կարողությամբ։

Ի տարբերություն դրա՝ «Կիրուն» հոսքային հիդրոէլեկտրակայան է։ Նման կայաններում էլեկտրաէներգիան արտադրվում է գետի բնական հոսքի հաշվին՝ առանց մեծածավալ ջրամբարում ջուր կուտակելու։

Երկու նախագծերն էլ իրականացնում է Chenab Valley Power Projects Limited ընկերությունը, որը Հնդկաստանի ազգային հիդրոէներգետիկ կորպորացիայի և Ջամու և Քաշմիրի էներգետիկ զարգացման պետական կորպորացիայի համատեղ ձեռնարկությունն է։

Այլ հիդրոէներգետիկ նախագծեր

«Կիրուից» և «Պակալ Դուլից» բացի՝ կենտրոնական կառավարությունն արագացնում է Չենաբ գետի վրա կառուցվող մյուս հիդրոէլեկտրակայանների աշխատանքները։ Դրանց թվում են 540 մեգավատ հզորությամբ «Կվար» և 850 մեգավատ հզորությամբ «Ռաթլե» նախագծերը։

«Կվարը, հավանաբար, շահագործման կհանձնվի մինչև 2028-ը, մինչդեռ «Ռաթլե» նախագծի իրականացումը տարբեր պատճառներով հետաձգվում է»,- ասել է երկրորդ պաշտոնյան։

Արևմտյան գետերի վրա նախատեսվում են նաև չորս այլ հիդրոէներգետիկ նախագծեր, որոնք այժմ պլանավորման տարբեր փուլերում են։

Դրանք են՝ «Սավալկոտ»՝ 1856 մեգավատ, «Կիրթհայ-2»՝ 930 մեգավատ, «Դուլհաստիի երկրորդ փուլ»՝ 260 մեգավատ, «Ուրի-1-ի երկրորդ փուլ»՝ 240 մեգավատ։

Ինդոսի ջրերի մասին համաձայնագիրը մի շարք սահմանափակումներ էր նախատեսում ոչ միայն Հնդկաստանի կառուցած կամ կառուցվող հիդրոէներգետիկ օբյեկտների նախագծման, այլև դրանց շահագործման համար։

Հոդվածում մեջբերված առաջին պաշտոնյայի խոսքով՝ համաձայնագրի գործողության կասեցումից հետո այդ սահմանափակումներն այլևս չեն կիրառվում հնդկական կողմի կողմից։

«Այլևս նախկինի պես երկարատև փոխհամաձայնեցումների անհրաժեշտություն չկա։ Դա կօգնի արագացնել նախագծերի իրականացումը»,- ասել է նա։

Կվերանայվի՞ արդյոք ջրային համաձայնագիրը

Դեռևս հստակ չէ՝ արդյոք Հնդկաստանն ու Պակիստանը կվերաբանակցեն Ինդոսի ջրերի մասին համաձայնագիրը և, եթե այո, երբ։

Միևնույն ժամանակ Հնդկաստանն օգտագործում է ստեղծված իրավիճակը՝ արագացնելու արևմտյան գետերի վրա ընթացող նախագծերը։ Ներկայում երկիրը չունի անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ այդ գետերից իրեն հասանելիք ջրային ռեսուրսներն ամբողջությամբ օգտագործելու համար։

Համաձայնագրով Պակիստանին վերապահված էր արևմտյան երեք գետերի ջրերի անսահմանափակ օգտագործման իրավունքը։ Հնդկաստանին թույլատրվում էր այդ գետերի ջրերն օգտագործել սահմանված նպատակներով, այդ թվում՝ հոսքային հիդրոէլեկտրակայանների միջոցով էլեկտրաէներգիա արտադրելու, գյուղատնտեսական և կենցաղային կարիքների համար։

Արևմտյան երեք գետերի վրա Հնդկաստանն արդեն կառուցել է մի շարք հիդրոէլեկտրակայաններ, այդ թվում՝ «Բագլիհար», «Սալալ» և «Քիշանգանգա» կայանները։

Սակայն դրանց հզորությունները բավարար չեն համաձայնագրով Հնդկաստանին հասանելի ջրային ռեսուրսների ամբողջ ներուժն օգտագործելու համար։

Արևմտյան գետերի այն ջրերը, որոնք Հնդկաստանն իրավունք ունի օգտագործելու, ունեն 18 569 մեգավատ հիդրոէներգետիկ ներուժ։ Մինչդեռ երկիրը ներկայում օգտագործման է հանձնել ընդամենը շուրջ 3500 մեգավատ հզորություն։

«Երբ արևմտյան գետերի վրա բոլոր նախագծերն ավարտվեն, Հնդկաստանը կկարողանա ավելի արդյունավետ օգտագործել այդ գետերի ջրերը և բավարարել իր էներգետիկ կարիքները»,- ասել է երկրորդ պաշտոնյան։

Բացի ընթացիկ հիդրոէներգետիկ նախագծերից՝ Հնդկաստանը դիտարկում է նաև մի շարք այլ տարբերակներ։ Դրանց թվում է 10-12 կիլոմետր երկարությամբ թունելի կառուցման առաջարկը, որի միջոցով նախատեսվում է Չենաբ գետի ջրերի մի մասը տեղափոխել Ռավի գետ։

«Շահպուր Կանդի» նախագիծը կգործարկվի 2027-ին

Չենաբի վրա կառուցվող «Պակալ Դուլ» և «Կիրու» կայաններից բացի՝ մինչև 2027-ի կեսերը նախատեսվում է շահագործման հանձնել նաև Ռավի գետի վրա գտնվող «Շահպուր Կանդի» բազմաֆունկցիոնալ նախագիծը։

Ռավին Ինդոսի ավազանի արևելյան գետերից մեկն է։

Թեև «Շահպուր Կանդի» ամբարտակի շինարարությունն արդեն ավարտվել է, 206 մեգավատ տեղակայված հզորությամբ հիդրոէլեկտրակայանի կառուցումը դեռ ընթացքի մեջ է և մոտենում է ավարտին։

Փենջաբի ոռոգման դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան ThePrint-ին ասել է, որ ամբողջ նախագիծը կգործարկվի հաջորդ տարվա կեսերին։

Ներկայում Հնդկաստանն օգտագործում է արևելյան գետերի ջրերի իրեն հասանելիք բաժնի շուրջ 95 տոկոսը՝ ամբարտակների և ջրային կառույցների համակարգի միջոցով։

Այդ համակարգում ներառված են Սաթլեջ գետի վրա գտնվող «Բհակրա», Ռավիի վրա՝ «Ռանջիթ Սագար», իսկ Բեասի վրա՝ «Պոնգ» և «Պանդոհ» ամբարտակները։

33 միլիարդ ռուփի արժողությամբ «Շահպուր Կանդի» բազմաֆունկցիոնալ նախագիծն իրականացնում է Փենջաբի կառավարությունը։

Այն հնարավորություն կտա նվազեցնել Ռավի գետի այն ջրերի ծավալը, որոնք ներկայում Մադհոպուրի ջրակարգավորիչ հանգույցից ներքև հոսում են դեպի Պակիստան՝ առանց Հնդկաստանում օգտագործվելու։

Սակայն ծրագրի ամբողջական արդյունքը՝ ոռոգման և էլեկտրաէներգիայի արտադրության առումով, հնարավոր կլինի ստանալ միայն էլեկտրակայանների կառուցման ավարտից հետո։

«Շահպուր Կանդիից» բացի՝ Հնդկաստանը նախատեսում է Ջամու և Քաշմիրում, Ռավիի վտակ Ուջ գետի վրա կառուցել բազմաֆունկցիոնալ կառույց՝ ոռոգման և հիդրոէներգիայի արտադրության նպատակով։

Փենջաբում նախատեսվում է նաև Սաթլեջ և Բեաս գետերը միացնող երկրորդ ջրային կապուղու նախագիծը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում