Գլխավոր Լրահոս

Մարտունիում «Մեր համայնք» դաշինքի առաջնորդները հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում․ ՀՀԿ

Մարտունիում «Մեր համայնք» դաշինքի առաջնորդները հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում․ ՀՀԿ

Մարտունիում իրավապահները գործողություններ են իրականացրել «Մեր համայնք» դաշինքի ղեկավարների, այդ թվում՝ դաշինքի առաջնորդ, ՀՀԿ Մարտունու շրջանային կազմակերպության ղեկավար Արամ Կարապետյանի նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ)։

Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է՝ ընտրություններից մեկ օր առաջ ընդդիմադիր գործիչների նկատմամբ նման գործողությունները կասկածի տակ են դնում ազատ և արդար ընտրություններ ապահովելու վերաբերյալ իշխանությունների հայտարարությունները։

«Փաշինյանը պետք է հասկանա՝ Մարտունին սեփական իշխանությունը պահելու փորձադաշտ չէ, իսկ ընդդիմադիրներին կալանավորելով՝ հնարավոր չէ խուսափել քաղաքական պատասխանատվությունից»,- ասված է ՀՀԿ-ի հայտարարության մեջ։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Հայաստանի մի շարք համայնքներում ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում իրականացվում են ապացուցողական և այլ վարութային գործողություններ։ Կոմիտեից հաստատել են, որ կան ձերբակալված անձինք։

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Հոկտեմբերի 24-ի առավոտյան Արթիկ համայնքում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և նրա մի շարք թիմակիցներ։ Այս մասին հայտնել է կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Լևոն Վահրադյանն էլ «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ իրենց թիմակիցներից ևս կան բերման ենթարկվածներ, որոնք գտնվում են Հակակոռուպցիոն կոմիտեում։

Ընտրություններից օրեր առաջ ձերբակալություններ են իրականացվել նաև Ստեփանավանում։ Հոկտեմբերի 21-ին ընտրակաշառքի գործով ձերբակալվել էր 14 անձ, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Վերջինս կալանավորվել է երկու ամսով։

Հոկտեմբերի 23-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ նույն քրեական վարույթի շրջանակում ևս 10 անձ է ձերբակալվել։ Ընդհանուր 24 անձի մեղադրանք է ներկայացվել ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու և ընտրակաշառք ստանալու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում