Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է թոշակառուների հետվճարի ծրագիրը ևս 3 տարով երկարաձգել։
«Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է 2027-ի հունվարի 1-ից մինչև 2029-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ շարունակել կենսաթոշակի և նպաստի բանկային քարտերով անկանխիկ եղանակով կատարված գործարքներից 20% (առավելագույնը 10,000 դրամ) հետվճար տրամադրելու միջոցառումը՝ պահպանելով գործող կարգով սահմանված հետվճարի հաշվարկման և վճարման մեխանիզմները»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ կենսաթոշակի և նպաստի 20 % հետվճարի ծրագրից արդեն իսկ օգտվել է 572,590 կենսաթոշակառու և նպաստառու․ հետվճարի միջին չափը կազմել է շուրջ 8,150 դրամ։
Հետվճարը ձևավորվում և փոխանցվում է ինքնաշխատ եղանակով՝ ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով՝ ՊՈՍ-տերմինալներով գործարքներ կատարելու դեպքում։











