Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ին նախատեսված բողոքի զանգվածային ակցիաների կապակցությամբ իշխանությունները մոբիլիզացնելու են 70 հազար ոստիկան և ժանդարմ, հայտնում է Reouters-ը։
Երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել է, որ անվտանգության ուժերը պատրաստվում են կանխել անկարգությունները։
Բողոքի ակցիաների կազմակերպիչների թվում են «Դեղին բաճկոններ» շարժման ներկայացուցիչները, ուսանողական միավորումները և արհմիությունները։ Ցուցարարները դժգոհում են կյանքի թանկացումից, բնակչության գնողունակության նվազումից և հանրային ծառայությունների ֆինանսավորման խնդիրներից։ Ակցիաներ են նախատեսված Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում։
Հոկտեմբերի 23-ին Նունյեսը հայտարարել է, որ ոստիկանությունն ու ժանդարմերիան գործելու են խստորեն՝ կանխելու խանութների թալանը, պետական շենքերի վրա հարձակումներն ու իրավապահների նկատմամբ բռնությունը։ Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերում տարածվում են բռնության կոչեր, որոնց մի մասը նախարարը վերագրել է ծայրահեղ ձախ խմբավորումներին։
Նախատեսվում է օգտագործել ուղղաթիռներ, անօդաչու սարքեր, զրահամեքենաներ և ջրցան մեքենաներ։
Բողոքի ակցիաների պատճառով Փարիզում հոկտեմբերի 24-ին փակ կլինեն Լուվրը, Օրսեի և Պիկասոյի թանգարանները, ինչպես նաև մշակութային մի շարք այլ հաստատություններ։ Չեղարկվել է նաև Art Basel Paris արվեստի տոնավաճառի հանգստյան օրերի ծրագիրը։
Հոկտեմբերի 17-ի ցույցերի ընթացքում Ֆրանսիայի մի շարք քաղաքներում բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև։ Արձանագրվել էին հրկիզումներ և խանութների թալան։ Reuters-ի տվյալներով՝ երկրում թալանվել կամ վնասվել էր մոտ 3 հազար առևտրային օբյեկտ, այդ թվում՝ ավելի քան 300-ը Մարսելում։
Ընդդիմադիր ձախ ուժերն ու արհմիությունները քննադատել են ցույցերի սահմանափակումները՝ պնդելով, որ դրանք խախտում են հավաքների ազատությունը։ Կառավարությունն իր հերթին հայտարարում է, որ սահմանափակումների նպատակը բռնությունները կանխելն ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է։












