Սիրանուշ Ադամյան
Եվրոպայից Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ գնացող ինտերնետ տրաֆիկի զգալի մասն այսօր անցնում է Հայաստանով։ Այս մասին ասել է Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորներից Team Telecom Armenia-ի ղեկավարը ՍիվիլՆեթի հետ երկուշաբթի հրապարակված հարցազրույցում։
Ընկերության գլխավոր տնօրեն Արամ Բարսեղյանը ՍիվիլՆեթին ասել է, որ Team-ի ցանցով փաստացի օգտագործվող ծավալները գերազանցում են 10 տերաբիթը։ Համեմատության համար, ըստ նրա, ամբողջ Հայաստանում օգտագործվող ծավալը 1 տերաբիթից պակաս է։
Խոսքը Մերձավոր Արևելքի երեք-չորս երկրի մասին է, որոնց թվում Բարսեղյանը նշում է Կատարը, Իրաքը, Իրանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։
«Նշածս երկրների մատակարարման մասով, եթե խոսենք, մենք տարանցիկ երկիր ենք, որն ապահովում է այդ երկրների ընդհանուր ծավալի 15-ից մինչև 55%-ը»,– ասել է Բարսեղյանը։
Նրա խոսքով՝ ընկերությունը փոխկապակցված է տարածաշրջանային և եվրոպական խոշոր օպերատորների հետ Հայաստանի գրեթե բոլոր սահմաններով։ Նա չի մանրամասնել, թե որ ուղիներով է անցնում տրաֆիկը։
Բարսեղյանի խոսքով՝ տարանցիկ կապուղիներն անցնում են ընկերության նոր սերնդի ցանցով (NGN)։ Team-ը ցանցի կառուցումը սկսել է 2020-ին՝ 25G-PON տեխնոլոգիայով, որն ապահովում է 25 Գբիթ/վ սիմետրիկ արագություն։ Սա 25 անգամ գերազանցում է ընկերության նախորդ՝ մեկ գիգաբիթանոց օպտիկամանրաթելային ցանցի հնարավորությունները։
Այն ժամանակ ներդրման նպատակահարմարությունը հարցեր էր առաջացնում ընկերության տեխնիկական թիմում և գործընկերների մոտ։ «Ինչքան նոր, ինչքան ավելի զարգացած տեխնոլոգիա ես կիրառում, այդքան ավելի թանկ է»,- ասել է Բարսեղյանը։ «Այսօրվա փորձը մեզ ցույց տվեց, որ ունի այդ իմաստը»։
Ըստ Բարսեղյանի՝ ցանցի որակը նաև մեծացրել է միջազգային գործընկերների վստահությունը։
Team-ը նաև Հրազդանում գործող Firebird-ի արհեստական բանականության գործարանի հիմնական ինտերնետ մատակարարն է։ Գործարանի 500 մլն դոլար արժողությամբ առաջին փուլը գործարկվել է օգոստոսին։ Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը նաև Team Group-ի համահիմնադիրն է։
Գործարանի աշխատանքը մեծապես կախված է միջազգային կապից։ Եսայանի խոսքով՝ հաճախորդների 95–97%-ը Հայաստանից դուրս է։
Բարսեղյանի խոսքով՝ Firebird-ը Team-ին ընտրելիս հաշվի է առել, թե քանի սահմանային անցում և որքան միջազգային փոխկապակցվածություն ունի ընկերությունը։ Team-ը գործարանին ինտերնետ է մատակարարում չորս լիովին անկախ ուղիներով։ Այդ ուղիների մալուխները ոչ մի կետում չեն հատվում։ Պայմանագրով ընկերությունը ստանձնել է 99.999% հասանելիության պարտավորություն, որը Բարսեղյանն անվանում է աշխարհում ռեկորդային։
Տվյալները մնում են Հայաստանում
Բարսեղյանի խոսքով՝ նույն ենթակառուցվածքը փոխում է նաև տվյալների պահպանման մոտեցումները։ Ժամանակին շատերը կասկածանքով էին վերաբերվում սերվերները Հայաստանում տեղադրելուն և դրանք պահում էին Եվրոպայում։ Սակայն հաշվի չէին առնում, որ Եվրոպայի հետ կապը խզվելու դեպքում կկորցնեն նաև իրենց տեղեկատվության հասանելիությունը։
«Այսօր արդեն և՛ մեր հասարակությունը, և՛ պետությունը, և՛ բիզնեսը եկել են այն հասկացման, որ ավելի լավ է պահել այդ պահոցները Հայաստանում»,- ասել է նա։
Բարսեղյանն ավելի քան 20 տարվա փորձ ունի հեռահաղորդակցության ոլորտում։ Ընկերության հիմնադրման օրվանից նա Team-ի գլխավոր տնօրենի տեղակալն էր։ Պաշտոնում նա փոխարինել է Հայկ Եսայանին, որն այժմ ղեկավարում է Team Group-ը։
Ըստ Բարսեղյանի՝ ընկերությունն ունի 1 մլն բջջային կապի բաժանորդ։ Նպատակը 5G ծածկույթը բնակչության ավելի քան 90%-ին հասցնելն է։ Աշխատանքների հիմնական մասը նախատեսվում է ավարտել 2027-ին։












