Գլխավոր Լրահոս

Վրաց եկեղեցին «մտահոգված է» շահումով խաղերի մրցաշարերը թույլատրող և հարկային արտոնություններ սահմանող օրենքով

Վանիի և Բաղդատիի մետրոպոլիտ Անտոնը զրուցում է լրագրողների հետ

Վանիի և Բաղդատիի մետրոպոլիտ Անտոնը զրուցում է լրագրողների հետ

Լուսանկարը՝ IPN-ից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի խորհրդարանը հոկտեմբերի 26-ին օրենք է ընդունել, որը խաղատներին թույլ է տալիս կազմակերպել «շահումով խաղերի միջազգային մրցաշարեր» և ֆինանսական արտոնություններ է նախատեսում դրանց մասնակիցների ու կազմակերպիչների համար, եթե մրցանակային ֆոնդը գերազանցում է 3 միլիոն լարին՝ մոտ 1,2 միլիոն դոլարը։ Իշխող «Վրացական երազանքն» օրինագիծը խորհրդարան է ներկայացրել և անցկացրել արագացված ընթացակարգով։ Այն երրորդ ընթերցմամբ ընդունվել է 73 կողմ և 5 դեմ ձայնով։ Խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր ուժը՝ «Վրաստանի համար»-ը, օրինագծին չի աջակցել։

Օրենքի համաձայն՝ եթե մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 3 միլիոն լարին, օտարերկրյա քաղաքացիների շահումները չեն հարկվում, իսկ կազմակերպիչները ազատվում են խաղասեղանների համար սահմանված սովորական տուրքի վճարումից։ Նման մրցաշարերի արտոնագրման պահանջները խախտելու դեպքում սահմանվում է 50 հազար լարի՝ մոտ 19 հազար դոլար տուգանք։

Պատրիարքարանն ու Հանրային պաշտպանը հարցականի տակ են դրել ուղղափառ քրիստոնյա երկրում նման մրցաշարերը խրախուսելու որոշումը։ Պատրիարքարանի խոսնակը նշել է, որ եկեղեցին չի կարող այս գործընթացից մի կողմ մնալ։

Վանիի և Բաղդատիի մետրոպոլիտ Անտոնը IPN-ին ասել է, որ Պատրիարքարանը հոկտեմբերի 30-ին կհանդիպի՝ օրենքը քննարկելու և վերջնական դիրքորոշում ձևակերպելու համար։

Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար, ավագ քահանա Անդրիա Ջաղմաիձեն IPN-ին ասել է, որ օրինագիծն իրենց համար լիակատար անակնկալ էր, թեև Պատրիարքարանը նախկինում ներգրավված է եղել շահումով խաղերի ոլորտի կարգավորման գործընթացում։

«Վրաստանի պատրիարքարանն անմիջական նախաձեռնողներից և հիմնական մասնակիցներից էր 2017-ին սկսված գործընթացում, որի նպատակն էր շահումով խաղերի ոլորտի կարգավորումների մշակումը և ներդրումը»։

«Մենք նույնպես մտահոգված ենք և միասնական դիրքորոշում կձևակերպենք։ Պատրիարքարանը անպայման կհայտնի իր տեսակետն այս հարցի վերաբերյալ։ Իհարկե, չենք կարող անտարբեր մնալ»,- IPN-ին ասել է Վանիի և Բաղդատիի մետրոպոլիտ Անտոնը։ Նրա խոսքով՝ Պատրիարքարանը շաբաթվա վերջին՝ ուրբաթ, կհանդիպի՝ իր մոտեցումը քննարկելու համար։

«Նույնիսկ մակերեսային դիտարկմամբ որոշակի վտանգներ եմ տեսնում։ Պատրիարքարանը վաղը կհանդիպի և կհայտնի մեր կարծիքը։ Մենք այս գործընթացում ներգրավված չենք եղել, դրա մասին հեռուստատեսությամբ եմ իմացել։ Իհարկե, կքննարկենք՝ ինչի մասին է խոսքը և ինչպես է դա նախատեսվում իրականացնել, ու կհայտնենք մեր դիրքորոշումը։ Անկեղծ ասած՝ շատ բան անհասկանալի է, բայց գուցե մեզ բացատրեն»։

Խորհրդարանի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Շոթա Բերեկաշվիլին պաշտպանել է նախաձեռնությունը՝ ասելով, որ այս մրցաշարերը «որոշ իմաստով նման են սպորտային մրցումների։ Նման մրցաշարեր անցկացվում են եվրոպական շատ երկրներում, և դրանց հիմնական նպատակը զբոսաշրջության զարգացումն է»։

«Մասնակիցները հավաքվում են մեկ վայրում, և նրանց թիվը կարող է հասնել հազարների։ Նման միջոցառումները հատկապես կազմակերպվում են ոչ զբոսաշրջային սեզոնին, երբ ոլորտում տնտեսական ակտիվությունը ցածր է, և այդպիսով լրացուցիչ տնտեսական ակտիվություն են ստեղծում»։

«Սա բառի ուղղակի իմաստով շահումով խաղ չէ»։

«Վրաստանի համար»-ի ներկայացուցիչ Գիորգի Շարաշիձեն IPN-ին ասել է, որ «Վրացական երազանքը փորձում է Վրաստանը դարձնել շահումով խաղերի երկիր։ Կուսակցությունը դա արդարացնում է զբոսաշրջությունը զարգացնելու պատճառաբանությամբ»։

«Ամբողջ հարգանքով հանդերձ՝ ի՞նչ զբոսաշրջության զարգացման մասին է խոսքը։ Եթե զբոսաշրջություն ենք ուզում՝ խնդրեմ, «Վրացական երազանքը» կարող է նաև օրինականացնել մարմնավաճառությունը, և զբոսաշրջությունը կծաղկի։ Կարող է նաև օրինականացնել թմրանյութերի օգտագործումը, և զբոսաշրջությունն էլ ավելի կզարգանա»,- ասել է նա։

Օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ «Ժողովրդի ուժ» խորհրդարանական խմբի ներկայացուցիչները, որոնք սերտորեն կապված են «Վրացական երազանքի» հետ, հարց էին բարձրացրել՝ արդյոք անհրաժեշտ է օրենքն ընդունել արագացված ընթացակարգով։ Էկա Սեփաշվիլին ուշադրություն էր հրավիրել «սոցիալական այն գնի վրա, որը կարող է ունենալ այս օրինագծի ընդունումը»։

«Խոսքն այն մասին է, որ օրինագիծը կարող է հանգեցնել այս խաղերի անցանկալի տարածմանն ու հանրայնացմանը, ինչը հասարակության համար կարևոր խնդիր է»,- ասել է Սեփաշվիլին։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում