Գլխավոր Լրահոս

«Հրաշագործ» բաղադրատոմսերից մինչև թանկ հավելումներ. ԱԲ-ով կեղծ գովազդներ Ֆեյսբուքում

«Հրաշագործ» բաղադրատոմսերից մինչև թանկ հավելումներ. ԱԲ-ով կեղծ գովազդներ Ֆեյսբուքում

Սոցիալական ցանցերում տարածվում են տեսանյութեր, որոնցում տարեց տղամարդիկ իբր ներկայացնում են սոդայով կամ կիտրոնով հոդացավերն ու աճառների քայքայումը բուժող միջոցներ։

«Կամ դուք փակում եք այս էջը և հնազանդորեն սպասում, մինչև հոդերը վերջնականապես մոխրի վերածվեն և ձեզ նստեցնեն հաշմանդամի սայլակին, կամ դուք սեղմում եք ուղիղ տեսանյութի տակ գտնվող կոճակը, տրամադրում մի քանի րոպե դիտման համար և ընդմիշտ փրկում ձեր աճառը ցավից ու լիակատար քայքայումից»,- տեսանյութում ասում է «75-ամյա Գևորգը»։

«Գևորգը» իրական անձ չէ։ Տեսանյութը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով, ինչի մասին են վկայում նաև ոչ բնական հայերեն արտասանությունն ու խոսքի սխալները։ Տեսանյութերում թեև խոստանում են բացահայտել գաղտնի բաղադրատոմսերը, սակայն ի վերջո օգտատերերին ուղղորդում են կասկածելի կայքեր՝ «հրաշագործ» մեթոդը վաճառելու համար, որոնք իրականում ցածրարժեք հավելումներ են։

ԱԲ-ով մշակված կադրերը, Բագրատ Ալեքյանը և հոդային հավելումների «50% զեղչը»

Տեսանյութերը տարածվում են A New Look at Health և Jacob Fox ֆեյսբուքյան էջերի միջոցով։ Առաջինը ստեղծվել է 2026-ի սեպտեմբերին, երկրորդը՝ մայիսին։

Երկու էջերն էլ կառուցվածքով գրեթե նույնական են։ Դրանցում տեղադրված են ԱԲ-ով գեներացված մարդկանց լուսանկարներ, իսկ էջերը որևէ այլ ակտիվություն չունեն՝ բացի միացված գովազդներից։

Տեսանյութերից մեկի կադրերը վերցրել են թուրքական յութուբյան ալիքից։ Դրանում տարեց տղամարդը թուրքերենով պատմում է իր մանկության հուշերը և թե ինչպես է ուսուցիչը իրեն սովորեցրել հարգալից ողջունել:

Տեսանյութում հղումը ներկայացված է այնպես, կարծես սեղմելիս օգտատերը պետք է անցնի amazon.com։ Սակայն իրականում այն բացում է կասկածելի pe-zavorix[.]world կայքը։ Այստեղ տեղադրված է մեկ այլ ԱԲ-ով ստեղծված տեսանյութ, որտեղ հայտնի կարդիովիրաբույժ Բագրատ Ալեքյանն իբր պատմում է Հարվարդի համալսարանի «հեղափոխական հայտնագործության» մասին։

Ալեքյանի յոթ րոպեանոց տեսանյութում ներկայացվում են նաև մարդիկ, որոնք իբր օգտվել են նրա առաջարկած մեթոդից և գոհ են արդյունքից։ Սակայն այդ «վկայություններից» առնվազն մեկը նույնպես ԱԲ-ով է կեղծված։ Դրա համար օգտագործվել են օտարերկրյա կոգնիտիվ վարքային գիտությունների կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված իրական տեսանյութի կադրեր՝ փոխելով խոսքի բովանդակությունը։

Էկրանապատկերներում՝ ԱԲ-ով մշակված տեսանյութից կադրը և «Kalema CBT center» ֆեյսբուքյան էջի հրապարակումները։
Էկրանապատկերներում՝ ԱԲ-ով մշակված տեսանյութից կադրը և «Kalema CBT center» ֆեյսբուքյան էջի հրապարակումները։

Տեսանյութից հետո էջում հայտնվում է «Arto Nova» հոդային հավելման առաջարկը, պատվերի համար անձնական տվյալներ լրացնելու դաշտը և իբր գոհ գնորդների կեղծ մեկնաբանություններ։

«Arto Nova»-ն այստեղ առաջարկվում է «50% զեղչով»՝ 19 500 դրամով։ Մինչդեռ առցանց առևտրային հարթակներում նույն ապրանքի գինը ներկայում մոտ 2 000-5 000 դրամ է։

Վերջին ամիսներին «Arto Nova»-ն ակտիվորեն գովազդվում է նմանատիպ սխեմաներով՝ ԱԲ-ով ստեղծված կամ կեղծված տեսանյութերի և կասկածելի կայքերի միջոցով։

Էկրանապատկերները կեղծ կայքից և առևտրային առցանց հարթակներից
Էկրանապատկերները կեղծ կայքից և առևտրային առցանց հարթակներից

Այսպիսով, ֆեյսբուքում տարածվող «հրաշագործ» բաղադրատոմսերի մասին տեսանյութերը ԱԲ-ով ստեղծված կամ կեղծված բովանդակություն են։ Դրանցում իրական մարդկանց կադրերն ու կերպարներն օգտագործվում են վստահություն ներշնչելու և կասկածելի հավելումները շուկայականից զգալիորեն բարձր գնով վաճառելու համար։

Տես նաև՝ ԱԲ-ով կեղծված բժիշկներն ու հաղորդավարները «բուժման գաղտնի մեթոդներ» են գովազդում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում