Կառավարությունը քննարկում է նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ծախսերը որոշ սոցիալական խմբերի համար փոխհատուցելու հնարավորությունը։ Թե որ խմբերը կօգտվեն արտոնությունից, դեռ հստակեցված չէ։
Այս մասին հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգի ներդրման մանրամասները։
Արտոնությունից օգտվողների վերջնական ցանկը դեռ որոշված չէ։ Որոշումը նախատեսվում է ընդունել 2027 թվականի հունվար-փետրվարին։
«Նույնականացման քարտը և բիոմետրիկ անձնագիրը անվճար լինել չի կարող։ Եվ եթե նույնիսկ մենք հայտարարենք այն սոցիալական փաթեթները, որը կտա պետությունը տարբեր խմբերի, գինը վճարելու է պետությունը»,- ասել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում հայտարարագիր ներկայացրած քաղաքացիները կարող են լինել պետական աջակցությունից օգտվելու առաջնային խմբում։ Նախարարը նշել է, որ այդ քաղաքացիները կարող են պետական սուբսիդավորման միջոցով ձեռք բերել նոր նույնականացման քարտեր։
Նոյեմբերի 1-ից Հայաստանում կմեկնարկի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը։ Նոր անձնագրի արժեքը 28 հազար 650 դրամ է, իսկ նույնականացման քարտինը՝ 5 հազար 950 դրամ։
Սկզբնական փուլում «ՀայՓաս» ընկերությունը կգործարկի 14 սպասարկման գրասենյակ։ 2027 թվականի առաջին եռամսյակում դրանց թիվը նախատեսվում է հասցնել 23-ի։
ՆԳՆ-ի պարզաբանմամբ՝ նոր համակարգի գործարկումը չի նշանակում, որ գործող անձնագրերն ու նույնականացման քարտերը նոյեմբերի 1-ից ինքնաբերաբար կդառնան անվավեր․ դրանք ուժի մեջ կմնան մինչև վավերականության ժամկետի ավարտը։











