Գլխավոր Լրահոս

Ֆրանսիայում ու Գերմանիայում բողոքի ցույցեր են անցկացվել․ բախումներ են եղել

Ցուցարարները Համբուրգում հրկիզել են արգելապատնեշները։

Ցուցարարները Համբուրգում հրկիզել են արգելապատնեշները։

Լուսանկարը՝ Մարիուս Բուլլինգի/onw-images։

Հոկտեմբերի 31-ին Ֆրանսիայի տարբեր քաղաքներում կենսապայմանների թանկացման և ոստիկանության բռնությունների դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ։ Այս մասին հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունը։

Երիտասարդական կազմակերպությունների գնահատմամբ՝ ցուցարարների թիվը մոտեցել է կես միլիոնի։

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում ցույցերի ավարտին բախումներ են սկսվել։ Փարիզում դիմակավորված անձինք պոկել են մայթի սալիկները և նետել ոստիկանների ուղղությամբ։ Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ։ Բախումներ են գրանցվել նաև Մարսելում, Լիոնում և Թուլուզում, որտեղ ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ։

Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ երկրի տարբեր հատվածներում ձերբակալվել է ավելի քան 290 մարդ։

Ֆրանսիական ուսանողական երկու միություն հայտարարել է, որ նոյեմբերի 3-ին և 5-ին պատրաստվում է արգելափակել դպրոցներն ու համալսարանները՝ պահանջելով կրթական համակարգի բարեփոխումներ և ուսումնական պայմանների բարելավում։

Բողոքի ցույցեր են անցկացվել նաև Գերմանիայի 34 քաղաքներում, որտեղ հազարավոր երիտասարդներ պահանջել են ավելի մեծ քաղաքական մասնակցություն, կրթության ֆինանսավորման ավելացում, սոցիալական արդարություն և կլիմայի պաշտպանությանն ուղղված ավելի գործուն քայլեր։ Նրանք նաև դեմ են պարտադիր զինվորական ծառայության հնարավոր վերականգնմանը։

Գերմանիայում համազգային մասնակցության ընդհանուր թիվը դեռևս հայտնի չէ։ Բեռլինում, ոստիկանության տվյալներով, ցույցին մասնակցել է շուրջ 5 հազար մարդ, իսկ կազմակերպիչները մասնակիցների թիվը գնահատել են 10 հազար։ Համբուրգում ոստիկանությունը հաշվարկել է 6700 ցուցարար։

Գերմանիայի ցույցերը հիմնականում խաղաղ են սկսվել, սակայն Համբուրգում մի խումբ սև հագուստով և դիմակավորված մասնակիցներ քանդել են շինարարական արգելապատնեշները, դրանց մի մասը հրկիզել։


Ֆրանսիայում շարժումը սկսվել է սեպտեմբերին՝ դպրոցների և համալսարանների վատ պայմանների, ուսուցիչների պակասի և կրթության թերֆինանսավորման դեմ ուսանողական բողոքներից։ Հետագայում դրան միացել են արհմիությունները, «Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցներն ու այլ խմբեր՝ ընդլայնելով պահանջները։ Հոկտեմբերի 17-ի ցույցերը վերածվել էին զանգվածային անկարգությունների։

Գերմանիայի «Gen Z regelt» շարժումը ոգեշնչվել է Ֆրանսիայում տեղի ունեցող ցույցերից։ Այն ձևավորվել է սոցիալական ցանցերում և միավորում է երիտասարդների, որոնք պահանջում են, որ իրենց ձայնն ավելի մեծ ազդեցություն ունենա քաղաքական որոշումների վրա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում