Գլխավոր Լրահոս

Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

Հայաստանը ներկայացնող 13-ամյա երգչուհի Նարեն իր «BOO!» երգով հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթում՝ երկրին բերելով երրորդ հաղթանակը այս մրցույթի պատմության մեջ:

Մրցույթն այս տարի անցկացվել է Մալթայի Տա-Քալի քաղաքի «Malta Fairs & Conventions Centre» կենտրոնում, որին մասնակցել են 16 երկրների ներկայացուցիչներ:

Նարեն գլխավորել է մրցութային աղյուսակը՝ վաստակելով 202 միավոր, որից 103-ը՝ ազգային ժյուրիի, իսկ 99-ը՝ առցանց քվեարկության արդյունքում: 184 միավորով երկրորդ տեղն է զբաղեցրել Իսպանիան, որին հաջորդել է Ֆրանսիան՝ 165 միավորով:

Իսպանիան ներկայացնում էր 10-ամյա Լուկաս Պաուլանոն՝ «Cuore Bello (Te Quiero, Te Quiero)» երգով, իսկ Ֆրանսիայի պատիվը պաշտպանում էր 12-ամյա Ալեքը՝ «Comment Tu Vas?» կատարումով:

Ժյուրիի քվեարկության արդյունքներով Հայաստանը զբաղեցրել էր երրորդ տեղը՝ զիջելով Ֆրանսիային և Իսպանիային, սակայն ընդհանուր հաղթանակ է ապահովել հանդիսատեսի քվեարկությունից ստացած 99 միավորի շնորհիվ, որը մրցույթում հանդիսատեսի տված ամենաբարձր միավորն էր:

«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության համակարգի համաձայն՝ ազգային ժյուրիների և առցանց քվեարկության արդյունքները ձևավորում են վերջնական արդյունքի 50-ական տոկոսը: Ի տարբերություն մեծահասակների «Եվրատեսիլ» երգի մրցույթի՝ այստեղ հեռուստադիտողները կարող են քվեարկել նաև իրենց երկրի ներկայացուցչի օգտին:

Հայաստանը առավելագույն՝ 12-ական միավոր է ստացել Կիպրոսի և Ալբանիայի ժյուրիներից, իսկ Նիդերլանդներն ու Սան Մարինոն փոխանցել են 10-ական միավոր: Հայաստանի ժյուրին իր 12 միավորը տվել է Կիպրոսին:

Եվրոպական հեռարձակողների միության (EBU) փոխանցմամբ՝ հաղթող «BOO!» երգի հեղինակներն են Լիլիթ Նավասարդյանը, Գրիգոր Կյոկչյանը, Նիկ Էգիբյանը, Մարտին Միրզոյանը և Անուշ Տեր-Ղուկասյանը:

Երևանցի Նարեն նախկինում հանդես է եկել մյուզիքլներում և հեռուստատեսային նախագծերում: Նա ընտրվել է Հայաստանը ներկայացնելու համար Երևանում անցկացված լսումների արդյունքում՝ ավելի քան 100 հայտատուների միջից:

Հայաստանի պատմությունը «Մանկական Եվրատեսիլում»

«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 2003-ից, երբ առաջին մրցույթը տեղի ունեցավ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում: Եվրոպական հեռարձակողների միության կողմից կազմակերպվող այս մրցույթը միավորում է մասնակից երկրների 9-ից 14 տարեկան երիտասարդ երգիչներին:

Հայաստանն առաջին անգամ մրցույթին մասնակցել է 2007 թվականին, երբ «Արևիկ» խումբը «Երազանք» երգով զբաղեցրեց երկրորդ տեղը՝ ընդամենը մեկ միավորով զիջելով հաղթող Բելառուսին:

Երկիրն առաջին հաղթանակը տոնեց 2010 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքից երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հանդես եկավ «Մամա» երգով: Նա վաստակեց 120 միավոր՝ ընդամենը մեկ միավորով առաջ անցնելով Ռուսաստանից:

Հայաստանի երկրորդ հաղթանակը գրանցվեց 2021 թվականին Փարիզում, երբ 14-ամյա Մալենան «Քամի քամի» երգով հաղթեց մրցույթում՝ վաստակելով 224 միավոր:

Իր նախորդ երկու հաղթանակներից հետո Հայաստանը նաև երկու անգամ հյուրընկալել է մրցույթը Երևանում՝ 2011 և 2022 թվականներին:

2026 թվականին Նարեի հաղթանակով Հայաստանն այժմ ունի «Մանկական Եվրատեսիլի» երեք տիտղոս՝ զիջելով միայն Վրաստանին և Ֆրանսիային, որոնք ունեն 4-ական հաղթանակ:

Ի տարբերություն մեծահասակների «Եվրատեսիլ» երգի մրցույթի՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթելը երկրին ավտոմատ կերպով չի տալիս հաջորդ տարվա մրցույթն հյուրընկալելու իրավունք:

EBU-ն հայտնել է, որ 2027 թվականի մրցույթի հյուրընկալող հեռարձակողը, որը նշանավորելու է «Մանկական Եվրատեսիլի» 25-ամյակը, ընտրվելու է առաջիկա շաբաթների ընթացքում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում