Լեհաստանի Սահմանադրական դատարանում հոկտեմբերի 30-ին ճգնաժամ է սկսվել․ կառավարության աջակցությունը վայելող դատավորները փորձել են դատարանի վերահսկողությունը վերցնել ՍԴ նախագահ Բոգդան Շվենցկովսկուց։
Դատարանի տարածքում ոստիկանություն է տեղակայվել, իսկ Շվենցկովսկու կողմնակիցները էլեկտրական գործիքով կտրել են դատարանի ցանկապատը՝ նրան տարածք մուտք գործելու հնարավորություն տալու համար։
Դատավոր Աննա Կորվին-Պիոտրովսկան հայտարարել է, որ Շվենցկովսկին կասեցվել է պաշտոնեական պարտականությունների կատարումից։ Նա մեղադրել է դատարանի նախագահին նորանշանակ դատավորների աշխատանքի անցնելը խոչընդոտելու և դատավորների գործերի բաշխման ընթացքում խախտումներ թույլ տալու մեջ։
Իրավիճակի պատճառով Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին ընդհատել է Սենեգալ պետական այցը և վերադարձել Վարշավա։ Ոստիկանությունը շրջափակել է դատարանի տարածքը, իսկ յոթ նորանշանակ դատավորներ պետական պահպանության ծառայության ուղեկցությամբ մուտք են գործել շենք։
Շվենցկովսկին և ընդդիմությունը տեղի ունեցածը որակել են որպես պետական հեղաշրջման փորձ։ Սահմանադրական դատարանի՝ սոցցանցերում հրապարակված հայտարարության համաձայն՝ դատարանի կայքն ապօրինի վերահսկողության տակ է անցել։ Նույն հայտարարությամբ նշվել է, որ Շվենցկովսկին շարունակում է մնալ դատարանի նախագահը, իսկ Կորվին-Պիոտրովսկան դատարանի դատավոր չէ։
Լեհաստանի արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Վալդեմար Ժուրեկն էլ հայտարարել է, որ միջնորդություններ է ներկայացրել՝ Շվենցկովսկուն և նրա տեղակալ Բարտլոմեյ Սոխանսկուն անձեռնմխելիությունից զրկելու համար։
Իշխող կոալիցիայի առաջնորդ, վարչապետ Դոնալդ Տուսկը, սակայն, պաշտպանել է տեղի ունեցող գործընթացը՝ հայտարարելով, որ օրենքի գերակայության վերականգնումը կառավարության պարտականությունն է։ Նրա խոսքով՝ նախկին «Իրավունք և արդարություն» (PiS) կուսակցության իշխանության տարիներին ստեղծված իրավական խնդիրները վերացնելու գործընթացը դժվար է և երբեմն ցավոտ, սակայն այլ ճանապարհ չկա։
Ճգնաժամի նախապատմությունը
Լեհաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը շարունակվում է տարիներ շարունակ։ 2023-ին իշխանության եկած Տուսկի կառավարությունը չի ճանաչում դատարանի լեգիտիմությունը։ Նա համարում է, որ նախկին՝ ազգայնական «Իրավունք և արդարություն» կուսակցության իշխանության օրոք երեք դատավոր նշանակվել են օրենքի խախտմամբ, ինչի հետևանքով դատարանը հայտնվել է քաղաքական ազդեցության տակ։
Այս տարվա մարտից իշխող կոալիցիան սկսել է համալրել դատարանի թափուր տեղերը։ Խորհրդարանը նշանակել է ութ նոր դատավորի, սակայն նախագահ Նավրոցկին հրաժարվել է երդվեցնել նրանցից հինգին՝ կասկածի տակ դնելով նրանց նշանակման ընթացակարգն ու որակավորումը։
Այդ հինգ դատավորներն ինքնուրույն երդման արարողություններ են անցկացրել խորհրդարանում և երդման տեքստերը փոխանցել նախագահի աշխատակազմին։ Սակայն դատարանի նախագահ Շվենցկովսկին հրաժարվել է նրանց ճանաչել որպես դատարանի անդամներ՝ անտեսելով նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով պահանջվում էր թույլ տալ դատավորներին ստանձնել իրենց պաշտոնները։
Իրավիճակի սրման ֆոնին ընդդիմադիր PiS կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ Լեհաստանը վերածվել է ոստիկանական պետության, և այդ ճանապարհը կարող է հանգեցնել ավտորիտարիզմի ու տոտալիտարիզմի։












