Հրապարակվում է որպես գովազդ
Իր 25-ամյակին ընդառաջ ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրող PROFAL ընկերությունը գործարկել է տարածաշրջանում ամենամեծ ճարտարապետական ապակու մշակման գործարանը։ Քառորդ դար առաջ երեք ընկերների կողմից հիմնադրված ընկերությունն այսօր որակի նոր նշաձող է սահմանում Հայաստանում ու նրա սահմաններից դուրս։ Ավելի քան 20 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրմամբ այս նախագիծը ընկերության զարգացման ռազմավարական քայլերից է՝ ուղղված արտադրական կարողությունների զարգացմանն ու արտահանման ծավալների մեծացմանը։
Գործարանի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև PROFAL-ի հայաստանյան և միջազգային գործընկերներ։ Վարչապետը շրջայց է կատարել նոր գործարանում՝ ծանոթանալով դրա տեխնիկական հագեցվածությանը, արտադրական հնարավորություններին և ընկերության ընդլայնման ծրագրերին։

Նորագույն սարքավորումներով հագեցած գործարանի շնորհիվ PROFAL-ի արտադրողականությունը կավելանա շուրջ 5 անգամ՝ ծառայելով ոչ միայն ամենաբարդ և լայնամասշտաբ տեղական, այլև միջազգային նախագծերին։ Այսօր էլ ընկերության արտադրանքն ու ծառայությունները ներկայացված են ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Սաուդյան Արաբիայում և այլն։
«Մեր միջազգային գործունեությունը վաղուց արդեն չի սահմանափակվում միայն արտադրանքի արտահանմամբ։ Այսօր PROFAL-ը ներգրավված է միջազգային ամենախստապահանջ մասնավոր նախագծերում, ինչպես նաև խոշոր և պատասխանատու պետական նշանակության օբյեկտների կառուցման և վերակառուցման ծրագրերում։ Որպես օրինակ՝ Ֆրանսիայում դպրոցների շենքերի, ռազմածովային կառույցների, կամ ԱՄՆ-ում Ֆլորիդա նահանգում փոթորկակայուն բազմաբնակարան համալիրի նախագծերի իրականացումը», - նշել է ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը։

PROFAL-ի ճարտարապետական ապակու մշակման գործարանը կառուցվել է հիմքից՝ եվրոպական և ամերիկյան բարձր չափանիշներին համապատասխան։ Ծրագրի այս փուլի ներդրումների արժեքն ավելի քան 20 միլիոն ԱՄՆ դոլար է, իսկ միասնական արտադրական համալիրի ներդրումներն առաջիկա երկու տարում կգերազանցեն 30 միլիոն ԱՄՆ դոլարը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ սա կարևոր իրադարձություն է ոչ միայն PROFAL ընկերության, այլև Հայաստանի արդյունաբերության զարգացման համար։ «Մեր տնտեսական քաղաքականության կարևոր առաջնահերթություններից են տեղական արտադրության ընդլայնումը, բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի թողարկումը, արտահանման ծավալների ու աշխարհագրության ընդլայնումը։ PROFAL-ի նոր գործարանը հենց այս նպատակներին ծառայող նախաձեռնություններից է», - նշել է Գևորգ Պապոյանը։ Նա հավելել է, որ սա պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության լավագույն օրինակ է։ Ընկերության կողմից լիզինգով ձեռք բերված սարքավորումների տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով պետությունն ուղղել է ավելի քան 227 միլիոն դրամ։

Հայկական արտադրանքի մրցունակության բարձրացման և արտահանման խթանման կարևոր քայլ է նաև ՀՀ կառավարության աջակցությունը, որով 2026 թվականի հոկտեմբերից մինչև 2028 թվականը PROFAL-ի արտադրանքը Եվրոպա արտահանելիս եվրոպական գործընկերներն ազատված կլինեն մաքսատուրքերի վճարումից։
Գործարանի բացման միջոցառմանը PROFAL-ը համագործակցության պայմանագրեր է կնքել ֆրանսիական և բրիտանական գործընկերների հետ։ Մասնավորապես PROFAL-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանն ու ֆրանսիական SAS TERRITOIRE ընկերության հիմնադիր Պոլ Մագրանվիլը 30 միլիոն եվրոյի համագործակցության պայմանագիր են ստորագրել։ Էդգար Ավետիսյանը պայմանագիր է կնքել նաև Aluvista Systems ընկերության հիմնադիր Ջիմի Կուցոյի հետ PROFAL-ի կողմից 20 հազար քմ դուռ-պատուհան մատակարարելու մասին։


«Անկեղծ ասած՝ շատ տպավորված եմ։ Ես նման մեծ գործարան անգամ Ֆրանսիայում չեմ տեսել։ Ամեն ինչ շատ նոր է, ժամանակակից սարքավորումներով։ Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կլինի շարունակական»,-ասել է Պոլ Մագրանվիլը։
PROFAL գործարանային համալիրի ընդհանուր տարածքը կազմում է 120 հազար քառակուսի մետր, որից 17 հազարը հատկացված է ապակու արտադրությանն ու պահեստային հատվածին, Առաջիկա երկու տարում արտադրական տարածքների մակերեսը կհասնի 40 հազար քառակուսի մետրի։ PROFAL-ը նպատակ ունի այստեղ կենտրոնացնել բոլոր արտադրական գործընթացները՝ ստեղծելով մեկ միասնական, ժամանակակից արտադրական համալիր, որը կլինի ամենամեծ կառուցված գործարանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ:

Գործարանի շահագործման արդյունքում արդեն ստեղծվել է 75 նոր աշխատատեղ, առաջիկա փուլում նախատեսվում է ստեղծել ևս 100 նոր աշխատատեղ: PROFAL-ի աշխատակիցների ընդհանուր թիվը նախատեսվող աշխատատեղերի ստեղծումից հետո կլինի 600-ից ավելի։












