Գլխավոր Լրահոս

Հոկտեմբերի 31-ից կմեկնարկի նոր կենսաչափական անձնագրերի և ID քարտերի նախագրանցումը. Դավթյան

Հոկտեմբերի 31-ից կմեկնարկի նոր կենսաչափական անձնագրերի և ID քարտերի նախագրանցումը. Դավթյան

Հայաստանում հոկտեմբերի 31-ից կմեկնարկի նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ստացման առցանց նախագրանցումը։ Քաղաքացիների սպասարկումը կսկսվի նոյեմբերի 1-ին՝ Երևանի երկու գրասենյակներում, իսկ նոյեմբերի 2-ից՝ նաև մարզային 12 գրասենյակներում։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը։

«Հոկտեմբերի 31-ին, հենց օրացուցային օրը փոխվի, մենք հրապարակելու ենք և հասանելի ենք դարձնելու նախագրանցման հարթակը»,– ասել է Դավթյանը։

Նրա խոսքով՝ հարթակը հասանելի կլինի «Հայփաս» ընկերության և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական կայքերում։ Նախագրանցման համար կգործի նաև առանձին կայք։

Նախագրանցման ընթացքում քաղաքացիների տվյալները ավտոմատ կերպով կհամադրվեն Բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ։ Անհամապատասխանության դեպքում համակարգը թույլ չի տա ավարտել գրանցումը, և քաղաքացին պետք է դիմի Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։

Դավթյանի խոսքով՝ նախագրանցման ամենաարագ տարբերակը էլեկտրոնային ստորագրությամբ խիստ նույնականացումն է, որի դեպքում գործընթացը կտևի վայրկյաններ։ Առանց խիստ նույնականացման անհրաժեշտ կլինի մուտքագրել համապատասխան տվյալները։

Դրանից հետո քաղաքացիները կկարողանան վճարել փաստաթղթի համար, ընտրել սպասարկման գրասենյակը, այցելության օրն ու ժամը։

Նոր կենսաչափական անձնագրի ստանդարտ արժեքը կկազմի 28,650 դրամ, իսկ նույնականացման քարտինը՝ 5950 դրամ։

Նոյեմբերի 1-ին կաշխատեն Երևանի «Երևան Մոլ» և «Մեգամոլ» առևտրի կենտրոններում տեղակայված գրասենյակները՝ ժամը 09։00-ից մինչև 22։00-ն։ Նոյեմբերի 2-ից կբացվեն մարզային 12 գրասենյակները, որոնք կաշխատեն ժամը 09։00-ից մինչև 18։00-ն։

Դավթյանի խոսքով՝ նոր համակարգով փաստաթղթերը ստանդարտ ընթացակարգով կտրամադրվեն 14 աշխատանքային օրվա ընթացքում։ Ներկայում սովորական՝ ոչ կենսաչափական անձնագրի փոխանակումը, եթե քաղաքացին ներկայացնում է նախկին փաստաթուղթը, իրականացվում է հինգ աշխատանքային օրում, իսկ կորած փաստաթղթի փոխարեն նորը տրամադրվում է 14 աշխատանքային օրում։

«Հիմա արդեն նոր ենթակառուցվածքը թույլ է տալու բոլոր դեպքերում 14 աշխատանքային օրում տրամադրել, բայց, իհարկե, կունենանք արագացված ծառայություն»,- նշել է Դավթյանը։

Արագացված սպասարկումը նախատեսվում է իրականացնել Երևանում 24, իսկ մարզերում՝ 48 աշխատանքային ժամվա ընթացքում։ Այն կլինի հավելավճարով, սակայն վերջնական սակագները դեռ չեն հրապարակվել։

«Այս պահին դեռ արագացված ծառայությունների գները հրապարակված չեն»,- ասել է Դավթյանը՝ պարզաբանելով, որ պայմանագրով մասնավոր ընկերությունը կարող է սահմանել պետական տուրքի առավելագույնը եռապատիկի չափով հավելավճար։

Նրա խոսքով՝ քննարկվում են նաև տնայցերի, շրջիկ ծառայությունների, ինչպես նաև ժամկետների և արժեքների առումով միջանկյալ արագացված սպասարկման տարբերակներ։ Քննարկվում է նաև «Զվարթնոց» օդանավակայանում արտոնյալ պայմաններով սպասարկման հնարավորությունը։

Դավթյանը հայտնել է, որ պայմանագրով նախատեսված լրացուցիչ ծառայությունները հասանելի կլինեն 2027-ի առաջին կիսամյակում։

Նոր համակարգով կպահպանվեն նույնականացման քարտերի անվճար տրամադրման գործող արտոնությունները։

Մասնավորապես, պետական բյուջեի հաշվին նույնականացման քարտ կտրամադրվի խոցելիության 130 և ավելի միավոր ունեցող նպաստառուներին, ինչպես նաև 16 տարին լրացած այն քաղաքացիներին, որոնք նախկինում անձնագիր չեն ունեցել և առաջին անգամ են ստանում նույնականացման քարտ։

Դավթյանի խոսքով՝ այս դեպքերում պետությունը մասնավոր ընկերությանը կփոխհատուցի մատուցված ծառայության արժեքը։

«Մենք անվանում ենք անվճար՝ քաղաքացու տեսանկյունից, բայց պետության տեսանկյունից ամեն ինչ վճարովի է, որովհետև մասնավորն է ծառայությունը մատուցում»,– ասել է նա։

Դավթյանն ընդգծել է, որ արտոնությունները վերաբերում են միայն նույնականացման քարտերին։ Անձնագիր ստանալու համար քաղաքացին պետք է վճարի՝ անկախ սոցիալական խմբի պատկանելությունից։

Նոր կենսաչափական փաստաթղթերի տրամադրման գործընթացը կիրականացնի «Հայփաս» ընկերությունը, որը Հայաստանում ստեղծել է մրցույթում հաղթած միջազգային կոնսորցիումը։ Դրա կազմում է նույնականացման տեխնոլոգիաների ոլորտում գործող ֆրանսիական IDEMIA ընկերությունը։

Դավթյանի խոսքով՝ մասնավոր գործընկերը պատասխանատու կլինի փաստաթղթերի պատրաստման ամբողջ տեխնիկական գործընթացի համար՝ տվյալների կենտրոնի կառուցումից մինչև փաստաթղթերի տպագրությունն ու քաղաքացիներին հանձնումը։

Միաժամանակ, փաստաթղթավորման վերաբերյալ որոշումների կայացումը կմնա պետության լիազորության ներքո։

«Մասնավորը ինքնուրույն երբեք չի տպագրելու որևէ մի փաստաթուղթ, մինչև լիազոր մարմինը չի ասել՝ այո, տպիր»,- ընդգծել է Դավթյանը։

Նրա խոսքով՝ բարեփոխման հիմնական նպատակն է էապես բարելավել քաղաքացիների սպասարկման պայմանները, արդիականացնել փաստաթղթերի արտադրության ենթակառուցվածքները և բարձրացնել անձնական տվյալների պաշտպանվածությունը։

Նա նշել է, որ նոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ տվյալների կենտրոնը և փաստաթղթերի արտադրության գործընթացը, համապատասխանեցվում են միջազգային, մասնավորապես՝ եվրոպական չափանիշներին։ Առաջիկա ամիսներին նախատեսվում է եվրոպական փորձագիտական խմբի այց Հայաստան՝ ենթակառուցվածքների գնահատման նպատակով։

Սկզբնական փուլում կգործի 14 սպասարկման գրասենյակ՝ երկուսը Երևանում և 12-ը մարզերում։ Դավթյանի խոսքով՝ մինչև 2027-ի փետրվարի վերջը դրանց ընդհանուր թիվը կհասնի 23-ի։ Լրացուցիչ գրասենյակները կբացվեն մարզերում, իսկ Երևանում դրանց թիվը կմնա անփոփոխ։

Հիշեցնենք, որ նոր կենսաչափական փաստաթղթերի տրամադրումը նախատեսվում է սկսել նոյեմբերի 1-ից։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ավելի վաղ պարզաբանման համաձայն՝ նախկինում տրամադրված վավեր անձնագրերն ու նույնականացման քարտերը կշարունակեն գործել մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը։ Դրանք անհապաղ փոխարինելու պարտադիր պահանջ չկա։

Հայաստանում նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման գործընթացը մեկնարկել է 2023-ին։ Բարեփոխման նպատակն է արդիականացնել անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման ենթակառուցվածքները, բարձրացնել փաստաթղթերի և անձնական տվյալների պաշտպանվածությունը, ինչպես նաև բարելավել քաղաքացիների սպասարկման որակը։ 2025-ի ապրիլին պետությունը պայմանագիր է ստորագրել միջազգային մրցույթում հաղթած կոնսորցիումի հիմնադրած «Հայփաս» ընկերության հետ։

Նոր կենսաչափական փաստաթղթերի ներդրումը նաև Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման գործընթացի պահանջներից է։ Այդ գործընթացը պաշտոնապես մեկնարկել է 2024-ի սեպտեմբերի 9-ին, իսկ 2025-ի նոյեմբերին Հայաստանը ստացել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Այն, ի թիվս այլ բարեփոխումների, նախատեսում է միջազգային չափանիշներին համապատասխան անվտանգ կենսաչափական փաստաթղթերի ներդրում։ Բոլոր պահանջների կատարումը պետք է ճանապարհ բացի ԵՄ-ի հետ կարճաժամկետ այցերի համար առանց վիզայի ռեժիմի հաստատման համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում