Լիա Ավագյան
Արման Սարոյանի հայցով քաղաքացիական գործի վարույթի կարճումը կարող է էական ազդեցություն ունենալ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական գործի ընթացքի վրա։ Սակայն դա ինքնաբերաբար չի նշանակում, որ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Աննա Մելիքյանը։
Հոկտեմբերի 22-ին փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնեց, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է Արման Սարոյանին՝ նախկինում Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, Մասսյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցով գործի վարույթը։ Դատարանը վերացրել է նաև նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցները, որոնց չկատարման առնչությամբ քրեական գործ է հարուցվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների նկատմամբ։
Աննա Մելիքյանի խոսքով՝ այժմ առանցքային հարցն այն է, թե քրեական գործը քննող դատարանն ինչպես կգնահատի քաղաքացիական դատարանի որոշումը, որով փաստացի արձանագրվել է, որ Մասսյացոտնի թեմի առաջնորդի նշանակման և պաշտոնից ազատման վերաբերյալ վեճը դուրս է քաղաքացիական դատարանի իրավասությունից։
«Կարող է անգամ կասեցնել։ Սպասենք, տեսնենք։ Տեսականորեն այդ գործով դատարանի որոշումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ քրեական գործի վրա»,- ասել է իրավապաշտպանը։
Մելիքյանի խոսքով՝ հայցի ապահովման միջոցների վերացումը չի բացառում դրանց նախկինում ենթադրյալ խախտման համար քրեական պատասխանատվության հնարավորությունը, քանի որ այդ միջոցները խախտման ենթադրյալ պահին ուժի մեջ են եղել։
«Ֆորմալ իմաստով տեսականորեն կարող են շարունակել, որովհետև այդ պահի դրությամբ դատական ակտը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումը, ուժի մեջ է եղել»,- ասել է նա։
Մելիքյանը նշում է, որ քաղաքացիական դատարանի որոշումը դեռ օրինական ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել։ Նրա խոսքով՝ քրեական գործը քննող դատարանը կարող է նույնիսկ կասեցնել քննությունը՝ սպասելով վերաքննիչ դատարանի որոշմանը։
Մասսյացոտնի թեմի նախկին առաջնորդ և կարգալույծ եպիսկոպոս Գևորգ Սարոյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ կբողոքարկի դատարանի որոշումը․ «Այդպես թեմակալ առաջնորդին պաշտոնից չեն ազատում, ոչ էլ էդ ձևով կարգալույծ են անում։ Մինչև վերջ գնալու եմ, այո։ Միանշանակ, բողոքարկելու եմ»,- ասել է նա։
. . .
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների նկատմամբ քրեական գործը հարուցվել է Մասսյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնավարման վերաբերյալ դատական ակտի կատարմանը ենթադրաբար խոչընդոտելու համար։ 2026-ի հունվարին կաթողիկոսը Սարոյանին ազատել էր թեմի առաջնորդի պաշտոնից, որից հետո վերջինս դիմել էր դատարան։ Սարոյանը այն հոգևորականների թվում էր, որը միացել էր Մայր Աթոռի դեմ սկսված իշխանության արշավին։
Հունվարի 16-ին դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, պարտավորեցրել էր չխոչընդոտել Սարոյանի պաշտոնավարումը մինչև գործով վերջնական որոշման կայացումը։ Սակայն Մայր Աթոռը չէր կատարել այդ որոշումը, իսկ ավելի ուշ Սարոյանը կարգալույծ էր հռչակվել։ Իրավապաշտպանները և միջազգային կառույցները պնդում են, որ թեմի առաջնորդի ազատումը եկեղեցու կանոնական իրավասությունների շրջանակում է և ոչ թե ՀՀ Աշխատանքային օրենսգրքի կարգավորման։Ըստ մեղադրանքի՝ կաթողիկոսն ու վեց հոգևորականները, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, խոչընդոտել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը։












