Լիա Ավագյան
Հայաստանում հանրային ծառայության վարձատրության նախատեսվող բարեփոխումը զգալիորեն կբարձրացնի մի շարք բարձրաստիճան պաշտոնների աշխատավարձերը, մինչդեռ քաղաքացիական ծառայության աշխատավարձերը բաշխման զգալի հատվածում արդեն իսկ բարձր են մասնավոր հատվածի համադրելի վարձատրությունից, ցույց է տալիս տնտեսագետ Վաչե Գաբրիելյանի ուսումնասիրությունը։
Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկյան-Սիմոն բիզնեսի և տնտեսագիտության դպրոցի (Manoogian Simone College of Business and Economics) դեկան, նախկին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Գաբրիելյանը վերլուծել է Ազգային ժողովում քննարկվող հանրային ծառայության վարձատրության օրենսդրական փաթեթը։
Մոտ 200 էջանոց աշխատանքում ներկայացված են հայկական և միջազգային տվյալների համադրություններ, տարբեր սցենարների մոդելավորում, աղյուսակներ և 17 հավելված։ Գաբրիելյանն ուսումնասիրությունը հրապարակել է LinkedIn-ի իր էջում։
Քաղաքացիական ծառայության վարձատրությունը հաճախ արդեն մրցունակ է
Ուսումնասիրության առանցքային հարցերից մեկն այն է, թե որքանով է հիմնավորված պետական համակարգում աշխատավարձերը բարձրացնելու փաստարկը՝ մասնավոր հատվածի հետ մրցունակ լինելու համար։
Գաբրիելյանի հաշվարկներով՝ քաղաքացիական ծառայության աշխատավարձերը բաշխման զգալի հատվածում արդեն իսկ բարձր են մասնավոր հատվածի համադրելի աշխատավարձերից, մինչդեռ մասնավոր հատվածի առավելությունը հիմնականում երևում է ամենաբարձր վարձատրվող խմբերում։ Զեկույցում ներկայացված համեմատականները ցույց են տալիս, որ խնդիրը բոլոր պաշտոնների համար նույն կերպ չի դրսևորվում։
Գաբրիելյանի մոդելավորված սցենարներից մեկի համաձայն՝ նախատեսվող լրացուցիչ ֆինանսավորման մոտ կեսը կարող է բաժին հասնել այն պաշտոններին, որոնց դեպքում հանրային հատվածի վարձատրությունն արդեն իսկ համադրելի կամ ավելի բարձր է մասնավոր հատվածից։
Այդ հաշվարկը հեղինակն օգտագործում է՝ ցույց տալու, որ աշխատավարձերի ընդհանուր բարձրացումը կարող է նույն չափով չլուծել աշխատաշուկայում առկա տարբեր խնդիրները։
Ամենախոշոր բարձրացումները՝ քաղաքական և վարչական վերին օղակներում
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխատավարձերի աճը համակարգում հավասարաչափ չի բաշխվելու։
Գաբրիելյանի հաշվարկներում ամենախոշոր տոկոսային բարձրացումները նախատեսվում են քաղաքական և բարձրաստիճան վարչական պաշտոնների մի մասի համար։ Որոշ պաշտոններում աճը մոտենում կամ անցնում է 100 տոկոսը․ առանձին օրինակներում ներկայացված են 102%, 117%, 120% և 140% բարձրացումներ։
Ստորին և միջին օղակներում բարձրացումները հիմնականում ավելի փոքր են։
Գաբրիելյանի գնահատմամբ՝ բարեփոխման համար պետական բյուջեից տարեկան կարող է պահանջվել մոտ 35 մլրդ դրամի լրացուցիչ ֆինանսավորում։
Պարգևատրումների ֆոնդը սահմանափակվում է, բայց ներդրվում է մինչև 60% հավելում
Նախագծով պարգևատրման ֆոնդը սահմանափակվում է աշխատավարձային ֆոնդի առավելագույնը 2 տոկոսի չափով։
Գաբրիելյանը նշում է, որ այս փոփոխությունը արձագանքում է գործող համակարգի այն խնդիրներից մեկին, որը նախկինում մատնանշվել էր նաև SIGMA-ի գնահատականներում։ (SIGMA-ն Support for Improvement in Governance and Management ծրագրի կրճատ անվանումն է։ Այն OECD-ի և Եվրոպական միության համատեղ նախաձեռնություն է, որը գնահատում է պետական կառավարման համակարգերը և տալիս բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ):
Միաժամանակ նախատեսվում է աշխատանքի արդյունքներով պայմանավորված նոր հավելում, որը կարող է հասնել աշխատավարձի մինչև 60 տոկոսին։ Ուսումնասիրությունը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դրա բաշխման կանոններն ու գործնական չափանիշները դեռ ամբողջությամբ հստակեցված չեն։
Այսպիսով, ըստ Գաբրիելյանի, մի կողմից սահմանափակվում է գործող պարգևատրման մեխանիզմը, մյուս կողմից ստեղծվում է փոփոխական վարձատրության նոր և զգալի բաղադրիչ։
Գործող որոշ երաշխիքներ վերանում կամ փոխվում են
Գաբրիելյանը արձանագրում է, որ նախագծով փոխվում կամ վերանում են գործող համակարգի մի շարք մեխանիզմներ։
Դրանց թվում է բազային աշխատավարձի կապը նվազագույն աշխատավարձի հետ։ Ուսումնասիրությունում քննարկվում են նաև աշխատանքի գնահատման և դրա արդյունքների բողոքարկման մեխանիզմների փոփոխությունները։
Հեղինակի գնահատմամբ՝ եթե նոր համակարգում փոփոխական վարձատրության դերը մեծանում է, ապա գնահատման չափանիշների, բողոքարկման ընթացակարգերի և վերահսկողության հստակությունը ավելի մեծ նշանակություն է ստանում։
Գաբրիելյանի ընդհանուր գնահատականը միանշանակ բացասական չէ։ Նա արձանագրում է, որ փաթեթը լուծում է գործող համակարգի որոշ խնդիրներ, այդ թվում՝ պարգևատրումների ֆոնդի սահմանափակման հարցը։
Միաժամանակ նրա հաշվարկները ցույց են տալիս, որ բարեփոխման ֆինանսական օգուտները հավասարաչափ չեն բաշխվում, իսկ նոր մեխանիզմներից մի քանիսի դեպքում մնում են հայեցողականության, չափանիշների և հաշվետվողականության հետ կապված հարցեր։












